Միասնական միջազգային օրենսդրական դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միասնական միջազգային օրենսդրական դաշտ, զբաղվում է եվրոպական և այլ առաջատար երկրների սահմանադրական և պետական համակարգի հարցերով։

Միասնական միջազգային օրենսդրական դաշտի ձևավորման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի երկրորդ կեսին բնորոշ էին աշխարհի առաջատար մի շարք երկրների սահմանադրական և պետական համակարգի փոփոխությունները։ Սահմանադրական իրավունքի զարգացման ընդհանուր ուղղությունների վրա էական ազդեցություն ունեցան ժողովրդավարացման գործընթացները։ 1946–1947 թվականներին նոր սահմանադրություններ ընդունվեցին Իտալիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում, իսկ 1949 թվականին՝ ԳԴՀ-ում։ «Կարմիր մեխակների» հեղափոխությունից հետո նոր սահմանադրություն ընդունվեց նաև Պորտուգալիայում։ Իսպանիայում դիկտատոր Ֆրանկոյի մահից երեք տարի անց՝ 1978 թվականին, նույնպես ընդունվեց նոր սահմանադրություն։ Հունաստանում ռազմական խունտայի տապալումից հետո հաստատվեց ժողովրդավարական վարչակարգ և նույնպես ընդունվեց նոր սահմանադրություն։ Հետպատերազմյան շրջանի սահմանադրություններում տեղ գտան ժողովրդավարական պետությունների համար ավանդական դարձած քաղաքական ազատություններին վերաբերող դրույթները (խոսքի, միությունների, կրոնի ազատության, կանանց իրավահավասարության, անձի իրավունքների մասին և այլն)։ Ամրագրվեցին նաև նոր նորմեր ու իրավունքներ՝ աշխատանքի, հանգստի, գործադուլների, սոցիալական ապահովության և կրթության։ Նոր դրույթներ ձևակերպվեցին նաև պատերազմին ու խաղաղությանը առնչվող հարցերի վերաբերյալ։ Ֆրան­սիայի, ԳԴՀ–ի, Իտալիայի, Ճապոնիայի և այլ երկրների սահմանադրություններում պատերազմը դատապարտվում է որպես միջազգային վեճերի կարգավորման միջոց։ Իր սահմանադրությունում ձևակերպված դրույթի համաձայն՝ Ճապոնիան ընդհանրապես հրաժարվել է պատերազմից՝ որպես ազգային քաղաքականության միջոցի։ Արևմտյան Եվրոպայում տեղ գտած միասնացման գործընթացների հետ կապված՝ հետպատերազմյան տարիներին առաջացան պետությունների փոխներգործության նոր ձևեր։ Ստեղծվեցին վերազգային հաստատություններ՝ ի դեմս խորհրդատվական և իշխանական ասամբլեաների ու խորհրդարանների։ Այդ շարքում ամենավաղ ստեղծված մարմիններից է Եվրախորհուրդը (Եվրոպայի խորհուրդ), որ հիմնվել է 1949 թվականին։ Այն միջկառավարական խորհրդատվական–խորհրդակցական մարմին է, որի անդամ են 47 եվրոպական երկրներ։ Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող գլխավոր մարմինն է։ Յուրաքանչյուր անդամ պետություն Կոմիտեում ներկայացված է արտաքին գործերի նախարարով կամ իր կառավարության մշտական ներկայացուցչով (նախարաների պատվիրակներով)։ Եվրոպայի խորհրդի կազմում է գործում նաև Խորհրդարանական վեհաժողովը (ասամբլեան), որում ներկայացված են անդամ երկրների ազգային խորհրդարանների հիմնական քաղաքական հոսանքները ներկայացնող պատգամավորներն ու մարդու իրավունքների հանձնաժողովը։ Եվրոպայի խորհրդի նստավայրը գտնվում է Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրամիության շենքը Բրյուսելում

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ է (2001 թվականի հունվարի 25–ից), սակայն Եվրոպական միության անդամ չէ։ Վերջինիս հետ մեր երկիրն ունի «Գործընկերության և համագործակցության վերաբերյալ պայմանագիր» (կնքվել է 1996 թվականին, ուժի մեջ է մտել 1999 թվականից)։ 2004 թվականից սկսած՝ «Եվրոպա­կան հարևանության քաղաքականության» մասը կազմելով՝ մեր երկիրը 2005 թվական ԵՄ–ի հետ հաստատել է համապատասխան գործողությունների ծրագիր։

ՄԱԿ-ի շենքը Նյու-Յորքում

Եվրոպական հարևանության քաղաքականությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության ձևերից է, որի միջոցով այն հարաբերություններ է հաստատում ԵՄ–ից դեպի արևելք և հարավ ընկած երկրների հետ։ Այս խմբի մեջ մտնում են ինչպես ապագայում Եվրոպական միությանն անդամակցելու նպատակ հետապնդող երկրները, այնպես էլ նրանք, որոնք ձգտում են միասնացվել Եվրոպական միության տնտեսական համակարգում։ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում հանդես եկող երկրներին ԵՄ–ն ցուցաբերում է տնտեսական և ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ հիշյալ երկրները հետևեն եվրոպական չափանիշներին ու հետևողականորեն իրագործեն քաղաքական, տնտեսական, իրավական և կառուցվածքային բարեփոխումներ՝ կատարելագործելով իրենց կառավարման համակարգը։ Եվրոպական պետություններում նորմերի ստեղծման գործընթացների վրա էական ազդեցություն էին թողնում նաև նոր տիպի միջպետական կազմակերպությունների խորհրդատվական, ոչ պայմանագրային դրույթները։ Օրինակ՝ 1975 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունն (ԵԱՀԽ) ընդունեց եզրափակիչ ակտ, որը սահմանում էր նորմերի և էթիկական սկզբունքների լայն շրջանակ։ Այն պետք է գործողության ուղեցույց լիներ պետությունների միջև փոխհարաբերությունների համար։ Այդ փաստաթուղթը ստորագրեցին 33 եվրոպական պետություններ, ինչպես նաև ԱՄՆ–ը և Կանադան։ Խորհրդակցությունը դարձավ մշտական մարմին և 1991 թվականին վերանվանվեց Եվրոպայում անվտանգության և համագորակցության կազմակերպության (ԵԱՀԿ)։ Հետպատերազմյան տասնամյակների ընթացքում պետության իրավունքի զարգացման գործում կարևորագույն նշանակություն ձեռք բերեց միջազգային իրավունքը։ Այդ շարքում հատկապես կարևորվում են մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված միջազգային իրավական ակտերը։ Եթե պետությունը ստորագրում է մի այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է, օրինակ՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թվական), ապա այն վերազգային իրավական փաստաթղթի ուժ է ստանում։ Այսպիսով՝ հասարակության քաղաքական կառուցվածքի և պետական–սահմանադրական համակարգի զարգացումը, որտեղ գտավ արևմտաեվրոպական երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում և այլ երկրներում հետպատերազմյան տասնամյակների ընթացքում, արտացոլում է հասարակական կյանքի ժողովրդավարացման ու առողջացման ընդհանուր միտումը։