Jump to content

Մազանոթային կծիկ (երիկամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազանոթային կծիկ
Մազանոթային կծիկ (կարմիր), Բոումենի պատիճ (կապույտ) և մերձադիր խողովակիկ (կանաչ)
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասregion of uriniferous tubule?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էrenal corpuscle?
Կազմված էpodocyte?, glomerular basement membrane?, intraglomerular mesangial cell? և glomerular capillary?
Անատոմիական տեղայնացումԵրիկամի նեֆրոն
Լատիներեն անվանումglomerulus renalis
Նախասկզբնակմետանեֆրիկ բլաստեմա
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
glomerulus development?
MeSHA05.810.453.324.359 և A05.810.453.736.520
Foundational Model of Anatomy15624
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]

Մազանոթային կծիկը փոքր արյունատար անոթների (մազանոթներ) ցանց, որը կոչվում է նաև տուֆտ։ Այն տեղակայված է երիկամում՝ նեֆրոնի սկզբնամասում։ Երիկամներից յուրաքանչյուրը պարունակում է մոտ մեկ միլիոն նեֆրոններ։ Տուֆտը կառուցվածքայնորեն հենված է մեզանգիումի (արյունատար անոթների միջև տարածքը) վրա, որը բաղկացած է ինտրագլոմերուլյար մեզանգիալ բջիջներից։ Արյունը ֆիլտրվում է այս տուֆտի մազանոթային պատի միջով գլոմերուլյար ֆիլտրացիոն պատնեշի միջոցով, որի միջով ջրի և լուծելի նյութերի ֆիլտրատը անցնում է բաժականման պարկ, որը կոչվում է Բոումենի պատիճ։ Ֆիլտրատը այնուհետև անցնում է նեֆրոնի երիկամային խողովակիկներ[3]։

Մազանոթային կծիկը իր արյունամատակարարումը ստանում է երիկամային զարկերակային շրջանառության առբերող զարկերակիկից։ Ի տարբերություն մազանոթների մեծ մասի՝ կծիկային մազանոթներից արյունը անցնում է արտատար զարկերակիկների մեջ, այլ ոչ թե երակիկների։ Արտատար զարկերակիկների դիմադրությունը առաջացնում է բավարար հիդրոստատիկ ճնշում կծիկում, որպեսզի ապահովի ուլտրաֆիլտրացիայի ուժը։

Մազանոթային կծիկը և հարակից Բոումենի պատիճը միասին կազմում են երիկամային մարմնիկը, որը երիկամի հիմնական ֆիլտրման միավորն է [4]։ Այն արագությունը, որի ընթացքում արյունը ֆիլտրվում է բոլոր մազանոթային կծիկներում, և հետևաբար, որով ամբողջ երիկամի ֆունկցիոնալ վիճակն է գնահատվում, կոչվում է կծիկային ֆիլտրացիոն արագություն։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամային մարմնիկը, որտեղ երևում է կծիկը և կծիկային մազանոթները
(ա) Հարկծիկային ապարատի սխեմա։ այն ունի մասնագիտացված բջիջներ, որոնք, գործելով որպես մեկ ամբողջություն, վերահսկում եմ նատրիում-հարկծիկային ապարատին․ այն պարունակում է հեղուկի սպեկտրային պարունակության երեք տեսակ հեռադիր ոլորուն խողովակիկում (նշված չէ․ այն ձախ կողմի խողովակիկն է) և կարգավորում կծիկային ֆիլտրացիոն արագությունը ու ռենինի արտադրության մակարդակը։


