Մուշի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշի ճակատամարտ
Արմինիայի ապստամբություն (850-855)
Թվական 851 թվական
Վայր Մուշ
Արդյունք Արմինիա կուսակալության հաղթանակ
Հակառակորդներ
Արմինիա կուսակալություն Արաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Բագարատ Բագրատունի Մուսա իբն-Զուրարի
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ

Մուշի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 851 թվականին Մուշ քաղաքի մոտակայքում։ Հայոց կողմի հրամանատարն էր Բագարատ Բագրատունին, իսկ արաբական կողմինը՝ զորավար Մուս իբն-Զուրարին։ Այս ճակատամարտում հայերը հաղթանակ են տարել[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

847 թվականին Բաղդադում գահ է բարձրանում Մութավաքիլ խալիֆը, որը հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ՝ 849 թվականին ուղարկվում է Աբուսեթ (արաբ․՝ أبو سيد‎‎) ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ Թովմա Արծրունին վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի իշխանաց իշխան Բագարատին ու Վասպուրականի գահերեց իշխան Աշոտին, որոնք հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։

Բագրատունիների դրոշ

Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չի ներկայանում ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան է ուղարկում հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված է լինում դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրում է երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը։

Ալա-Ծովափիի ավազակախմբերի նորանոր ասպատակություններին չդիմալանով՝ հայոց իշխան Աշոտ Արծրունին զենքի է դիմում։ Հայկական և արաբական զորամասերը բախվում են Արճուճ կոչվող վայրում։ Հայոց իշխանն իր հանկարծակի հարձակումով կարողանում է հաղթել արաբներին։ Այս ճակատամարտից հետո արաբները Մուսա իբն-Զուրարիի գլխավորությամբ շարունակում էին շրջել Հայաստանում։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբ Մուսա իբն-Զուրարի զորավարը սկսում է պատրաստվել հայկական հարձակումների դիմակայելուն՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպելով։

Նույն այդ ժամանակ մեծ պատերազմ էր Բագարատի և Մուսեի միջև։ Մուսեն զորք գումարեց` արքունի հարկերը հավաքելու պատրվակով և մտավ Տարոն երկիրը, որպեսզի պատերազմի Բագարատի դեմ։ Հավաքելով իր զորքի ամբողջ բազմությունը` եկավ բանակեց Հայոց իշխանի ձմեռոցի մոտ։ Ապա զորակարգ ընդունեց, ճակատ հարդարեց և ներսից փակեց ամբողջ դաշտաձև հովիտը։ Զինավառվեցին և ամեն տեսակ պատրաստություններ տեսան հայոց զորքի դեմ։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Հայոց իշխան Բագարատ Բագրատունին օգնության է դիմում իր քեռորդուն՝ Աշոտ Արծրունուն, որը սկսում է համախմբել Վասպուրականի նախարարական ուժերը։

Երբ Հայոց իշխանը տեսավ, որ արաբների զորքը գալիս է պատրաստությամբ, իսկ իրենք սակավաթիվ են, փութապես աղերսագիր ուղարկեց քաջարի Աշոտ իշխանին, որպեսզի, եթե հնար լինի, անձամբ զորքով ու զենքով արագ օգնության հասնի իրեն…
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Բավարար ուժեր հավաքելով՝ հայոց իշխան Աշոտը և նրա եղբայրներ Գուրգենն ու Գրիգորն իրենց զորագնդերով, ինչպես նաև Արծրունիների տոհմից այլ իշխաններ գալիս են Բագարատին օգնության։

Փութապես, առանց հապաղելու յուրաքանչյուրն այնտեղ հասավ իր զորքով` իշխան Աշոտը և իր եղբայրներ Գուրգենն ու Գրիգորն իրենց զորագնդերով, Արծրունյաց տոհմից նաև Վահանը, Վասակը, Մուշեղը, Ապուպելջը, Գուրգենը, Վասակը, Ապուջափրը, Մուշեղը, Ապումայան, Վասակը, Վահանը, Համազասպը, Գրիգորի որդի Վասակը, Ապումգդեմը, Մեհրուժանը, Գրիգորը։ Բոլոր այս 16 այրերը իրենց զորքով Արծրունյաց տոհմից էին։ Իսկ Բագրատունյաց տոհմից` Թոռնիկի որդին իր զորքով, Ամատունյաց տոհմից` Շապուհն իր ութ ազգականներով ու իրենց զորքով, Գնունյաց տոհմից` Հազրի որդի Գրիգորն իր վեց ազգականներով և իրենց զորքով, Ընտրունյաց տոհմից` Արտա- վազդը` 7 ազգականներով ու իրենց զորքով, նաև Վասպուրականի իշխանի նախարարներից ուրիշներ` Սմբատ Ապահունին, Գրիգոր Քաջբբերունին, Վահան Հավնունին, Դավիթ սեպուհը, Գազրիկ(յան) Ապուհարազը, Թոդորոս Վարազխը, Խոսրով Վահևունին, Խոսրով Ակեացին, Վարդան Գաբայեղենը, Սմբատ Մարացյանը, ինչ-որ Սահակ Սեպուհ, Պատրիկ Անձևացին, Գևորգ Հարմացին, Դավիթ զորապետը և շատերն ազատ տներից։ Յուրաքանչյուրն իր զորքով շարժվեց այստեղ։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Հայոց իշխան Բագարատը, տեղեկալով, որ նախարարների մեծ մասը մի քանի օրերի ընթացքում զորամասերով միանալու են ապստամբությանը, սկսում է նախապատրաստական աշխատանքները։ Այս ընթացքում արաբական բանակը կարողանում է մոտենալ և բանակ դնել Մուշի մոտակայքում, որի պատճառով հայերին օգնության եկող զորամասերի հաղորդակցության ուղիները հայտնվում են վտանգի տակ։ Ստեղծված դրության մեջ Բագարատ Բագրատունին որոշում է արաբների վրա գրոհել, երբ Վասպուրականից եկող ուժերն արդեն մարտադաշտին բավականին մոտ կլինեն։

Բագարատը մարտը սկսում է այրուձիու զորամասերի գրոհով, սակայն Մուսան կարողանում է արաբական զորամասերը դասավորել մարտակարգով։ Մարտի դաշտում, օգտագործելով քանակական գերազանցությունը, արաբները կարողանում են կասեցնել հայկական զորամասերի գրոհը, որից հետո արաբ զորավարն իր ամբողջ պահեստազորը տանում է հակագրոհի։

Զորքերը կռվում էին արդեն միմյանց դեմ, հնչում էին փողերը, ծածանվում դրոշները, գոռում գոչում էին վահանավորները ու նիզակավորները, այրուձին այս ու այն կողմ էր նետվում, ախոյանները հարձակվում էին, կապարճակիրները նետեր էին տեղում։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Այս իրավիճակում, երբ արաբ զորավարն իրեն արդեն հաղթող էր համարում, հայերին օգնության է գալիս Աշոտ Արծրունին, իսկ քիչ անց՝ Վասպուրականի ամբողջ զորքը, որոնք հայտնվում են արաբների հեծելազորի թիկունքում։

Միանգամից, հախուռն ու հանդուգն հարձակմամբ դիմեցին այլազգիների վրա, միմյանց ընդհարվեցին և յուրաքանչյուր այր գետին գլորեց իր ախոյանին։ Աշոտ իշխանն աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, ինչ-որ մեկը հարվածեց իր զորականներին։ Նա գոչեց առյուծաբար և հարձակվեց ընտիր այրուձիի վրա, ջարդեց նրա աջ թևը, ապա հարձակվեց ձախի վրա։ Բոլորին սրի ճարակ դարձրին։ Խիզախեցին, որպես կտրիճներ, ձայնեցին ինչպես արծիվներ ու առյուծի կորյուններ և վրա հասան ու պատառոտեցին որսը։ Հույժ հանդուգն հարձակման հետևանքով ավելի շատ սպանեցին ձիերի սմբակների տակ դիաթավալ անելով, քան սրով։ Թշնամիների կողմից չգտնվեց մեկը, որ ի զորու լիներ ընդդիմակայել նրանց։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Աշոտ Արծրունին իր զորամասերի գրոհի միջոցով կարողանում է պարտության մատնել արաբական բանակի աջ թևին։ Կենտրոնական հատվածը գտնվում էր Բագարատ Բագրատունու հրամանատարության ներքո, որի պատճառով Աշոտ իշխանն օգնության է շտապում հայոց աջ թևին։ Կարճատև դիմադրությունից հետո արաբական զորամասերը նահանջում են դեպի մարտադաշտի եզրի անտառը, որտեղ մարտակարգը չի հաջողվում վերականգնել։ Արաբների նահանջը շարունակվում է մինչև Բաղեշ։

Մուշի մոտակայքում տարած հաղթանակից հետո Բագարատի զորամասերը պաշարում են և պատրաստվում Բաղեշի գրոհին, երբ պաշարումը դադարեցնելու խնդրանքով Բագարատին է դիմում նրա քույրը։

(Հայ) իշխանները հետապնդեցին նրանց, ովքեր փախել ընկել էին (Բաղեշի) ամրոցը։ Ապա պաշարեցին քաղաքը ու ամրոցը, մինչև որ այնտեղից դուրս եկավ հետիոտն ու հեծեծող մի տիկին և (խնդրեց) բավականանալ կատարած քաջությամբ, որով աստված օժտել էր Աշոտին։ Համոզեց ու պաշարումից ազատ արձակեցին նրանց, որովհետև Բագարատի քույրն էր։ Հայոց զորքը հաջողությամբ ավարտեց պատերազմը և վերադարձավ մեծ հաղթությամբ։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆն (արաբ․՝ يوسف‎‎), Ատրպատականից մտնելով Հայաստան, կանգ է առնում Արծրունիների կարևորագույն բերդերից մեկի՝ Ադամակերտի մատույցների մոտ։ Նա տարածվում է Վասպուրականում, ապա իր մոտ է կանչում Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալում է Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում Բաղդադ։

Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվում են արաբների վրա ու հաղթանական տանում։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվում է մի սասունցի երիտասարդի կողմից։ Այս դեպքերը իրենց արձագանքն են գտել հայ բանահյուսության մեջ և ստեղծվել է «Սասնա ծռեր» էպոսը։ Այդ միջադեպից հետո արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվում է նաև Արմինիայի մյուս երկրներում (Վիրք, Աղվանք

852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժում է Տարոն։ Այնուհետև ձերբակալում է ապստամբության ղեկավար խշխաններին, սպանում բնակչության որոշ մասին, և մյուսներին գերի վերցնում։ Նույն կերպ վարվում է ապստամբած Վասպուրականի տերերի հետ, սակայն անկարող է լինում ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին դիմադրել։ 853 թվականի գարնանը Բուղան ավերում է Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը, սակայն այստեղ լեռնականների կողմից սպանվում է։ Բուղան նույն ճակատագրին է արժանանում Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ պայքարում էին նրա դեմ։

855 թվականին Բուղան հետ կանչվում, որը հատկապես ձախողվել էր Վասպուրականում՝ գահերեց իշխան Աշոտի ու նրա եղբայր Գուրգենի կողմից և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 173–180.
  2. «850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.