Մարսելի ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան ժանտախտի օրերի Մարսելից

Մարսելի ժանտախտ (ֆր.՝ Peste de Marseille), բուբոնային ժանտախտի համաճարակ 1720-1722 թվականներին Մարսել քաղաքում և Պրովանսի մի շարք բնակավայրերում։ Համաճարակի երկու տարվա ընթացքում զոհ են դարձել 100,000 մարդ՝ 50,000-ը քաղաքում, 50,000-ը Մարսելից հյուսիս ընկած շրջաններում և գյուղերում[1]։

Չնայած մահերի մեծ թվին, Մարսելը ժանտախտի համաճարակից բավականին արագ է վերականգնվել։ Քանի որ ժանտախտից հետո առևտուրն ընդլայնվել է Արևմտյան Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում, ապա տնտեսական գործունեությունը վերականգնելու համար պահանջվել է ընդամենը մի քանի տարի։ 1765 թվականին բնակչության քանակը վերադարձել է նախնական՝ 1720 թվականի մակարդակին։

Քաղաքը մինչև ժանտախտը[խմբագրել | խմբագրել կոդը]

1637 թվականին բժշկական հսկիչի տված տեղեկանք, որը հաստատում է, որ Ավինյոնում ժանտախտ չկա:

Մարսելի նավահանգստով կատարվում էր Միջերկրական ծովի (Լևանտ) և Հյուսիսային Աֆրիկայի արևելյան մասի երկրների հետ առևտրի հիմնական մասը։ Ժամանող ապրանքներն այնուհետև տարածվում էին ամբողջ Ֆրանսիայով մեկ։ Հին նավահանգստի մուտքի մոտ գործել է ոստիկանական հաստատություն, որը պատասխանատու էր սանիտարական հսկողության համար։ Լևանտից ժամանող նավերը կարանտինացվում էին Պոմե կղզում, որտեղ ստուգվում էին ապրանքները։ Մարդկանց անուշաբույր խոտաբույսերով ծխահարում էին[2]։

1580 թվականի ժանտախտի վերջում Մարսելի բնակիչները կտրուկ միջոցներ են ձեռնարկել՝ փորձելով վերահսկել հիվանդության հետագա տարածումը։ Մարսելի քաղաքային խորհուրդը ստեղծել է սանիտարական խորհուրդ, որի անդամները պետք է ընտրվեին քաղաքային խորհրդի, ինչպես նաև քաղաքի բժիշկներից։ Սանիտարական խորհուրդը կազմել է մի շարք առաջարկություններ՝ քաղաքի առողջությունը պահպանելու համար[3]։

Բացի քաղաքը արտաքին վտանգներից պաշտպանելուց, սանիտարական խորհուրդը ձգտել է կառուցել հասարակական ենթակառուցվածք։ Մարսելի առաջին պետական հիվանդանոցը նույնպես կառուցվել է այս ժամանակահատվածում, և նրան տրվել է բժիշկների և բուժքույրերի լիարժեք անձնակազմ։ Բացի այդ, սանիտարական խորհուրդը պատասխանատու էր տեղի բժիշկների հավատարմագրման համար։ Ապատեղեկատվության հսկայական քանակությունից ելնելով, որը տարածվում է ժանտախտի ժամանակ, սանիտարական խորհուրդը փորձել է քաղաքացիներին տալ վստահելի բժիշկների ցուցակը[1]։

Հիվանդության ներթափանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1720 թվականի մայիսի 25-ին Սիրիայից ժամանում է Ժան Բատիստ Շատոյին պատկանող «Գրան Սեն Անտուան» առևտրական նավը, որը ճանապարհին մտել էր Զմյուռնիա, Տրիպոլի և ժանտախտի համաճարակ տանող Կիպրոս։ Նավի վրա մահացել էին վեց մարդ՝ մեկ ուղևոր, մի քանի նավաստիներ և վիրաբույժը, բայց բժիշկները մահվան պատճառ համարել էին անորակ սննդի օգտագործումը։ Մարսել հասնելուց երկու օր անց մի մարդ ևս մահացել է նավի վրա, և նրա մահը նույնպես չեն վերագրել ժանտախտին։ Մարսելում նավահանգստի իշխանությունները անմիջապես կարանտին են մտցրել։ Քաղաքի հզոր առևտրականներին անհրաժեշտ էր նավի մետաքսե և բամբակյա բեռը` Բոկերի միջնադարյան մեծ տոնավաճառի համար և ճնշում գործադրելով իշխանությունների վրա` կարանտինից հանել են բեռը։ Հունիսին մահացել են ևս մի քանի մարդ, այդ թվում՝ մի քանի նավահանգստի աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ։ Քաղաքային իշխանությունները սկզբում փորձել են գաղտնի պահել, որ խուճապ չառաջանա և առևտուրը չտուժի։

Համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե պարսպի պահպանված հատված։

Հուլիսին մահացության դեպքերը սկսել են աճել, բռնկվել է համաճարակ։ Հոսպիտալները արագորեն լցվել են, և բնակիչները խուճապի են մատնվել, սկսել են հիվանդներին իրենց տներից և քաղաքից վտարել։ Փարիզից և Մոնպելյեից ժամանած բժիշկները հիվադությունը բուբոնային ժանտախտ են որակել։ Հուլիսի 31-ին Էկս-ան-Պրովանսի խորհրդարանը քաղաքը հայտարարել է կարանտինային գոտի՝ մահվան սպառնալիքով մարսելցիներին արգելվել է լքել քաղաքը, իսկ Պրովանսի բնակիչներին արգելվել է մուտք գործել քաղաք։ Ձերբակալվել է ժանտախտ բերած նավի սեփականատեր Ժան-Բատիստ Շատոն։ Նրան դատել են և դատապարտել մահվան։ Բայց չեն հասցրել դատավճիռը ի կատար ածել, քանի որ մինչ այդ նա Մարսելի բանտում մահացել է ժանտախտից։

Համաճարակն արագորեն տարածվել է ամբողջ քաղաքում, հիվանդները մահացել են վարակվելուց հետո երկուսից հինգ օրվա ընթացքում։ Համաճարակի սկզբումև գագաթնակետին ապաքինման ոչ մի դեպք չի գրանցվել, ապաքինումները սկսել են միայն համաճարակի ավարտին։ Իրավիճակը բարդացել է սննդի սղության, հանցագործությունների աճի և խռովությունների պատճառով։ Ֆրանսիացի պատմաբան Ժան Դելյումոն գրել է, որ «բնակչության շրջանում տարածվել են ամենատարբեր շռայլությունները, սանձարձակությունը և սարսափելի բարոյական անկումը»։ Հազարավոր դիակներ են հայտնվել փողոցներում[4]։ Դիակները հավաքելու համար իշխանությունները ներգրավել են 698 տաժանակիր աշխատանքի դատապարտվածների։

Անվտանգության նպատակով վարակված տարածքի շուրջը կառուցվել է երկու մետր բարձրությամբ և 70 սմ հաստությամբ քարե պարիսպ (ֆր.՝ Mur de la peste): Մահվան սպառնակիքով արգելվել է ելումուտը արգելափակված տարածքից[5][6]։

1721 թվականի հոկտեմբերից՝ համաճարակը անկում է ապրել, ինչը հանգեցրել է դեպքերի թվի նվազմանը և առողջացածների ավելացմանը։ Դեկտեմբերին համաճարակը դադարել է, չնայած առանձին դեպքեր նկատվել են անգամ 1722 թվականին։ Ըստ տարբեր գնահատականների՝ քաղաքի 90 հազար բնակչությունից մահացել է 40 հազարից մինչև 64 հազար մարդ։

Ժանտախտը տարածվեց Պրովանսի այլ շրջաններում։ 1720 թվականի հոկտեմբերին Էկս-ան-Պրովանս քաղաքում համաճարակ է սկսել և մինչև 1721 թվականի մարտը այնտեղ զոհվել է 18 հազար բնակիչ։ Հիվանդությունը 1720 թվականի նոյեմբերին հասել է Առլ և մինչև 1721 թվականի սեպտեմբերը մահացել է բնակիչների մոտ 43% -ը՝ 23 հազար բնակչությունից ավելի քան 10 հազար մարդ։ 1721 թվականի սկզբին ժանտախտը հասել է Տուլոն, որտեղ 26 հազար բնակիչներից մահացել 20 հազարը։

Արձագանք արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելի ժանտախտի լուրերը Եվրոպայում մտահոգություն են առաջացրել։ Անգլիան և Հոլանդիան դադարեցրել են առևտուրը Ֆրանսիայի հետ։ Միջերկրական ծովից եկող բոլոր նավերը կարանտինացվել են։ Նման միջոցներ ձեռնարկվել են նաև Պրուսիայում։ Շվեդիայում այրել են միջերկրածովյան երկրներից բերված բոլոր ապրանքները։

1720 թվականի սեպտեմբերին Փարիզում Ռուսաստանի դեսպանորդը Ֆրանսիայի ժանտախտի մասին տեղեկացրել է Ռուսաստանի իշխանություններին։ Պետրոս Առաջինը հրամայել է Ծովակալությանը և Կոմերց կոլեգիային սանիտարական ստուգման ենթարկել Ֆրանսիայից Ռիգա, Ռեվել և Արխանգելսկ ժամանող նավերը։ 1721 թվականին ֆրանսիական ցանկացած նավերի մուտքը Ռուսաստանի բոլոր նավահանգիստներ արգելվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Duchêne, Roger; Contrucci, Jean (2004), Marseille, 2,600 ans d'histoire (ֆրանսերեն), Fayard, ISBN 978-2-213-60197-7, Chapter 42, pages 360–378.
  2. Мишо К. Полицейское управление во Франции при Старом режиме // Неприкосновенный запас, 2005. № 4 (42).(չաշխատող հղում)
  3. Hildesheimer, Françoise (1980), Le Bureau de la santé de Marseille sous l'Ancien Régime. Le renfermement de la contagion, Fédération historique de Provence
  4. Делюмо Ж. Ужасы на Западе / Жан Делюмо; Пер. с франц. Епифанцева, Наталия Глебовна. — М.: Голос. 1994. — ISBN 5-7117-0113-4.
  5. Mur de la Peste // provencebeyond.com
  6. A propos de La Muraille de la Peste, de Daniele Larcena et al. // L’architecture vernaculaire, tome 17, 1993

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]