Մալաք Քարշ
Մալաք Քարշ | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1915[1] |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 2001[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Օտտավա, Կանադա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Թեմաներ | լուսանկարչություն |
Պարգևներ | |
Malak Karsh Վիքիպահեստում |
Մալաք Քարշ, OC MPA. (անգլ.՝ Malak Karsh, մարտի 1, 1915[1], Մարդին, Թուրքիա - նոյեմբերի 8, 2001[1], Օտտավա, Կանադա), հայկական արմատներով կանադացի լուսանկարիչ, ով աչքի է ընկել հատկապես Կանադայի և մասնավորապես Օտտավայի տարածաշրջանի իր լուսանկարներով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Օսմանյան կայսրությունում՝ Մարդինում, Հայոց ցեղասպանությունից մի քանի ամիս առաջ։ 1937 թվականին գաղթել է Կանադա և եղբոր՝ արդեն համբավավոր լուսանկարիչ դարձած Յուսուֆ Քարշի ու հորեղբոր՝ Ջորջ Նակաշի օգնությամբ սկսել իր գործունեությունը լուսանկարչության ասպարեզում։
Տարիների ընթացքում Մալաք Քարշը Կանադայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկն է դարձել։ Նա ունեցել է բազմաթիվ լուսանկարչական ցուցահանդեսներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ Ազգային արվեստի կենտրոնում, Բնության և պատմության թանգարաններում, Օտտավայի կոնգրեսական կենտրոնում, Հոլանդիայում և այլ երկրներում։ Նրա ստացած պարգևները ներառում են Կանադայի շքանշան, Օտտավա քաղաքի բանալիներ, Ուիթթոնի մրցանակ, Կանադայի պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցանակ՝ որպես լուսանկարչական արվեստի վարպետ, CAPIC Lifetime Achievement Award, Տարվա լուսանկարիչ կոչում ու մրցանակ և Ազգային կինովարչության ոսկե մեդալ։
Մալաքի հմայվածությունը Կանադայի մայրաքաղաքով ու վարդակակաչներով, որոնք առավել շքեղ տեսք էին տալիս քաղաքին թագուհի Ջուլիանայի նվիրած 100.000 կակաչանման լամպերի շնորհիվ, 1952 թվականին Մալաքին ներշնչեց Օտտավայում կակաչների ամենամյա փառատոն կազմակերպելու գաղափարը։ Նա համապատասխան աշխատանքները տարավ Օտտավայի առևտրի խորհրդի հետ, և կանադական վարդակակաչների փառատոնը 1952 թվականին հիմնադրվեց։ Ըստ Օտտավայի քաղաքապետ Բոբ Չիարելիի՝ «Նա՝ Մալաքը օգնեց, որ Օտտավան իր երևացող տեղը գրավի քարտեզի վրա։ Թերևս՝ Օտտավայի համար ամենամեծ և լավագույն բրենդը նրա կակաչներն են»[3]։ Մալաքը վարդակակաչների փառատոնի պատվավոր նախագահն էր մինչև իր մահը։
1963 թվականին նա լուսանկարեց Օտտավա գետի ջրերի վրա լողացող գերանները և վերնագրեց «Թուղթ և քաղաքականություն»։ Այդ լուսանկարը հետագայում արտատպվեց 1969-1979 թվականների կանադական 1 դոլարանոց թղթադրամի դարձերեսին։
1996 թվականին Մալաքին շնորհվեց Կանադայի շքանշան՝ սպայի տիտղոսով։ 2005 թվականին Օտտավա քաղաքի ղեկավարությունը հիմնեց Karsh Award մրցանակը՝ ի պատիվ Մալաք և Յուսուֆ Քարշերի[4]։
Կանադայի գրադարանում ու արխիվում պահվում են մոտավորապես 400.000 լուսանկարչական պատկերներ, որոնք ձեռք են բերվել 1985 և 2015 թվականներին Մալաքի հսկայական գրադարանից։ 1940-ից 2001 թվականներին արված լուսանկարները ներառում են Պառլամենտ Հիլի և վարդակակաչների փառատոնի բազմաթիվ գունավոր պատկերներ, ինչպես նաև Կանադան ծովից ծով արտացոլող բնապատկերներ։ Մյուս լուսանկարներում կանադացիներ են՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսության, արդյունաբերության և արվեստի ոլորտներում աշխատելիս, սովորելիս, հանգստանալիս:։
Մալաք Քարշը մահացել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին՝ 86 տարեկան հասակում։ Նա թաղված է Քվեբեկի նահանգի Ուեյքֆիլդ քաղաքի Մաքլարեն գերեզմանատանը։
Հետագա ընթերցանության նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Malak. Canada: the land that shapes us. Toronto, Key Porter Books.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.gg.ca/en/honours/recipients/146-5253
- ↑ Caroline Murray, "Mourning a Rare Talent: Malak Karsh's exquisite photos chronicled a city and a nation," Ottawa Sun, 9 November 2001, p. 4.
- ↑ "The Picture of Excellence," The Ottawa Citizen, 14 February 2005, p. B4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալաք Քարշ» հոդվածին։ |
|