Հոգևոր ուսումնական հաստատություններ
Հոգևոր ուսումնական հաստատություններ, պատրաստում են կրոնական պաշտամունքային ծառայողներ և տալիս աստվածաբանական կրթություն։ Առաջին հոգևոր ուսումնական հաստատություններ ստեղծվել են Հին Եգիպտոսի և Հին Բաբելոնի (մ. թ. ա. II հազարամյակում) տաճարներին կից՝ քրմեր պատրաստելու համար։
Առաջին հոգեւոր ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ. թ. ա. I հազարամյակի կեսերին Հնդկաստանում և Կենտրոնական ու Միջին Ասիայի պետություններում երևան եկան բուդդայական վանքեր, որոնցից շատերը դարձան ուսումնական հաստատություններ։ Հնդկաստանում բուդդայական վանական դպրոցներից բացի կային նաև բրահմաների կաստայական դպրոցներ։ Քրիստոնեության ծագումից հետո երևացին նոր տիպի հոգևոր ուսումնական հաստատություններ Ալեքսանդրիայում (Եգիպտոս), Երուսաղեմում, Հռոմում և Հռոմեական կայսրության այլ քաղաքներում։ Բյուզանդական շրջանում առաջանում են հայ և վրաց. եկեղեցիների հոգևոր սեմինարիաներ։ Կաթոլիկական հոգևոր ուսումնակն հաստատություններն ունեին խիստ արտահայտված կրոնական ուղղվածություն։ Համալսարանների կազմակերպմամբ (XI— XII դդ.) սկսեցին հիմնվել աստվածաբանական ֆակուլտետներ։ XV դ. սկզբներին Արևմտյան Եվրոպայի 46 համալսարաններից 18-ը ունեին այդպիսի ֆակուլտետներ։ XVI դ. ստեղծվում են նաև բողոքական եկեղեցու հոգևոր ուսումնական հաստատություններ։ Իսլամական հոգևոր ուսումնական հաստատությունների՝ մեդրեսեների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են IX դ.։
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգևոր ուսումնական հաստատություն Հայաստանում։
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսության շրջանում (մ. թ.ա. I հազարամյակ) Հայաստանում գործում էին մեհենական դպրոցներ։ Քրիստոնեության մուտքից հետո հիմնվեցին վանական, եկեղեցական դպրոցներ։ XI— XII դդ. ծխական, վանական ու եկեղեցական դպրոցներից բացի առանձնացնում են դպրատները, դպրեվանքերը, ընծայարանները, ժառանգավորաց դպրոցներն ու վարժարանները։ XI—XV դդ. բարձրաստիճան հոգևորականներ են պատրաստել ու վարդապետական կոչումներ են տվել Մյունյաց վարդապետարանը, Անիի, Սանահինի, Հաղպատի, Գոշավանքի, Բջնիի, Խորանաշատի դպրոցները, Գլաձորի, Տաթևի համալսարանները են։ XVII—XVIII դդ. կրոնական ու աստվածաբանական կրթություն են տվել Էջմիածնի ժառանգավորաց, Հովաևնավանքի, Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց, Հարանց անապատի դպրոցները։ Կ. Պոլսում աչքի է ընկել Հովհաննես Բաղիշեցու (Կոլոտ) դպրանոցը (XVIII դ.), Գում Գափուի մայր դպրատունը (1741), Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցը (1640)։ XVIII դ. հոգևոր ուսումնական հաստատություն են հիմնում նաև Մխիթարյան միաբանները Ս. Ղազարում, Տրիեստում։ XIX դ. հոգևոր դպրոցներ են հիմնադրվել Ախալցխայում (1830), Ախալքալաքում (1836), Վերին Ագուլիսում (1867), Բաքվում (1866), Աստրախանում (1859), Նոր Նախիջևանում (1875)։ Բարձրաստիճան հոգևորականներ պատրաստելու նպատակով հիմնադրվում են էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1874), Արմաշի դպրեվանքը (1889), Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը (1843), Ս. Ղազարի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836), Վիեննայի Մխիթարյանների դպրոցը (1811)։ Այժմ գործում են էջմիածնի հոգևոր ճեմարանը, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը, Անթիլիասի ընծայարանը (1929), Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների ընծայարանները։
Ռուսաստանի հոգեւոր ուսումնական հաստատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում հոգևոր ուսումնական հաստատությունները սկիզբ են առնում 1030-ից, երբ Յարոսլավ Իմաստունի հրամանով Նովգորոդում եպիսկոպոսական ամբիոնին կից հիմնվում է ուղղափառ քահանաների ուսումնարան։ Միակ աստվածաբանական դպրոցը Կիևի հոգևոր ակադեմիան էր (հիմն. 1632-ին)։ XVII դ. վերջում Մոսկվայում հիմնվեց վանական դպրոց, իսկ հետագայում նրա հիման վրա՝ սլավոնա-հունա-լատինական ակադեմիան։ XVIII դ. 2-րդ քառորդում հոգևոր ուսումնական հաստատություն էին ուսուցման 8-ամյա ծրագրով արքեպիսկոպոսական դպրոցները, որոնք հետագայում կոչվեցին սեմինարիաներ։ Ռուսաստանում կային նաև հռոմեա-կաթոլիկական ակադեմիա, կաթոլիկ կոլեգիաներ և սեմինարիաներ, իսլամական ուսումնական հաստատություններ։
Ժամանակակից արտասահմանյան հոգևոր ուսումնական հաստատություն ստորաբաժանվում են 3 հիմնական խմբերի՝
- աստվածաբանական համալսարաններ, ինստիտուտներներ, ակադեմիաներ և աշխարհիկ բուհերին կից աստվածաբանական ֆակուլտետներ,
- աստվածաբանական սեմինարիաներ, քոլեջներ, մեդրեսեներ, բարձրագույն աստվածաբանական և ղուրանական դպրոցներ,
- աստվածաշնչյան կատեխիզիսի, ղուրանական, վանական և այլ դպրոցներ։
Հոգևոր ուսումնական հաստատությունում 1970 թ-ին ռուսական ուղղափառ եկեղեցու համար հոգևորականներ էին պատրաստում Մոսկվայի և Լենինգրադի հոգևոր ակադեմիաներն ու Զագորսկի, Լենինգրադի և Օդեսայի հոգևոր սեմինարիաները։ Միջնակարգ հոգևոր ուսումնական հաստատություն են վրացական ուղղափառ եկեղեցու քահանայական-աստվածաբանական (Մցխեթ), բողոքական աստվածաբանական (Կաունսա և Ռիգա), ավետարանական քրիստոնյա-բապտիստների աստվածաշնչյան դասընթացները (Մոսկվա), Տաշքենդի բարձրագույն հոգևոր դպրոցը, Բուխարայի 7-ամյա Միրիարաբ մեդրեսեն, Էջմիածնի հոգևոր ճեմարանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 505)։ |