Հովհաննես Դիլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դիլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Դիլանյան
Ծնվել է1916
ԾննդավայրՇրվենանց, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Հովհաննես Մեսրոպի Դիլանյան (1916, Շրվենանց, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Դիլանյանը ծնվել է 1916 թվականին Ղափանի շրջանի Շրվենանց գյուղում։ 1935 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, ուսուցչական աշխատանքի է անցել նախ՝ Վաչագանի, ապա՝ Նորաշենիկի տարրական դպրոցներում։ 1938-1941 թվականներին միաժամանակ հեռակայել և ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, այնուհետև սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում[1]։

1941 թվականին, երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը, Դիլանյանը զորակոչվել է կարմիր բանակ։ 1941 թվականին ավարտել է հրետանային գնդի կրտսեր հրամանատարների դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի 26 կոմիսարների անվան հրետանային ուսումնարանը, որն ավարտել է 1942 թվականին և ստացել լեյտենանտի կոչում։ 1942 թվականի հունիսից մեկնել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ՝ որպես մարտկոցի հրամանատար։ 276-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային գնդում մարտնչել է Օրջոնիկիձեից մինչև Թամանի թերակղզին։ Նրա մարտկոցն աչքի է ընկել Բեսլանի մոտ թշնամու խմբավորումների ոչնչացմանը, ինչպես նաև Արդոն, Տիխորեցկ, Վորոշիլովսկ, Եյսկ քաղաքների ազատագրման մարտերին։ 1943 թվականի ապրիլին գործուղվել է Կոստրոմոյի 3-րդ լենինգրադյան հրետանային դպրոցը՝ վերապատրաստման, ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ, մարտնչել Կուրսկ-Օրյոլի աղեղում։ 1943 թվականին Վիտեբսկ քաղաքի ազատագրման կռիվներում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Վիտեբսկի շրջանում հինգերորդ անգամ վիրավորվելուց և Իվանովի հոսպիտալում բուժվելուց հետո նշանակվել է Առաջին մերձբալթյան ռազմաճակատում գործող 156-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի շտաբի պետի տեղակալ։ 1944 թվականին կապիտան Դիլանյանը մասնակցել է թշնամու 33 դիվիզիաների շրջապատմանը և ջախջախմանը, որի համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1944 թվականի օգոստոսին Ռիգայի մատույցներում ծանր վիրավորվել է, ուղարկվել թիկունք բուժվելու[1]։

Դիլանյանը բուժվելուց հետո զորացրվել է և շարունակել մանկավարժական գործունեությունը։ Ուսմասվար և մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել Շրվենանցի միջնակարգ դպրոցում, ապա՝ տնօրեն Խոտանանի դպրոցում[1]։

Դիլանյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով և մի շարք պատվոգրերով։ 1944 թվականին Դիլանյանը ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]