Մանդիկ ծտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանդիկ ծտային (լատին․՝ Polýgonum aviculáre), Մանդիկազգիների ընտանիքից է։ Երեսունից քառասուն սանտիմետր բարձրությամբ միամյա խոտաբույս է, ծաղկում է ամռանը, աճում է արտերում, ճամփեզրերին։ Բուժական նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Հավաքել ծաղկման շրջանում, չորացնել բարակ շերտերով, փռված վիճակում։ Կարելի է պահել թղթե տոպրակներում։

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, K, կարոտին, ինչպես նաև գլիկոզիդներ և դաբաղող նյութեր։

Բուժական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բազմակողմանի ազդեցություններ, որոնք պայմանավորված են բույսի մեջ բազմաթիվ կենսաբանական միացությունների առկայությամբ։ Այն բարձրացնում է մեզի օրական արտադրությունը, մեզի հետ միասին դուրս բերում նատրիումի և քլորի պիոններ։ Արգելակում է քարերի գոյացմանը միզուղիներում, միզապարկում և երիկամներում։ Դրականորեն է ազդում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա` շնորհիվ իր դաբաղող, հակաբորբոքային, մանրէասպան հատկությունների։ Բույսը իջեցնում է արյան անոթների պատի թափանցելիությունը, բարձրացնում արյան մակարդելիությունը։ Բույսն ունի նաև ներքին բոլոր օրգանների, հատկապես արգանդի հարթ մկանների կծկողունակությունը բարձրացնող հատկություն։ Կիրառվում է միզաքարային հիվանդությունների, միզաթթվային դիաթեզի, միզածորանների խրոնիկական բորբոքումների, մի շարք մաշկային հիվանդությունների բուժման դեպքում։ Իր դաբաղող հատկության շնորհիվ կիրառվում է գաստրիտների և էնտերիտների (լուծով ընթացող) բուժման ժամանակ։ Բույսի արյունականգ և կծկող հատկությունները պայմանավորում են նրա հաջող կիրառումը արգանդի ատոնիկ արյունահոսությունների և թութքի բուժման մեջ։

Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ[խմբագրել | խմբագրել կոդը]

երեք ճաշի գդալ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել երկու հարյուր միլիլիտր եռման ջուր։ Փակել կափարիչով և տասնհինգ րոպե եփել ջրային բաղնիքում, եռացող ջրի մեջ։ Հովացնել սենյակային ջերմության պայմաններում մինչև քառասունհինգ րոպե, քամել, մնացորդային հումքը, մզել և թափել։ Ստացված ջրաթուրմի ծավալը հասցնել երկու հարյուր միլիլիտրի ավելացնելով համապատասխան քանակությամբ եռացած ջուր։ Խմել 1/2 - 1/3-ական բաժակ, օրական երկուսից երեք անգամ, ուտելուց առաջ։ Բույսից կարելի է պատրաստել ջրաթուրմ արտաքին օգտագործման համար վերոհիշյալ եղանակով` վերցնելով հումքի կրկնակի բաժին։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 77