Մանկավարժական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկավարժական կրթություն, մանկավարժական ինստիտուտներում, ուսումնարաններում և համալսարաններում հանրակրթական դպրոցների և ուսումնա-դսատիարակչական այլ հիմնարկների համար մանկավարժ, կադրերի (ուսուցիչներ, դաստիարակներ և այլն) պատրաստման համակարգ (տես Բարձրագույն կրթություն, Միջնակարգ մասնագիտական կրթություն, Պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթություն, Ասպիրանտուրա հոդվածները)։ Մինչհեղափոխական Ռուսաստանում տարրական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստող ուսումնական հաստատությունների հիմնական տիպը ուսուցչական սեմինարիաներն էին։ Տարրական դպրոցների ուսուցիչներ էին պատրաստում նաև իգական գիմնազիաների, իգական թեմական ուսումնարանների մանկավարժական դասարանները և Պետերբուրգի իգական մանկավարժական ինստիտուտը։ Եկեղեցական-ծխական դպրոցների համար ուսուցիչներ էին պատրաստում եկեղեցական-ուսուցչական, ինչպես և երկդասյան ուսուցչական դպրոցները։ 1804 թվականի համալսարանական կանոնադրության համաձայն, համալսարաններին կից ստեղծվեցին 3-ամյա մանկավարժական ինստիտուտներ։ XIX դ. 60-70-ական թվականներին բացվեցին համալսարանական տիպի Բարձրագույն իգական դասընթացներ։ 1918-1920 թվականներին կազմակերպվեցին մասնագիտացված դպրոցական, նախադպրոցական և մանկավարժական այլ, ոչ մեծ ուսումնական հաստատություններ և դասընթացներ, որոնք հետագայում միավորվեցին ու վերածվեցին մանկավարժական բուհերի։ Մինչհեղափոխական ուսուցչական սեմինարիաները վերակառուցվեցին 4-ամյա ժողովրդական կրթության ինստիտուտների, մյուսները՝ տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող մշտական գործող մանկավարժական դասընթացների։ Առաջին խոշոր մանկավարժական խորհրդային բուհերից էր Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան։ 1918 թվականին Վ. Ռերիեի Բարձրագույն իգական դասընթացների հիման վրա ստեղծվեց Մոսկվայի 2-րդ համալսարանը, Լենինգրադում՝ մանկավարժական ինստիտուտը։ 1920-ական թվականներին ԽՍՀՄ մի շարք համալսարաններում բացվեցին մանկավարժական ֆակուլտետներ։ 30ական թվականներին համալսարանների մանկավարժական և այլ ֆակուլտետների հիման վրա ստեղծվեց մանկավարժական ինստիտուտների, այդ թվում՝ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտների ցանց։ ժամանակակից մանկավարժական ուսումնական հաստատությունների հիմնական տիպը մանկավարժական ուսումնարաններն են, ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումները, մանկավարժական ինստիտուտները և համալսարանները։ Դպրոցի ցածր դասարանների ուսուցիչներ, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ՝ մանկավարժական ինստիտուտները, համալսարանները, ինչպես նաև արվեստների, ֆիզիկական դաստիարակության որոշ ինստիտուտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 234 CC-BY-SA-icon-80x15.png