Մազանոթային կծիկը մազանոթների տուֆտ է, որը գտնվում է երիկամների Բոումենի պատիճում [4]։ Կծիկային մեզանգիալ բջիջներոյմ կառուցվածքայնորեն աջակցում են տուֆտերին։ Արյունը կծիկի մազանոթներ է մտնում առբերող զարկերակիկով և դուրս գալիս արտատար զարկերակիկով [5]։ Մազանոթները խողովակներ են, որոնք պատված են էնդոթելային բջիջներով։ Այս էնդոթելային բջիջների միջև տարածությունները կոչվում են ֆենեստրաներ։ Պատերը ունեն յուրահատուկ կառուցվածք. այն ծակոտկեն է, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ջուրը և լուծելի նյութերը դուրս գան և անցնելով կծիկային հիմնային թաղանթով և պոդոցիտների ելունների միջով, և մտնում պատիճի մեջ` որպես ուլտրաֆիլտրատ։

Պատի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացված մազանոթի ներքին մակերեսի էլեկտրոնային մանրադիտակով պատկերը, որտեղ տեսանելի են նաև ֆենեստրաները (100,000x խոշորացված)

Կծիկի մազանոթների պատը կազմված է միաշերտ էնդոթելային բջիջներից։ Այն պարունակում է բազմաթիվ ծակոտիներ, որոնք կոչվում են ֆենեստրաներ, որոնց տրամագիծը տատանվում է 50-100 նմ-ի սահմաններում [6]։ Սրանք թույլ են տալիս հեղուկի, արյան պլազմայի լուծված նյութերի և սպիտակուցների ֆիլտրացիա` միևնույն ժամանակ կանխարգելով էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների ֆիլտրացիան։

Կծիկում կա կծիկային հիմնային թաղանթ, որը կծիկային մազանոթների և պոդոցիտների միջև է։ Այն հիմնականում կազմված է լամինինից, IV տեսակի կոլագենից, ագրինից և նիդոգենից, որոնք սինթեզվում և արտազատվում են և՛ էնդոթելային բջիջների, և' պոդոցիտների կողմից։ Կծիկային հիմնային թաղանթը ունի 250-400 նմ հաստություն, ինչը ավելի հաստ է, քան այլ հյուսվածքների հիմային թաղանթները։ Այն պատնեշ արյան սպիտակուցների համար, ինչպիսիք են ալբումինը և գլոբուլինները [4]։

Պոդոցիտի այն հատվածը, որը հաղորդակցվում է կծիկային հիմնային թաղանթի հետ, կոչվում է պոդոցիտի ելուստներ կամ ցիտոպոդիաներ․ այս ելուստների արանքում առկա տարածություններով ֆիլտրատը հոսում է դեպի Բոումենի պատիճ։ Այս ելուստների միջև տարածություններում կան պոդոցին և նեֆրին սպիտակուցները, որոնք նվազեցնում են քամման հնարավորությունը։ Ցիտոպոդիաները ունեն նաև բացասական լիցքով արտաքին շերտ՝ գլիկոկալիքս, որը վանում է բացասական լիցք ունեցող մոլեկուլները, օրինակ՝ շիճուկային ալբումինը։

Մեզանգիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզանգիումը տարածություն է, որը գտնվում է զարկերակիկների հարթ մկանային շերտերի միջև։ Այն գտնվում է մազանոթների լուսանցքից դուրս, բայց շրջապատված է մազանոթներով։ Բառացիորեն այն նշանակում է․ մեզո՝ միջև, անգիս՝ մազանոթներ, այսինքն՝ մազանոթների միջև։ Այն շրջափակված է հիմային թաղանթով, որը շրջապատում է և՛ մազանոթները, և՛ մեզանգիումը։

Մեզանգիումը հիմնականում պարունակում է.

  • Ներկծիկային մեզանգիալ բջիջներ. սրանք ֆիլտրացիոն պատնեշի մաս չեն, այլ մասնագիտացված պերիցիտներ են, որոնք մասնակցում են ֆիլտրման արագության կարգավորմանը՝ մեծացնելով կամ փոքրացնելով մազանոթների լուսանցքի տրամագիծը. դրանք պարունակում են ակտինի և միոզինի թելեր։ Որոշ մեզանգիալ բջիջներ ֆիզիկական շփման մեջ են մազանոթների հետ, մինչդեռ մյուսները ֆիզիկական շփման մեջ են պոդոցիտների հետ։ Մեզանգիալ բջիջների, մազանոթների և պոդոցիտների միջև առկա է երկկողմանի քիմիական խաչաձև կապ՝ գլոմերուլային ֆիլտրման արագությունը ճշգրտելու համար։
  • Մեզանգիալ մատրիքս․ ամորֆ հիմային թաղանթին նման նյութ, որն արտազատվում է մեզանգիալ բջիջների կողմից։

Արյունամատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեֆրոնի արյունամատակարարման սխեմա


Մազանոթային կծիկը իր արյունը ստանում է երիկամային արյան շրջանառության առբերող զարկերակիկներից։ Ի տարբերություն մյուս մազանոթային ցանցերի՝ գլոմերուլյար մազանոթներից արյունը անցնում է արտատար զարկերակիկներ, այլ ոչ թե երակիկներ։ Արտատար զարկերակիկների դիմադրողականությունը առաջացնում է բավականաչափ հիդրոստատիկ ճնշում մազանոթային կծիկի ներսում, ինչն էլ ապահովում է ուլտրաֆիլտրացումը։

Արյունը դուրս է գալիս կծիկային մազանոթներից արտատար զարկերակիկի միջոցով [5]։ Սա ապահովում է ավելի խիստ վերահսկողություն կծիկով արյան հոսքի վրա, քանի որ զարկերակները լայնանում և սեղմվում են ավելի հեշտությամբ, քան երակիկները՝ շնորհիվ իրենց հաստ շրջանաձև հարթ մկանային շերտի (tunica media): Արտատար զարկերակիկից դուրս եկող արյունը մտնում է երիկամային երակիկ, որն իր հերթին բացվում է երիկամային միջբլթակային երակի, այնուհետև երիկամային երակի մեջ։

Երիկամի կեղևային և միջուկային շերտերի միջև գտնվող նեֆրոնները (բոլոր նեֆրոնների 15%-ը) կոչվում են հարմիջուկային նեֆրոններ։ Այս նեֆրոնների արտատար զարկերակիկներից դուրս եկող արյունը մտնում է ուղիղ անոթներ, որոնք արյուն են մատակարարում երիկամի միջուկին։ Այս ուղիղ անոթներն անցնում է Հենլեի կանթի վայրէջ և վերել բաժինների հարևանությամբ և մասնակցում է հարմիջուկային արյան շրջանառությանը, որը շունտի դեր է կատարում՝ ապահովելով արյան հոսքի կարճ ու հեշտ ճանապարհը երիկամների ուժգին արյունալցման ժամանակ[7]։

Ֆիլտրատի հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլտրատը, որը անցնում է եռաշերտ ֆիլտրացիոն պատնեշով, մտնում է Բոումենի պատիճ։ Այստեղից այն անցնում է երիկամային խողովակիկներ, որոնք բացվում են հավաքող խողովակները, ինչն էլ վերջնական ֆիլտրատը տանում է երիկամային բրգեր՝ որպես մեզ։

Ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլտրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամներում ֆիլտրացիոն պատնեշի սխեման (արյուն-մեզ). A. կծիկի էնդոթելային բջիջներ։ 1. ծակոտի (ֆենեստրա).
B. Կծիկային հիմային թաղանթ: 1. ներքին հաստ շերտ 2. խիտ շերտ 3. արտաքին հաստ շերտ
C. Պոդոցիտներ: 1. ֆերմենտային և կառուցվածքային սպիտակուցներ 2. ֆիլտրացիոն ճեղք 3. ստոծանի

