Մասնակից:Levon.01/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիշե Շեկ-Հովսեփյան, Հայաստանում դատական փորձագիտության անվանի կազմակերպիչ, հանրապետությունում դատական բժշկության առաջին ամբիոնի հիմնադիր, բշժկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1893 թվականին պատմական Հայաստանի Կարս քաղաքում: Դեռ մանկուց զգացել է հայ ժողովրդի նկատմամբ թուրքական իշխանությունների թշնամական վերաբերմունքը, ականատես եղել հայրենակիցների իրավազուրկ վիճակին և ծանր կացությանը, անհավասար, բայց մարդկային ու ազգային արժանապատվությունը պահպանող պայքարին, հայ մարդու հուսահատությանը: Հետագայում հեռացել է իր ծննդավայրից, որի հետ կապված հիշողությունները ուղեկցել են նրան ողջ կյանքի ընթացքում: Անդրկովկասի խոշոր արդյունաբերական կենտրոն Բաքու քաղաքում նա հաստատել է իր բնակությունը: Այնտեղ նա անցկացրել է իր պատանեկության տարիները, և բազմազգ այդ քաղաքը նրա համար դարձել էր հարազատ: Բաքվում ապագա գիտնականը ստացել է միջնակարգ կրթություն՝ ուսումնառության տարիներին հետաքրքրություն հանդես բերելով դեպի գիրն ու գրականությունը, ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաները:

Գեղարվեստական, պատմական, ինչպես նաև գիտական որոշ գրքերի ընթերցանությունը աստիճանաբար ընդլայնում էր նրա մտահորիզոնը, իսկ շփումը տարբեր ազգի դասընկերների հետ նրա մեջ առաջացնում էր ինտերնացիոնալ մտածելակերպ, սեր և հարգանք դեպի այլազգիները, նրանց կրոնը և մշակույթը: Հակառակ իշխանությունների կողմից ազգերի միջև ատելություն և թշնամանք ծնող քաղաքականությանը՝ նա բարյացակամ էր օտարների հանդեպ: Պատանի Եղիշեն միջնակարգ կրթություն ստանալուց հետո ցանկանում էր ուսումը շարունակել և դառնալ բարձրորակ մասնագետ: Նրան վաղուց գրավում էր բժշկությունը, նա ձգտում էր բժիշկ դառնալ, պայքարել հիվանդությունների դեմ, օգնել մարդկանց: Այդ նպատակն իրագործելու ցանկությամբ նա գնացել է Օդեսա, ընդունվել է հանրահայտ համալսարանի բժշկական ֆակուլտետը, որը բազմաթիվ հայ շրջանավարտներ էր տվել:

Ուսումնառության տարիները դժվար էին: Ուսանողական տարիներին հայրենիքից հեռու գտնվելով` կենցաղային սուղ պայմաններում նա երբեմն մտածել է համալսարանը թողնելու և հարազատների մոտ վերադառնալու մասին, սակայն նպատակին հասնելու ձգտումը և կամքը հաղթել են, ու նա համառորեն շարունակել է ուսումը: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վիճակն ավելի էր ծանրացել: Նրան հանգիստ չէին տալիս հայրենիքից և ռազմաճակատից եկող հոգեմաշ լուրերը: Ինչպես ամեն հայրենասեր հայի, յուրաքանչյուր ազնիվ մարդու, նրան ևս ցնցել են հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի հետ կապված իրադարձությունները և թուրքական կառավարության կողմից պետականորեն հովանավորված հայ ազգաբնակչության բարբարոսական ոչնչացումը և զանգվածային տեղահանումը հարազատ վայրերից: Այդ ամենի դեմ եղել են բողոքի ցույցեր, որոնց մասնակից հայերի թվում եղել է նաև ուսանող Ե. Շեկ-Հովսեփյանը: Կյանքը ընթանում էր իր հունով: Ծանր պայմաններում նա շարունակել է իր ուսումնառությունը: Հաճախում էր գործնական պարապմունքներին ու դասախոսություններին, ծանոթանում էր բժշկագիտության հիմունքներին, պարտաճանաչ կատարում էր դասախոսների հանձնարարությունները, աստիճանաբար հարստացնում բժշկության տարբեր բնագավառներում իր գիտելիքները և ձեռք բերելով բժշկական մտածելակերպ՝ նախապատրաստվում էր ապագա դժվարությունների հաղթահարմանը: Անցնում են երկար ու դժվարին ուսանողական կյանքի տարիները: Հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները՝ նա 1916 թվականին ստացել է բժշկի որակավորում: Շարունակվում էր համաշխարհային պատերազմը, և Ռուսաստանը կռվում էր մի քանի ռազմաճակատներում:

Համալսարանն ավարտելուց հետո Ե. Շեկ-Հովսեփյանը անմիջապես զորակոչվել է բանակ և գործուղվել ավստրո-գերմանական ռազմաճակատ, իսկ նրա համակուրսեցի Արտո Ալեքսանյանը (հետագայում անվանի համաճարակագետ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս), ով նրա մտերիմ ընկերն էր՝ Կովկասյան ռազմաճակատ: Սկսվել էր նորավարտ բժիշկների զինվորական ծառայությունը: Ռուսական գործող բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում Ե. Շեկ-Հովսեփյանը` որպես զինվորական բժիշկ, մասնակցել է ավստրո-գերմանական ռազմաճակատի առաջին գծում մարտական գործողություններին և ստացել է իր մարտական մկրտությունը: 23-ամյա բժիշկը ականատես է եղել մի շարք մարտերի, հակառակորդ կողմերի դաժան ու անմարդկային պայքարին, որի ընթացքում երկու կողմերն էլ տվել էին վիրավորներ ու բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունների զարհուրելի տեսարանը նրա մարդասեր հոգին լցրել էր ատելությամբ պատերազմ հրահրողների դեմ։ Հայ բժիշկը ռազմաճակատում գտնվելու ողջ ընթացքում իր ենթակաների և գործընկերների հետ շատ լարված օրեր է անցկացրել։ Բուժում էր հիվանդներին և վիրավորներին, անում էր տարբեր վիրահատություններ և վիրակապություններ, ավագ ընկերների օգնությամբ ձեռք է բերել հմտություն և փորձ, վստահություն իր ուժերի նկատմամբ։

Նա հատուկ եռանդով զբաղվում էր ախտականխիչ բուժական միջոցառումներով, մասնավորապես հակահամաճարակային գործունեությամբ՝ նկատի ունենալով, որ բժշկական ծառայության լավ կազմակերպումը, զինվորների և նրանց հրամանատարների ամրապնդումը և առողջության պահպանումը ապահովում էին զորամասերի լավ մարտունակությունը։ 1917 թվականի հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունները, որոնք նոր փուլ բացեցին Ռուսաստանի պատմության մեջ, Ե․ Շեկ-Հովսեփյանը դիմավորել է ռազմաճակատում, շարունակվող մարտական գործողությունների եռուն շրջանում։ Խորհրդային իշխանության հաստատումից և Կարմիր բանակի ստեղծումից հետո նա` որպես զինվորական, բժիշկ Ռուսաստանում շարունակել է իր ծառայությունը բանվոր-գյուղացիական Կարմիր բանակի բժշկական ծառայության ստորաբաժանումներում՝ հակահեղափոխական խմբավորումների դեմ մղվող մարտերին մասնակցելով: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նա իր զինվորական ծառայությունը շարունակել է խաղաղ պայմաններում, իսկ 1922 թվականին զորացրվել է և իրավունք է ստացել վերադառնալ հայրենիք: Այդ ժամանակաշրջանում Հայաստանը ծանր սոցիալ-տնտեսական ծանր պայմանների մեջ էր: Իշխանություններն անցյալից ժառանգել էին հետամնաց ու աղքատ մի երկիր, որտեղ ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառները մի կերպ քարշ էին տալիս իրենց գոյությունը՝ ծայրաստիճան հետամնաց պայմաններում: Չափազանց անմխիթար վիճակում էին գտնվում առողջապահության կազմակերպման գործը և բժշկական հիմնարկները: Բժիշկների, բուժախտականխիչ հիմնարկների և հիվանդանոցների պակասը Հայաստանի երկրորդ հանրապետության նոր հիմնադրած առողջապահության ժողովրդական կոմիսարիատին կանգնեցրել էր մեծ դժվարությունների առաջ, որը զանգվածային պայքար էր սկսել համաճարակային և երկրամասային հիվանդությունների դեմ, իսկ այդ միջոցառումները արդյունավետ ձևով կենսագործելու համար չկային համապատասխան թվով բուժաշխատողներ, մասնավորապես բժիշկներ: 1922 թվականին դատախոսական կադրերի կարիք ուներ Երևանի Պետական համալսարանում իր գործունեությունը սկսած բժշկական ֆակուլտետը՝ հանրապետության համար բժշկական առաջին կադրերի դարբնոցը: Այդպիսի իրադարձություն էր Հայաստանում, երբ Ե. Շեկ-Հովսեփյանը եկավ Երևան՝ 6 ամյա հարուստ փորձով և մայր ժողովրդին ծառայելու ձգտումով: Փորձառու բժիշկը անմիջապես նշանակվեց վարչական աշխատանքի և իրեն բնորոշ եռանդով իր գործունեությունը սկսեց հայրենիքում՝ ակտիվորեն մասնակցելով բուժախտականխիչ նպատակներով կատարվող և առողջապահության կազմակերպման մի շարք միջոցառումների: Նա համատեղության կարգով իր հիմնական աշխատանքից բացի զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ՝ որպես համալսարանի բժշկական ֆակուլտետի ասիստենտ: