Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ47
Տուն Դուշան թագավորի փողոցում թիվ 10 (սերբ.՝ Кућа у Улици Цара Душана broj 10), կառուցվել է 1724-1727 թվականններին և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում պահպանված ամենահին շենքն է[1][2]։ Տունը գտնվում է Ստարի Գրադ (սերբական կիրիլիցա՝ Стари Град) ինքնավար շրջանի Դորչոլ (սերբական կիրիլիցա՝ Дорћол) թաղամասում և 1987 թվականին հայտարարվել է մշակութային հուշարձան[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքն առաջին ավարտված կառույցներից մեկն է, որը կառուցվել է 1718-39 թվականներին Հյուսիսային Սերբիայի ավստրիական օկուպացիայի ժամանակ։ Շինարարությունն սկսվել է 1724 թվականին և ավարտվել 1727 թվականին։ Այն նախագծվել է շվեյցարացի ճարտարապետ Նիկոլաս Դոքսատի (ֆր.՝ Nicolas Doxat de Démoret) կողմից, ով այդ ժամանակ ավստրիական բանակի գնդապետ էր[1][2]։ Դոքսատը մշակել է Բելգրադի ամբողջ կենտրոնական մասի կարգավորման պլանը, հատկապես Բելգրադի ամրոցի վերակառուցումը: 1738 թվականին նա մեղադրվել է դավաճանության մեջ և մահապատժի է ենթարկվել ամրոցի պատերի տակ։
Տունը կառուցվել է թամբագործ Էլիաս Ֆլեյշմանի համար։ Նա եղել է համայնքի հարգարժան անձնավորություն և Բելգրադի քաղաքային խորհրդի անդամ: Բացի այնտեղ ապրելուց, նա նաև օգտագործել է այս շենքը որպես արհեստանոց[1][2]։ 1740 թվականից հետո, երբ ավստրիացիները հեռացել են, և օսմանները վերականգնել են Բելգրադի վրա վերահսկողությունը, տունը մնացել է բնակեցված և, այս կամ այն կերպ, կառուցման պահից մինչև այսօր օգտագործվել է որպես արհեստանոց կամ խանութ: Այն վնասվել է 1789 թվականին Բելգրադի պաշարման ժամանակ, երբ ավստրիացիները նվաճել են Բելգրադը, բայց հետագայում այն վերանորոգվել է։ 19-րդ դարի վերջին շենքը մանրակրկիտ վերակառուցվել է՝ տանիքը փոխարինվել ու իջեցվել է, իսկ ճակատի զարդերը փոխվել և ավելի են հարմարեցվել ճարտարապետության ժամանակակից ոճերին[2]։
1737-1739 թվականների Ավստրո-թուրքական պատերազմում Ավստրիայի պարտությունից հետո Հյուսիսային Սերբիան, ներառյալ Բելգրադը, վերադարձվել են թուրքերին։ 1739 թվականի Բելգրադի խաղաղության պայմանագրի դրույթներից մեկը սահմանել է, որ Ավստրիան պետք է քանդեր օկուպացիայի ընթացքում իր կողմից կառուցված բոլոր ամրությունները և ռազմական ու քաղաքացիական շենքերը: Բարոկկո ոճի շատ շենքեր քանդվել են։ Այնուամենայնիվ, Ավստրիան չի քանդել ամրոցի պարիսպներից դուրս գտնվող շենքերը։ Այսպես է գոյատևել տունը[4]։
Այս տունը փողոցի աջ կողմում գտնվող յոթ նույնական տների «ստանդարտ շարքում» երկրորդն էր, որն այդ ժամանակ համարվել է «քաղաքի գերմանական հատված»[1][5]: Եվս երկու տներ են գոյատևել մինչև 1930-ական թվականները, երբ դրանք քանդվել են և մնացել է միայն 10 համարի տունը։
Մինչև 1950 թվականը առաջին հարկում գտնվում էր մթերային խանութը, իսկ նկուղում՝ «ժողովրդական հերոս Անջա Ռանկովիչ» (սերբական կիրիլիցա՝ Народни Херој Анђа Ранковић) տեքստիլ արհեստանոցը ։ 1945 թվականից հետո ամենաազդեցիկ կոմունիստական քաղաքական գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Ռանկովիչի (սերբական կիրիլիցա՝ Александар Ранковић Лека) հանգուցյալ կնոջ անունով անվանված խանութը վերածվել է «Բեկո»-ի (նախկինում Սերբիայի ամենամեծ հագուստի գործարաններից մեկը)։ Մինչև 2000-ականների կեսերն այս շենքում գործել է հացի փուռը։ Դա եղել է նախկին Հարավսլավիայի առաջին հացի փուռը, որն աշխատել է շուրջօրյա: Նոր, ժամանակակից հացի փուռ-պիցցերիան բացվել է 2008 թվականին։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի ճակատը կառուցվել է ժամանակի բարոկկո ոճով, որը