Մազանոթային կծիկի հիմնական ֆունկցիան պլազման ֆիլտրելն է՝ առաջացնելով կծիկային ֆիլտրատ, որը անցնում է նեֆրոնի խողովակիկների երկարությամբ՝ առաջացնելով մեզ։ Ֆիլտրացիայի շարժիչ ուժը ֆիլտրացիոն ճնշումն է, որը ձևավորվում է երեք մեծությունների փոխազդեցությամբ։ Առաջինը, որը նպաստում է ֆիլտրմանը, կծիկի մազանոթների հիդրոստատիկ ճնշումն է (Pհ)։ Այն հիմնականում պայմանավորված է պատիճի առբերիչ և արտատար զարկերակիկների լարվածության հարաբերակցությամբ և միջինը հավասար է 70 մմ ս.ս.-ի։ Ֆիլտրման պրոցեսին հակազդող ուժերը երկուսն են՝ արյան օնկոսային ճնշումը (Pօնկ), որը 25-30 մմ ս.ս. է և երիկամային ճնշումը (Pերիկ), որը պատիճի խոռոչի առաջնային մեզի և երիկամի հյուսվածքի հակաճնշումն է և միջինը 15-20 մմ ս.ս. է։ Այսպիսով, արդյունավետ ֆիլտրացիոն ճնշումը (Pֆ) որոշվում է հետևյալ բանաձևով և հավասար է մոտավորապես 20 մմ ս.ս․՝

Pֆ = Pհ - (Pօնկ + Pերիկ)
Pֆ = 70 մմ ս․ս․ - (30 մմ ս․ս․ + 20 մմ ս․ս․) = 20 մմ ս․ս․[8]:

Թափանցելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտերի կառուցվածքը թույլ է տալիս որոշել իրենց թափանցելիությունը-ընտրողականությունը։ Գործոնները, որոնք ազդում են թափանցելիության վրա, հիմային թաղանթի բացասական լիցքը և պոդոցիտային էպիթելն են, ինչպես նաև կծիկային պատի էֆեկտիվ ծակոտիների չափսերը (8 նմ)։ Որպես հետևանք՝ խոշոր կամ/և բացասական լիցք ունեցող մոլեկուլները կանցնեն պատնեշով շատ ավելի հազվադեպ, քան փոքր կամ/և դրական լիցքավորված մոլեկուլները[9]։ Օրինակ՝ փոքր իոնները, ինչպիսին են նատրիումը և կալիումը, անցնում են պատնեշով ազատորեն, մինչդեռ ավելի խոշոր սպիտակուցները, ինչպիսիք են հեմոգլոբինը և ալբումինը, գործնականորեն ընդհանարպես չունեն թափանցելիություն։

Կծիկային մազանոթների վրա օնկոսային ճնշումը այն ուժերից մեկն է, որն ֆիլտրացիոն հոսքին հակառակ է։ Քանի որ խոշոր և բացասական լիցք ունեցող սպիտակուցները ունեն ցածր թափանցելիություն, դրանք չեն ֆիլտրվում և անցնում Բոումենի պատիճ։ Ուստի, այս սպիտակուցների կոնցենտրացիան աճում է կծիկային մազանոթներում պլազմայի ֆիլտրացիային զուգահեռ՝ օնկոտիկ ճնշումը աճելով կծիկային մազանոթների երկարությամբ[10]։

Ստարլինգի հավասարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլտրացիայի արագությունը կծիկից Բոումենի պատիճ հաշվարկվում է Ստարլինգի հավասարումով․[10]

ԿՖԱ = Kֆ((Pկմ - Pբպ) - (πկմ - πբպ))
  • ԿՖԱ-ը կծիկային ֆիլտրացիոն արագությունն է
  • Kֆ-ը ֆիլտրացիոն գործակիցն է (հարաբերականորեն հաստատուն է)
  • Pկմ-ը կծիկային մազանոթի հիդրոստատիկ ճնշումն է
  • Pբպ-ը Բոումենի պատիճի հիդրոստատիկ ճնշումն է
  • πկմ-ը կծիկային մազանոթի օնկոսային ճնշումն է
  • πբպ-ը Բոումենի պատիճի օնկոսային ճնշումն է

Արյան ճնշման կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առբերող զարկերակիկի պատերը պարունակում են մասնագիտացված հարթ մկանային բջիջներ, որոնք սինթեզում են ռենին։ Այս հարկծիկային բջիջները կարևոր դեր են խաղում ռենին-անգիոտենզինային համակարգում, որը օգնում է կարգավորել արյան ծավալը և ճնշումը։

