Թաֆտ Հարթլիի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ալֆոնսո Տաֆտ
Ֆրեդ Ալան Հարթլի

Թաֆտ Հարթլիի օրենք (անգլ.՝ Taft–Hartley Act), պաշտոնապես՝ Աշխատանքային հարաբերությունների կարգավորման ակտ (անգլ.՝ Labor-Management Relations Act), աշխատանքային հարաբերությունները կարգավորելու մասին դաշնային օրինագիծ ԱՄՆ-ում (1947)։ Տվյալ օրինագծով սահմանափակվում էր արհմիությունների գործունեությունը և ազդեցությունը։

Անվանումը ստացել է սենատոր Ռոբերտ Թաֆտի (անգլ.՝ R․ A․ Taft) և ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրեդ Հարթլիի անունով։ Թաֆտ Հարթլիի օրենքն արհմիությունների նկատմամբ սահմանում էր պետական վերահսկողություն, դրանց պարտավորեցնում կազմակերպական և ֆինանսական բնույթի տեղեկություններ հաղորդել Աշխատանքի Նախարարությանը։ Այդ կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները պետք է երդմամբ հավաստեին, որ կոմունիստական կուսակցության անդամ չեն (1959 թվականին այդ պահանջը վերացվել է)։ Թաֆտ Հարթլիի օրենքով սահմանափակվեց գործադուլներ անելու իրավունքը, անօրինական ճանաչվեցին քաղաքական, համերաշխության գործադուլները։ Տնտեսական գործադուլներ անցկացնելիս արհմիությունները պարտավոր էին այդ մասին նախապես (60 օր առաջ) հայտնել ձեռնարկատերերին և վարչական հատուկ մարմնին՝ միջնորդության և հաշտեցման հարցերով դաշնային ծառայությանը։ Դատարաններին իրավունք էր վերապահված որոշում կայացնել գործադուլները դադարեցնելու մասին։ Ի լրացումն Թաֆտ Հարթլիի օրենքի, 1959 թվականին ընդունվեց Լենդրամ-Գրիֆինի՝ արհմիությունների ներքին գործերին միջամտելու օրենքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 632