Մորիսկների արտաքսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մորիսկների արտաքսումը Դենիա նավահանգստից», նկարիչ՝ Վիսենտե Մոստրե
«Մորիսկների նավ բարձրանալը Վալենսիայում», նկարիչ՝ Պերե Օրոմիգ
«Մորիսկների ափ դուրս գալը Օռանի նավահանգստում», նկարիչ՝ Վինսենտ Մեստրե (1613 թվական)

Մորիսկների արտաքսում, (իսպ.՝ Expulsión de los moriscos, նաև՝ Մավրերի արտաքսում), Պիրենեյան թերակղզուց, մասնավորապես՝ իսպանական տարածքներից մուսուլմանների մասսայական տեղահանություն և արտաքսում, որն իրականացվել է Ֆիլիպ III թագավորի հրամանով 1609 թվականի ապրիլի 9-ից մինչև 1614 թվականը։ Տեղահանության թիրախն էին հանդիսանում իսլամադավան մորիսկները, որոնք պաշտոնապես քրիստոնեություն էին ընդունել դեռևս 16-րդ դարի սկզբին։ Արտաքսման գործողությունը այդ ժամանակի մասշտաբներով կազմակերպված էր մանրամասն կերպով։ Նույնիսկ ժամանակի գրանցամատյաններում պահպանվել են հստակ տեղեկություններ։ 319 հազար գրանցված մորիսկներից արտաքսման են ենթարկվել շուրջ 275 հազարը (այլ տվյալներով՝ 300 հազար[1], իսկ արդեն մինչև 1650 թվականը Իսպանիայից հեռացել է մինչև 440 հազար մարդ[2]) կամ երկրի բնակչության 4 %-ը[3]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական քրիստոնյա մորիսկների Ալպուհարյան ապստամբությունը (1568-1571) իշխանություններին ու ընդհանրապես, Իսպանիայի ամբողջ քրիստոնեական բնակչությանը կասկածի տակ դնել նրանց քաղաքացիական հավատարմությունը, հատկապես, որ այդ ժամանակներում թուրքական ու մուսուլման ծովահենները մշտապես հարձակումներ էին իրականացնում իսպանական Լեվանտի վրա։ Ֆիլիպ III թագավորը 1600 թվականին հրապարակեց թագավորական հուշագիր, որի համաձայն սոցիալական կարգավիճակի որոշման հարցում արյան մաքրությունը («la pureza de sangre») բարձր էր դասվում ընտանիքի ազնվականության մակարդակից։ Մավրիտանական բնակչության մնացորդները սկսեցին ընկալվել որպես ամբողջ ազգի արյան մաքրության համար վտանգ հանդիսացող տարր։ Մորիսկներին նաև կասկածում էին գաղտնի կերպով իսլամ դավանելու մեջ և չէին ընդունում նաև նրանց կողմից արաբական մշակույթն ու լեզուն պահպանելու համար։ Օրինակ, որպես իսլամին գաղտնի կերպոով դավանելու ապացույց ներկայացվում էր մորիսկների՝ քահանա կամ վանական դառնալու ցանկության բացակայությունը։ Հատկանշական է, որ կաթոլիկ եկեղեցում քահանաներին ու վանականներին արգելվում էր ընտանիք և երեխաներ ունենալ։ Այսպիսով մորիսկների թվաքանակն աճում էր ավելի արագ, քան «հին քրիստոնյաներինը»։ Ի տարբերություն թագավորական իշխանությունների, կաթոլիկ եկեղեցու և քրիստոնյա գյուղացիության՝ քրիստոնյա ֆեոդալները հաճախ տեղահանությանը դեմ էին հանդես գալիս, քանի որ այն կախյալ գյուղացիների թվաքանակը նվազեցնում էր և հարվածի տակ էր դնում եկամտաբերությունը։

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տեղահանության գործընթացի համար սահմանված կանոնակարգի՝ մորիսկներին թույլատրվում էր իրենց հետ տանել միայն շարժական ունեցվածքը։ Նրանց պատկանող անշարժ գույքը բռնագրավվում էր իրենց ֆեոդալի կողմից։ Նավերում մորիսկներից տեղափոխության համար վճար էին վերցնում։

Այն բնակավայրերում, որոնց բնակչության մեծամասնությունը մորիսկներ էին, ըստ ցանկության, 6-ից 100 ընտանիք կարող էր մնալ, որպեսզի պահպաներ ենթակառուցվածքները։ Առաջարկվում էր մինչև 4 տարեկան երեխաներին դաստիարակության նպատակով հանձնել քրիստոնյաներին։ Գործնականում այդ առաջարկի ընդունման որևէ դեպք տեղի չունեցավ։ Ավելի ուշ թույլատրվեց Իսպանիայում մնալ մինչև 16 տարեկան բոլոր մորիսկներին։ Ընդհանուր առմամբ, նրանցից 44 հազարը որոշակի ձևերով կարողացավ խուսափել արտաքսումից (հիմնականում Կաստիլիայում)[4]։

