Փավստոս Բյուզանդը պատմում է, որ նա և Կոնը շատ պատերազմների են մասնակցել պարսկական բանակի կազմում և բազում հաղթանակներ տարել։ Քուշանների դեմ տարած հաղթանակից հետո Սասանյան արքա Շապուհ Բ-ի համաձայնությամբ Մանվել Մամիկոնյանն ազատվել է պարսից գերությունից, վերադարձել հայրենիք, ստանձնել իր տոհմի նահապետությունը և Հայոց սպարապետի պաշտոնը։ Պարսկական 10 հազարանոց հեծելազորի օգնությամբ Կարնո դաշտում հաղթել և տապալել է Հայոց թագավոր Վարազդատ Արշակունուն, ձերբակալել և սպանել նրա սպարապետ Բատ Սահառունուն։ Այնուհետև, հայ նախարարների համաձայնությամբ թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ-ին (378-389 թթ.)՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը։
Հ. Մանանդյանի և ուրիշների կարծիքով, Մանվել Մամիկոնյանն ընդունել էր Սասանյանների գերիշխանությունը։ Որոշ ուսումնասիրողներ հավաստի են համարում Փավստոս Բուզանդի այն վկայությունը, ըստ որի Մանվել Մամիկոնյանը, օգտվելով Պարսկաստանում տիրող անկայուն ներքին իրադրությունից, կոտորել է պարսկական զորքերին, 7 տարի ձեռք բերել լիակատար անկախություն և զբաղվել խաղաղ շինարարական գործերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։