Մոնրեալյան դավադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջադեպի ֆիքսված պահը. հանդիպման մրցավար Էրլ Հեբները Վինս Մաքմահոնի հրահանգով հնչեցնում է գոնգը և արձանագրում Շոն Մայքլզի հաղթանակը` չնայած Բրեթ Հարթի չհանձվելուն

«Մոնրեալյան դավադրություն» (անգլ.՝ Montreal Screwjob, հայտնի նաև որպես Մոնրեալյան միջադեպ (Montreal Incident)), 1997 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) իրական միջադեպ, որի ժամանակ «World Wrestling Federation» (այժմ՝ «World Wrestling Entertainment», «WWE») կազմակերպության նախագահ Վինսենթ Քենեդի Մաքմահոնի և այլ աշխատակիցների կողմից գաղտնի և վիճահարույց կերպով փոխվում է «Survivor Series» ամենամյա փեյ-փեր-վյու իրադարձության շրջանակներում անցկացվող Բրեթ Հարթի և Շոն Մայքլզի մենամարտի՝ նախապես մշակված հանգուցալուծումը։ Փոփոխված հանգուցալուծման արդյունքում գործող WWF չեմպիոն Հարթը կորցնում է տիտղոսը։ Լայն շրջանակներում միջադեպը դիտարկվում է որպես Բրեթ Հարթի հանդեպ կատարած դավադրություն։ Հարթը ով այդ պահին ընկերությունում հանդես եկող ռինգային վետերաններից էր, ինչպես նաև իր ժամանակի ամենահանրածանոթ մարզիկներից մեկը, միջադեպից հետո հեռանում է «WWF»-ից և նոր մարզական պայմանագիր կնքում ընկերության այն ժամանակվա մրցակից «World Championship Wrestling» (WCW) կազմակերպության հետ։

Հարթը նվաճել էր WWF տիտղոսը 1997 թվականի օգոստոսին` «SummerSlam» իրադարձության ժամանակ։ «Survivor Series» իրադարձությունից մեկ շաբաթ առաջ 1984 թվականից «WWF»-ի ակտիվ կազմում ընդգրկված Հարթը պայմանագիր է կնքում «WCW» ընկերության հետ, ըստ որի՝ նա պետք է այտնեղ ելույթ ունենար դեկտեմբեր ամսին։ Մաքմահոնը ջանում էր այնպես անել, որ Հարթը ընկերությունից դուրս չգար որպես WWF գործող չեմպիոն, սակայն վերջինս հրաժարվում էր հայրենի Կանադայում տիտղոսը զիջել Մայքլզին, ում հետ բավականին երկար տարիներ եղել էր թե՛ ռինգային և թե՛ իրական հակամարտության մեջ։ Որպես հիմնավորում, Հարթը առաջ էր քաշում նաև այն փաստը, որ մրցակիցն էլ էր ժամանակին խուսափել տիտղոսն իրեն զիջելուց («Ռեսլմանիա 13» շոուի ժամանակ)։ Սկզբնապես Մաքմահոնը, Մայքլզը և Հարթը համաձայնում են, որ մոնրեալյան մենամարտը կվերջանա որևէ կողմի որակազրկմամբ, ինչի դեպքում ըստ ռեստլինգի կանոնները գործող չեմպիոնը չի զրկվում տիտղոսից։ Հետագայում Հարթը պետք է կա՛մ զիջեր տիտղոսը, կամ էլ հրաժարվեր դրա կրումից։ Բուն մարդի ժամանակ Մայքլզը ներքնակի վրա գտնվող Հարթի հանդեպ կիրառում է իր իսկ շարփշութեր այցեքարտային հնարքը, ինչից անմիջապես հետո ռինգային տեղամասում գտնվող Մաքմահոնը հորդորում է մրցավար Էրլ Հեբներին հնչեցնել գոնգը և արձանագրել Մայքլզի հաղթանակը՝ չնայած Հարթը չէր հանձնվել։ Մայքլզն անմիջապես հայտարարվում է հանձնավեցնող հնարքի կիրառմամբ հանդիպման հաղթող և նոր WWF չեմպիոն։

Մոնրեալյան միջադեպն ունենում է չարահամբավ ընդունելություն արդյունաբերության սատարողների շրջանում և մասնակիորեն լուսաբանվում է Բրեթ Հարթի «Հիթմեն Հարթ. մենամարտելով ստվերների հետ» (1998) կենսավավերագրական ֆիլմում։ Միջադեպից հետո սկիզբ է դրվում «WWF»-ի «վերաբերմունքի ժամանակաշրջան» կոչվող սյուժետին, ինչպես նաև շարժառիթ է ծառայում Վինս Մաքմահոնի «Պարոն Մաքմահոն» կոչվող բացասական ռինգային կերպարին։ Ըստ որոշ վարկածների, միջադեպն իրական չի եղել և մշակվել է Մաքմահոնի և Հարթի կողմից։ Այնուամենայնիվ, Հարթի հեռանալուց տարին էր անց Մաքմահոնը և Մայքլզը մշտապես գտնվում էին երկրպագուների ստվար զանգվածի (հատկապես կանադացի) քննադատությունների կիզակետում։ Հետագայում Հարթը և Մաքմահոնը կարողանում են հաշտության եզրեր գտնել։ 2006 թվականի ապրիլի 1-ին Հարթն առաջադրվում է WWE փառքի սրահ։ «WWE Raw» հաղորդման 2010 թվականի հունվարի 4-ի թողարկման ժամանակ շուրջ 12 տարվա բացակայությունից հետո Հարթը վերադառնում է «WWE»-ի հեռուստատեսություն։ Շոուի ժամանակ Հարթը և Մայքլզն ունենում են երկար քննարկումներ մոնրեալյան միջադեպի, ինչպես նաև դրան նախորդած այլ տարաձայնությունների մասին, որից հետո որոշում են հաշտվել և գրկախառնվել[1][2]։ Հետագայում մարզիկները խոսում են միջադեպի մասին 2011 թվականին «WWE»-ի կողմից թողարկված «Հզորագույն հակամարտություններ. Շոն Մայքլզ և Բրեթ Հարթ» հաղորդման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակքոյ Հիթ։ «Վերադառնալով ռինգ. Հարթը վերջապես վերադառնում է»։ «Կալգարի սան»։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-03-29-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 11 
  2. Էք Քևին։ «ՀևՊ Շոն Մայքլզի հետ»։ «Բալթիմոր սան»։ Վերցված է 2010-04-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]