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության պատճառով մազանոթային կծիկի վնասումը կարող է կծիկային ֆիլտրացիոն պատնեշի միջով ճանապարհ բացել էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և արյան սպիտակուցների (ալբումին, գլոբուլին) համար։ Կծիկային վնասվածքների հիմքում ընկած պատճառները կարող են լինել բորբոքային, տոքսիկ կամ մետաբոլիկ[11]։ Այս փոփոխությունները տեսանելի են մեզում միկրոսկոպիկ և կենսաքիմիական քննությունների ժամանակ։ Կծիկային հիվանդություններ են դիաբետիկ երիկամի հիվանդությունը, գլոմերուլոնեֆրիտը (բորբոքում), գլոմերուլոսկլերոզը (կծիկների կարծրացում) և IgA նեֆրոպաթիան[12]։

Մազանոթային կծիկի և կծիկային ֆիլտրացիոն արագության միջև առկա կապի շնորհիվ կծիկային ֆիլտրացիոն արագությունը ունի կլինիկական նշանակություն, երբ կասկածվում է երիկամային հիվանդություն, կամ երբ հետևում են արդեն հայտնի երիկամային հիվանդության դեպքի զարգացմանը, կամ երբ երիկամային վնասվածքի զարգացման ռիսկ կա, օրինակ՝ հայտնի նեֆրոտոքսիկ ազդեցությամբ դեղորայքի օգտագործման դեպքում[13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1666 թվականին իտալացի կենսաբան և անատոմ Մարչելլո Մալպիգին առաջին անգամ նկարագրել է մազանոթային կծիկները և ցույց տվեց դրանց շարունակականությունը երիկամային արյան շրջանառության համակարգի հետ։ Մոտ 175 տարի հետո վիրաբույժ և անատոմ Ուիլյամ Բոումենը մանրամասնությամբ պարզաբանեց կծիկի մազանոթային ճարտարապետությունը և շարունակականությունը իր շրջակա պատիճի և մերձադիր խողովակիկների միջև[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/253.html
  3. Pavenstädt H; Kriz W; Kretzler M (2003). «Cell biology of the glomerular podocyte». Physiological Reviews. 83 (1): 253–307. doi:10.1152/physrev.00020.2002. PMID 12506131.
  4. 4,0 4,1 4,2 Wheater, 2006, էջ 304
  5. 5,0 5,1 Wheater, 2006, էջ 307
  6. Wheater, 2006, էջ 310
  7. Սահակյան, Կարմեն (2013). Հյուսվածաբանություն (PDF). Երևան: ԵՊԲՀ. էջեր 354–355.
  8. Խուդավերդյան, Դրաստամատ (2020). Նորմալ ֆիզիոլոգիա (PDF). Երևան: ԵՊԲՀ. էջ 622. ISBN 978-9939-65-200-9.
  9. Guyton, Arthur C.; Hall, John E. (2006). Textbook of Medical Physiology. Philadelphia: Elsevier Saunders. էջեր 316–317. ISBN 978-0-7216-0240-0.
  10. 10,0 10,1 Boron, WF.; Boulapep, EL. (2012). Medical Physiology (2nd ed.). Philadelphia: Saunders. էջեր 771, 774. ISBN 978-1437717532.
  11. Wiggins, RC (2007). «The spectrum of podocytopathies: a unifying view of glomerular diseases». Kidney International. 71 (12): 1205–1214. doi:10.1038/sj.ki.5002222. PMID 17410103.
  12. «Glomerular Diseases: What Is It, Causes, Symptoms & Treatment». Cleveland Clinic. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  13. Gerard J. Tortora, Bryan Derrickson Արխիվացված 2019-12-17 Wayback Machine Principles of Anatomy and Physiology 14th ed 978-1-118-34500-9
  14. "lippicotts histology for pathologesits; satcey e. mills