Մասնակից:Չալիկյան Քրիստինա/Սևագրություն 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան և արտ-սրճարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ, նմուշահավաք Լուսիկ Ագուլեցին ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի հետ ընտանեկան հարկը վերածել է մշակութային յուրահատուկ հարթակի, որտեղ զարմանալիորեն ամեն մեկը զգում է իրեն ինչպես տանը։ Դեռևս Լուսիկ Ագուլեցու օրոք մշտապես ընդունելով հյուրեր՝  տունը թանգարանի վերածելու միտք հղացավ։ Այնտեղ այցելելում էին թե՛ դպրոցականներ, թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա արվեստասերներ, որոնք վայելում էին տանտիրուհու ջերմ վերաբերմունքն ու հյուրընկալությունը։

2013 թվականին ստեղծվեց «Ագուլեցի» ազգագրական, մշակութային, ստեղծագործական, կրթական հիմնադրամը՝ շարունակելով ընդունել հյուրեր։

2019 թվականին պաշտոնապես բացվեցին  «Ագուլեցի» տուն-թանգարանը և արտ-սրճարանը։

Լուսիկ Ագուլեցու հավաքածուն ժամանակի ու տարածության յուրօրինակ խաչմերուկ է՝ մեծ ընդգրկումով։

Թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ ներկայացնող  ցուցանմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։ Հատկանշական է այն, որ բոլոր իրերը ձեռք են  բերվել հայ ընտանիքներից։

Լուսիկ Ագուլեցին տարիներ շարունակ մոռացությունից ու կորստից  փրկեց, նոր կյանք տվեց մշակութային տարբեր արժեքների՝ հնատիպ իրեր, կահույք, կահ-կարասի, խեցեղեն, գորգեր, գրքեր, զարդեր և այլն: Նա, տարիներ  շարունակ հաղթահարելով շատ դժվարություններ, սեփական օրինակով տարազ կրելու մշակույթ ձևավորեց , ստեղծեց տարազների հավաքածու, տոնածիսական մշակույթի յուրատիպ հավաքածու, որն իր ընդգրկումով եզակի է  Հայաստանում։

Արժեքավոր է նաև «Սերունդներ» խորագիրը կրող ցուցադրությունը, քանի որ ընտանիքում հինգ սերունդ  ստեղծագործողներ են։  Այս հիմքի վրա էլ  տունը վերածվեց թանգարանի, որը սիրված վայր է  դարձել շատերի համար։

Թանգարան հաճախ այցելում են դպրոցականներ, ուսանողներ, օտարերկրյա հյուրեր, որոնց հետ անցկացվում են վարպետաց դասեր, կրթական տարբեր ծրագրեր։

Այս տան դռները միշտ բաց են եղել հյուրերի առաջ, և առանց ջերմ հյուրասիրության  ոչ ոք չի հեռացել։

Ավանդույթները շարունակելու համար բացվեց արտ-սրճարան, որը վեր հանեց ազգային խոհանոցից մոռացված   ուտեստներ, քանի որ խոհանոցը ևս մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է։

Այստեղ հյուրերին առաջարկում են նաև  Ագուլեցու ընտանեկան բաղադրատոմսերից։

Տուն-թանգարանում և արտ-սրճարանում համատեղվում են համեղ սնունդն ու հոգևոր սնունդը։ Թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա  հյուրերի համար այս ձևաչափը բավական հետաքրքիր է, և հաճախ հնչում է կարծիք՝ հետևյալ բնորոշմամբ. «Սա Հայաստան է՝ չորս պատերի մեջ»։