Տարանցում և նպատակակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 150 հազար մորիսկներ ուղարկվում են Մարսել քաղաքի նավահանգիստ (Ֆրանսիա)։ Տեղահանվածների մեծ մասը (70-75 %) վաղ թե ուշ բնակություն հաստատեց Մաղրիբի երկրներում, որտեղ կրկին ընդունեց իսլամ։ Ժամանակակից Մարոկկոյի տարածքում՝ Բոու Ռեգրեգ գետի ափին նրանք հիմնեցին Սալեյի հանրապետություն (1627-1641)[5]։ Մորիսկների որոշ մասը, ցանկանալով մնալ քրիստոնյաներ, նախընտրեցին բնակություն հաստատել Պրովանսում (40 հազար), Լիվոռնո քաղաքում (Իտալիա) կամ նվաճված Ամերիկայում։

Գրանադայի ամիրայության անկումից ավելի քան 100 տարի անց բազմաթիվ մորիսկներ արդեն հասցրել էին տեղափոխվել Ամերիկայի իսպանական և պորտուգալական գաղութներ կամ ձուլվել թերակղզու բնակչությանը, ինչի մասին ապացուցում են ժամանակակից իսպանացիների գենետիկայի հետազոտության տվյալները։ Նրանց մեջ հյուսիսաֆրիկյան գեների պարունակությունը տատանվում է 0-ից մինչև 18 %-ի սահմաններում)։ Միջինում ժամանակակից իսպանացիների 3 %-ի մոտ կարելի է հայտնաբերել աֆրիկյան խառնուրդներ[6]։ Համաձայն մեկ այլ հետազոտության, որը կատարվել է 2008 թվականին, Պիրենեյան թերակղզում բնակվող մորիսկների ու հրեաների մեծ մասը հասցրել է լուծվել ընդհանուր իսպանական բնակչության մեջ նախքան «զտարյուն» հրեաների ու մորիսկների պաշտոնապես արտաքսումը։ Այսպես, հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընտրանքի մասնակցիների 20 %-ի մոտ հայտնաբերվել են հրեական, 11 %-ի մոտ մավրիտանյան գեներ[7]։

Արդյունքներ և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1619 թվականի մարդահամարի տվյալների՝ տեղափոխության է ենթարկվել 272 հազար մարդ (ընդհանուր թվի 85 %-ը), ինչը կազմել է Իսպանիայի բնակչության 4 %-ը։ Այնուամենայնիվ, իրականում արտաքսվածների թվաքանակը հինգ անգամ փոքր է եղել, քան 1598-1602 թվականներին տարածված ժանտախտի համաճարակից մահացածների թվաքանակը։ Այդ իսկ պատճառով հաշվառողներն ու պաշտոնյաները այն եզրակացությանն էին եկել, որ տեղահանությունը երկրի մասշտաբով որևէ վնաս չի հասցնի։ Մորիսկներով խիտ բնակեցված մի շարք վայրերում նրանց արտաքսումն ամեն դեպքում նվազեցրեց քրիստոնյա հողատերերի եկամուտները։ Այդպեսի վայրերից էին հանդիսանում Վալենսիան, Սարագոսան, Տառագոնան և այլն[8][9]։ Մորիսկների արտաքսման հետևանքով Գրանադայի բազմաթիվ շրջաններ երկար ժամանակով զրկվեցին բնակչությունից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кофман Андрей Федорович. Рыцари Нового Света. Силы конкистадоров.(ռուս.)
  2. Массимо Ливи Баччи 5. СИСТЕМЫ. Миграция // Демографическая история Европы: [пер. с итал. Становление Европы]. — Alexandria, 2010, 2010. — 298 с. — ISBN 590344511X, 9785903445110(ռուս.)
  3. [«The decline of Spain, J.P.SOMMERVILLE.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. The decline of Spain, J.P.SOMMERVILLE.(անգլ.)]
  4. «Իսպանական խրոնիկոն։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. МОРИСКИ(չաշխատող հղում)(ռուս.)
  6. African female heritage in Iberia: a reassessment of mtDNA lineage … — PubMed — NCBI
  7. Gene Test Shows Spain’s Jewish and Muslim Mix — The New York Times.(անգլ.)
  8. Historiana.(անգլ.)
  9. Изгнание мавров из Испании(չաշխատող հղում) // oficery.ru(ռուս.)