Դոքսաթը ցանկացել է կիրառել Բելգրադի ամբողջ գերմանական հատվածում[5]։ Այն 18-րդ դարում Դանուբի շրջանի Հաբսբուրգյան միապետության տարածքում տարածված բնակելի- գործարար քաղաքային տան տիպիկ օրինակ է[1]: Առանձնատունն ունի նկուղ, առաջին հարկ և վերին հարկ։ Դրա սկզբնական ճակատը բաժանված էր առաջին հարկի վերևում գտնվող պարզ հորիզոնական քիվով, անկյուններում գտնվող կողային որմնասյուներով և, հավանաբար, տանիքի եզրագծված քիվով: Շքամուտքները շրջանակված են եղել եզրագծված քարե շրջանակներով[1]։ Բոլոր յոթ սկզբնական տները միացված են եղել նկուղներով, իսկ մնացած նկուղը տարածվել է ամբողջ շենքի տակ։ Նկուղի ամենացածր կետը գտնվում է գետնի տակ՝ 4 մ (13 ոտնաչափ) խորության վրա, իսկ Դանուբի ջրի մակարդակը նկուղի մակարդակից մոտ 5 մ (16 ոտնաչափ) ցածր է:
Ընդհատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լագումների (ստորգետնյա միջանցքներ, որոնք տունը կապում են ամրոցի հետ) մասին պատմությունները, շրջանառվել են երկար ժամանակ, և Դոքսատի մահապատժի ենթադրյալ պատճառներից մեկը միջանցքների հսկայական ստորգետնյա ցանցի գաղտնի պահպանումն էր:
Պատմությունը կրկին ուշադրության կենտրոնում է եղել 1963 թվականին: Տիկին Կատարինա Բաստլը՝ տան երկարամյա վարձակալը, հարցազրույց է տվել ճարտարապետական «Իզգրադնյա» (սերբական կիրիլիցա՝ изгра́дња) ամսագրին։ Նա պնդել է, որ 1941 թվականի գարնանը, Գերմանիայի Հարավսլավիան գրավելուց անմիջապես հետո, վերմախտի (գերմ.՝ Wehrmacht) մի խումբ սպաներ ժամանել են լիմուզինով և ներխուժել են նկուղ: Հաջորդ շաբաթների ընթացքում բնակիչներին թույլ չեն տվել մտնել նկուղ, և անընդհատ աղմուկ է բարձրացել, քանի որ գերմանացիներն անընդհատ ինչ-որ բան են մուրճով խփել և փորել շենքի տակ: Այս պատմությունը շատ մարդկանց, այդ թվում ՝ քարանձավագետներին (անգլ.՝ speleologists), դրդել է ուսումնասիրել նկուղը, բայց այն ամենը, ինչ նրանք կարողացել են գտնել, եղել է հեղեղված նկուղ, որը բաժանված էր բաժանարար պատերով և լի էր խիտ, ջրալի տիղմով: Պատերն ակնհայտորեն շատ ավելի երիտասարդ էին քան բուն տունը: 2010 թվականին լրագրողները մտել են նկուղ։ Քարե սանդուղքը տանում է մոտ 30 մ (98 ոտնաչափ) ներքև, նախքան խորը տիղմը կխանգարի հետագա անցումը: Կան արդյոք միջանցքներ այդ կետից ավելի հեռու և ուր են դրանք տանում, դեռ հայտնի չէ[2]։
21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դրությամբ այն Բելգրադի ամենահին շենքն է և 18-րդ դարի առաջին կեսի միակ բնակելի շենքը, որը պահպանվել է Բելգրադի քաղաքային կառույցում՝ ամրոցի համալիրից դուրս[1]։
2010 թվականին քաղաքի վարչակազմը պատրաստել է զեկույց, որը նախատեսել էր շենքը հարմարեցնել թանգարանի համար[2], բայց 2017-ի դրությամբ դա չի իրականացել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Cultural monument - House at 10, Cara Dušana Street». Catalogue of the cultural properties in Belgrade. Արխիվացված է օրիգինալից 2018-04-11-ին. Վերցված է 2017-06-24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Milan Janković (24 May 2010), «Tajna kuće u Dušanovoj 10», Politika (սերբերեն), էջ 15
- ↑ «Cultural monuments on the territory of the municipality of Stari Grad» (սերբերեն). Belgrade Institute for the cultural monuments' protection. 2012.
- ↑ Dr. Ana Milošević, D.Stevanović (13 August 2017), «Beogradske bolnice kojih vise nema», Politika-Magazin, No. 1037 (սերբերեն), էջեր 27–29
- ↑ 5,0 5,1 Marta Vukotić Lazar, ed. (2008). Belgrade: Maps and plans from the 18th–21st century. Urban planning institute of Belgrade. ISBN 978-86-83273-05-8.