Մարի Կամարգո
Մարի Կամարգո ֆր.՝ Marie Anne de Camargo և ֆր.՝ Marie-Anne de Camargo | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1710[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել |
Մահացել է | ապրիլի 20, 1770[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | պարուհի, բալետի պարող և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ferdinand-Joseph de Cupis Camargo? |
Marie-Anne de Camargo Վիքիպահեստում |
Մարի Անն դե Կյուպի դե Կամարգո (ապրիլի 15, 1710[1][2][3][…], Բրյուսել - ապրիլի 20, 1770[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), երբեմն հայտնի նաև որպես Լա Կամարգո, ֆրանսուհի պարուհի։ Լինելով առաջին կինը, որը կատարել է քառաձև ցատկը, Կամարգոն ենթադրաբար պատասխանատու է նաև բալետի ևս երկու նորամուծությունների համար․ նա առաջին պարողներից մեկն էր, որ կրունկներով կոշիկների փոխարեն հողաթափեր է հագել, և, թեև ապացույց չկա, որ նա առաջինն է կրել ազդրի երկարությամբ բալետային կիսաշրջազգեստ, նա անկասկած օգնել է մեր օրերում արդեն սովորական դարձած բալետային տրիկոն/զուգագուլպաները տարածելուն։ Ասում են, որ նա նույնքան ուժեղ էր, որքան տղամարդ պարողները։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերդինանդ Ջոզեֆ դե Կուպիսի և Մարի-Անն դե Սմետի դուստր Կամարգոն ծնվել է 1710 թվականի ապրիլի 15-ին և նույն օրը մկրտվել Բրյուսելում։ Ունեցել է երկու կրտսեր եղբայր՝ Ժան-Բապտիստը, որը հետագայում դարձել է կոմպոզիտոր ու ջութակահար, և Ֆրանսուա Կյուպի դե Ռենուշարդը՝ կոմպոզիտոր և թավջութակահար, ինչպես նաև Մադլեն անունով մեկ քույր։
Նրա հայրը, որը իսպանական ծագում ուներ, վաստակում էր իր աղքատիկ ապրուստը որպես ջութակահար և պարուսույց, այսպիսով Մարին մանկուց պատրաստվում էր բեմի համար։ Տասը տարեկան հասակում նրան դասեր է տվել Փարիզի օպերայի այն ժամանակի առաջին պարուհի Ֆրանսուազա Պրևոն (1680–1741), Մարին միանգամից նշանակվել է առաջին պարուհի նախ Բրյուսելում, այնուհետև՝ Ռուանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում իր առաջին դեբյուտը կատարել է 1726 թվականի մայիսի 5-ին Փարիզի Օպերային բալետի Les Caractères de la Danse բեմադրության մեջ։ Պարերը բեմադրել էր իր ուսուցչուհի Ֆրանսուազա Պրևոն Ժան Ֆերի Ռեբելի երաժշտության ներքո։ Պրևոն ինքն էր մտահաղացել դերը, հետագայում իր հայտնի մենապարը սովորեցրել է ինչպես Կամարգոյին, այնպես էլ իր մյուս ուսանողուհի Մարի Սալլեին։ Կամարգոն զարմացրել է հանդիսատեսին իր ցնցող տեխնիկայով և աշխույժ էներգիայով՝ փայլուն կատարելով ցատկերը։ Նա դարձել է քառաձև ցատկը կատարած առաջին կինը, որն անմիջապես նորաձև է դարձել։ Ժողովրդականացրել է բալետի երկու նորամուծություն՝ կրունկներով կոշիկները փոխարինել է հողաթափերով, և առաջին պարուհիներից էր, որ կիսաշրջազգեստը կարճացրել է այնքան, որը հետագայում դարձել է ընդունված երկարություն։ Յուրաքանչյուր նորաձևություն կրում էր նրա անունը. մազերը հարդարելու նրա ձևը կրկնօրինակում էին արքունիքում բոլորը, իսկ նրա կոշկակարը (Կամարգոն փոքրիկ ոտքեր ուներ) իր համար հարստություն է դիզել։
Փարիզի օպերայում նրա աճող հեղինակությոնը շարժել է Պրևոյի նախանձը, որն իջեցրել է նրա պաշտոնը բալետում։ Սակայն բացակայող տղամարդ պարողի փոխարեն նրա դերը հանպատրաստից կատարելով՝ Կամարգոն նվաճել է իր տեղը որպես գլխավոր պարուհի։
Կամարգոն ունեցել է շատ տիտղոսավոր երկրպագուներ, որոնց նա գրեթե սնանկացնում էր իր շռայլություններով, այդ թվում՝ Կլերմոնի կոմս Լուի դե Բուրբոնը։ Վերջինիս ցանկությամբ 1736 թվականին նա հրաժարվել է բեմից ու վերսկսել իր պարային կարիերան 1741 թվականին՝ պարելով մինչև 1751 թվականը։ Բեմը վերջնականապես թողնելուց հետո ստացել է կենսաթոշակ կառավարության կողմից։
Կամարգոն հանդես է եկել 78 բալետում և միշտ հիացրել հանրությանը։ Նիկոլա Լանկրեն նկարել է իր հանրահայտ դիմանկարը, որի մի քանի տարբերակներ կան, ներառյալ Լոնդոնի կենտրոնում Ուոլասի հավաքածուի կազմում[4] և Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում գտնվող աշխատանքները։ Այդ նկարներում նա կրում է կրունկներով կոշիկներ։
Մարիուս Պետիպան ու կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսը ռուսական կայսերական բալետի համար ստեղծել են «Կամարգո» բալետը, որը հիմնված էր Կամարգոյի ու իր քրոջ՝ Մադլենի առևանգման դրվագի վրա ու որի պրեմիերան կայացել է 1872 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մարի Անն Կամարգոյի դերը կատարում էր Ադել Գրանցովը։ 1901 թվականին Լև Իվանովը վերաբեմադրել է ստեղծագործությունը պարուհի Պյերինա Լենյանիի համար Ռուսաստանի կայսերական բալետում։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո սակայն բալետն այլևս երբեք չի բեմադրվել։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամարգոն մահացել է Փարիզում 1770 թվականի ապրիլի 28-ին՝ 60 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Wallace Collection on-line:Mlle de Camargo Dancing». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կամարգո» հոդվածին։ |
|