Մուսլիմ Մուհամեդ օղլու Մագոմաև (ադրբ.՝ Müslüm Məhəmməd oğlu Maqomayev, սեպտեմբերի 18, 1885, Գրոզնի - հուլիսի 28, 1937, Նալչիկ), ադրբեջանցի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Համարվում է ադրբեջանական երաժշտական թատրոնի ստեղծողներից։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի պապն է։
1920-1930-ական թվականներին եղել է Ադրբեջանի լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, գլխավոր դիրիժոր։ Առաջիններից էր, որ զուգորդեց ադրբեջանական ժողովրդական երգարվեստը և եվրոպական երաժշտական ձևերը։ Հաջիբեկովի հետ կազմել և հրատարակել է ադրբեջանական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն (1927)։ Ստեղծագործություններից են՝ «Շահ Իսմայիլ» (1916, բեմադրվել է 1919, Բաքու), «Նարգիզ» (1935, Բաքու) օպերաները, սիմֆոնիկ երկեր՝ «Ադրբեջանի դաշտերում», «Ազատագրված ադրբեջանուհու պարը», ադրբեջանական ժողովրդական երգերի մշակումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի«Մագոմաեվ Աբդուլ Մուսլիս Մուհամեդովիչ» հոդվածից (հ․ 7, էջ 122 )։