Շուշանբանջար (ղմի, քեղակարոս) (լատին․՝ Chaerophýllum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա կամ երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։
Ցողունն ուղղաձիգ է (բարձրությունը՝ 20-160 սմ), ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված։ Տերևները փետրաձև կտրտված են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները մանր, սպիտակ (հազվադեպ՝ վառ կարմիր), վարդագույն կամ այլ երանգի են։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկբաժան հատիկ է, որի մասերը կախված են պտղակրից։
Տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ Հայաստանում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։
Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։ Որոշ տեսակների արմատներն ու մատղաշ ցողուններն ուտելի են։
She Menglan, Mark F. Watson։ Apiaceae. In։ Wu Zheng-yi & Peter H.Raven (Hrsg.)։ Flora of China. Volume 14, Science Press u.a., Beijing u.a., ISBN 0-915279-24-X, Chaerophyllum, S. 25 (Abschnitt Beschreibung, textgleich mit gedrucktem Werk, Online).
John Francis Michael Cannon։ Chaerophyllum In։ T. G. Tutin, V. H. Heywood, N. A. Burges, D. M. Moore, D. H. Valentine, S. M. Walters, D. A. Webb (Hrsg.)։ Flora Europaea. Volume 2։ Rosaceae to Umbelliferae, Cambridge University Press, Cambridge 1968, ISBN 0-521-06662-X, S. 324–326 (aus dem unveränderten Nachdruck von 2010 (ISBN 978-0-521-15367-6), eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։