Միհրան Բաստանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1913 - 1958
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Միհրան Միհրանի Բաստանջյան (1913, Սուխում, Սուխումի օկրուգ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1958, Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (փետրվարի 22, 1944 թվական), կարմիրբանակային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Բաստանջյանը ծնվել է 1913 թվականին Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Սուխում քաղաքում (այժմ Աբխազիայի ինքնահռչակ և մասամբ ճանաչված հանրապետության մայրաքաղաքը)՝ աշխատավորի ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխատել գործարանում։

1941 թվականի վերջին կամավոր անդամագրվել է Կարմիր բանակի շարքերում, որի կազմում 1942 թվականից եղել է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կովկասի, Ուկրաինայի և Բելառուսի մարտերում, եղել Ստալինգրադի ճակատամարտի մասնակից։ Մարտերի ժամանակ ցուցաբերել է արիություն և հերոսություն։ Հատկապես աչքի է ընկել Դնեպրի ուժեղացման գործողության ժամանակ։ 1943 թվականի նոյեմբերի 26-ին Դնեպրով անցնելու ժամանակ 333-րդ Կարմրադրոշ Սինելնիկովյան դիվիզիայի 1118-րդ հրաձգային գնդի 1-ին հրաձգային գումարտակի մարտիկ շարքային Բաստանջյանը, ոչնչացնելով առաջնորդող պահակախումբը, սկսեց առաջ շարժվել։ Հակառակորդն անսպասելի անցավ հակագրոհի, սակայն չհուսահատվելով և խուճապի չմատնվելով՝ շարքայինը, գտնվելով գումարտակի ձախ թևում, կազմակերպեց թևի պաշտպանությունը՝ հետ մղելով թշնամու երեք հակագրոհ։ Այդ կերպ նա թույլ չտվեց թշնամուն մասնատել գումարտակը։

1943 թվականի նոյեմբերի 27-ին՝ գերմանական զորքերի հարձակման ժամանակ, Բաստանջյանը ստորաբաժանումում հակագրոհ սկսեց և հետ մղեց թշմանու առաջխաղացումը։ Ստորաբաժանման գործողությունների արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողեց ավելի քան 1000 սպանված զինվոր և սպա։

Պատերազմից հետո Միհրան Բաստանջյանը վերադարձավ Սուխումի, որտեղ 1958 թվականին՝ 45 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Բաստանջյանի զինվորական հմտությունները աննկատ չմնացին․ 1943 թվականի նոյեմբերի 30-ին զինվորական ղեկավարության առաջարկով շարքայինը ներկայացվեց պարգևատրման՝ Խորհրդային Միության բարձրագույն պարգևով:

1944 թվականի փետրվարի 22-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «ռազմաճակատում գերմանական ֆաշիստական ​​զավթիչների դեմ պայքարում հրամանատարական մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության ու հերոսության համար» շարքային Միհրան Միհրանի Բաստանջյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պարգևատրվելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (№ 3444)[1]։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Շքանշան «Ստալինգրադի պաշտպանության համար»[2]
  • այլ շքանշաններ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ереван, 2005. — 202 с. — ISBN 99930-4-342-7
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с. — ISBN 5-9676-0034-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]