Մոսկովսկայա (հյուրանոց, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկովսկայա
Տեսակհյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1896
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

«Մոսկովսկայա» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Московская», նախկին «Բոլշայա Մոսկովսկայա», ռուս.՝ «Большая Московская»), հյուրանոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցում (տուն 62)։ Հյուրանոցի շենքը կառուցվել է 1893-1896 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի նախագծով և Նիկոլայ Դուրբախի մասնակցությամբ[1]։ Ներկայում հյուրանոցը փակ է, նախատեսվում է վերակառուցում[2]։ «Մոսկովսկայա» հյուրանոցի շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի պատկերը հին բացիկին

19-րդ դարի կեսերին Հնդկաստանում ապրող հայկական ծագումով վաճառական Մարես Բաբաջանյանը բարեգործական նպատակով Նոր Նախիջևան քաղաքին է նվիրել իր ունեցվածքի մի մասը։ 1860 թվականին գրող և հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը իր «Հյուսիսափայլ» ամսագրում գրել է հոդված, որտեղ նախիջևանցիներին կոչ է արել այդ նվերը ձեռք բերելու համար միջոցներ ձեռնարկել։ Նոր Նախիջևանի քաղաքային դումայում առաջարկել են, որ գումարը ստանալու հարցով զբաղվի ինքը՝ Նալբանդյանը։ 1861 թվականի սեպտեմբերին նա շահել է դատը Կալկաթայում և ստացել գումարը[4]։

Այդ միջոցներով «Աղքատ հայերի Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը» որոշել է Դոնի Ռոստովի գլխավոր փողոցում կառուցել հյուրանոց։ Նախագծի հեղինակն էր հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Նիկանորովիչ Պոմերանցևը, որը դրանից առաջ Ռոստովում արդեն կառուցել էր վաճառական Գենչ-Օղլուևի տունը։ Կառուցմանն ակտիվորեն մասնակցել էր նաև նախիջևանցի և ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախը[1]։ Շենքի շինարարությունը սկսվել է 1893 թվականին, իսկ 1896 թվականին հյուրանոցը բացվել է[4]։

Ընդհանուր առմամբ, հյուրանոցի շինարարության համար ծախսվել է ավելի քան 400 հազար ռուբլի, ինչը զգալիորեն գերազանցել է նախահաշիվը։ Դրա համար «Աղքատ հայերի Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը» բազմիցս քննադատության է ենթարկվել, բայց հոգաբարձության ներկայացուցիչները պատասխանում էին, որ ծախսերը շուտով պետք է ծածկվեն. շենքը 11 տարով վարձակալել էր հույն Խառլամպի Վլադոսը, որը պարտավորվել էր տարեկան 34 հազար ռուբլի վճարել։ Սակայն հյուրանոցի բացումից անմիջապես հետո Խառլամպի Վլադոսը սնանկացել է, և նրա գույքը վաճառվել է աճուրդով։ Արդյունքում ընկերության հոգաբարձուները վնասներ են կրել։ Սակայն չնայած դրան «Բոլշայա Մոսկովսկայա» հյուրանոցը շուտով դարձել է քաղաքի ամենաթանկ և հարմարավետ հյուրանոցներից մեկը։ Հյուրանոցում կար 60 համար «մեկ ռուբլի և ավելի թանկ» արժեքով։ Շենքի տարածքները վարձակալել էին նաև տարբեր կազմակերպություններ, որոնց թվում էին «Չախիրով և ընկ.» բանկիրների տունը, Բրոդսկու երաժշտական առևտուրը, Զինգերի կարի մեքենաների խանութը, Դ. Ի. Ֆիլիպովի հրուշակեղենի խանութը և սրճարանը[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հյուրանոցի շենքը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն մինչև 1960 թվականը վերականգնվել է[5]։ 2000-ական թվականների կեսերին հյուրանոցը փակվել է, իսկ շենքում տեղակայվել են գրասենյակներ[6]։ 2007 թվականի հունիսի 1-ին այնտեղ հրդեհ է բռնկվել[7], որից հետո շենքը դադարել է շահագործվել[2]։ 2013 թվականի սկզբին շենքը վատ վիճակում էր։ Նախատեսվում է վերակառուցել շենքը՝ հարկերի քանակի ավելացումով։ Ենթադրվում է, որ վերակառուցման ավարտից հետո «Մոսկովսկայան» կդառնա հինգաստղանի հյուրանոց[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի չորսհարկանի շենքը կառուցվել է էկլեկտիզմի ոգով։ Համաչափ ճակատը բաժանված է ուղղահայաց հինգ մասի։ Կենտրոնական մասում սկզբնապես եղել է մեծ պատշգամբ-հովար, որը ծածկել է գլխավոր մուտքի մոտի (այժմ կորսված է) մայթի ամբողջ լայնությունը։ Երրորդ և չորրորդ հարկերը ճակատի կենտրոնում միացված են սյունավոր անդաստակով և կորնթական օրդերի որմնասյուներով։ Ճակատն ավարտվում է կենտրոնական մասում ճակտոն ունեցող ատտիկոսով[1]։

Առաջին հարկը կոպտատաշված է։ Պատուհանների չափը և ձևը տարբերվում են՝ կախված հարկից. առաջին հարկում մեծ ցուցափեղկեր են, երկրորդ և երրորդ հարկերում ուղղանկյունաձև պատուհաններ են, իսկ վերջին հարկում՝ կիսաշրջանաձև ավարտով պատուհաններ։ Լուսամուտատեղերի ձևավորումը նույնպես տարբեր է. երկրորդ հարկում դրանք փոքր ճակտոններ են, երրորդում՝ կենտրոնում քիվեր և փոքր ճակտոններ ճակատի կողային մասերում, իսկ չորրորդ հարկում կամարաձև ձևավորում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 1999. — С. 60—62. — ISBN 5-8456-0433-8
  2. 2,0 2,1 2,2 Анастасия Быченкова (2013 թ․ մայիսի 14). «В Ростове из разрушающейся гостинцы «Московская» сделают 5-звездочный отель». donnews.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 63—65.
  5. «100 мест: Индийское наследство». werawolw.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Пётр Сергеев, Оксана Антипова, Людмила Хаджамова РО в районах // Ростов официальный. — 2006. — № 11 (590).
  7. «В Ростове-на-Дону загорелась гостиница "Московская"». Российская газета. 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.