Հնդկացորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկացորեն
Մշակովի հնդկացորեն
Մշակովի հնդկացորեն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հնդկացորենազգիներ
Ցեղ Հնդկացորեն
Լատիներեն անվանում
Fagopyrum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 21281
NCBI 3616
EOL 61879

IPNI331606-2
Հնդկացորենի արտ ՀՀ Շիրակի մարզում

Հնդկացորեն (լատին․՝ Fagopyrumհնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում, ցողունը ցածր է, կարմիր։ Տեսակներից են հնդկացորեն մշակովի (F. esculentum), հնդկացորեն թաթարական (F. tataricum) ևն։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ Ծաղիկները բազմերանգ են, բուրումնավետ։ Ծաղկահյութի արտադրությունը բարձր է առավոտյան ժամերին՝ մինչև կեսօր, երաշտի ժամանակ գրեթե դադարում է։ Բույսը պտղաբերում է օգոստոսին, բերքի քանակը մեծապես կախված է մեղուների այցելությունների քանակից։ Եթե մոտակայքում չկան մեղվափեթակներ, ապա բերքատվությունը կնվազի մոտ երեք անգամ։ Չորս հազար քառակուսի մետր ցանքատարածքի լիարժեք փոշոտման համար բավարար է մեկ ուժեղ մեղվաընտանիք։ Սակայն, ցավոք, պետք է նշել, որ վերջին տարիներին Երկիր մոլորակի բազմաթիվ երկրներում գրանցվում է մեղուների զանգվածային «անհետացում»։ Պատճառները ակնհայտ են։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում ուժեղ մեղվաընտանիքների թիվը կարծես թե ավելացել է։

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները, 70% օսլա, 3% ճարպ, 0,5% շաքարներ, 1% բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ՝ E - 6,65 մգ, B1 - 0,43, B2 - 0,2, B6 - 04, B9 - 32 մկգ, PP - 4,19 մգ, բետա կարոտին - 0,006 մգ, յոդ - 4 մկգ, կոբալտ - 3,1 մկգ, պղինձ - 0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։

Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։

Բուժիչ նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունի գագաթային մասը՝ ծաղկման շրջանում։ Պարունակում է մեծ քանակությամբ ռուտին, թթուներ (գալլի, սուրճի, քլորոգենի), կատեխինային նյութեր, ֆագոպիրին։ Պարունակվող միկրոտարրերի բազմազանության շնորհիվ հնդկացորենն օգտակար է շաքարային դիաբետի, պանկրեատիտի, խպիպի դեպքում։ Լեցիտինը նպաստում է խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը։

Ի տարբերություն հացահատիկային բույսերի` չի պարունակում սնձան, սակայն գերազանցում է դրանց սպիտակուցների սննդարարությամբ, հատկություններով մոտ է լոբազգիներին։ Հնդկացորենը դյուրամարս է։ Կալորիականությամբ (333-348 կկալ) չի զիջում հացահատիկային և լոբազգի (բացառությամբ արախիսի) բույսերին։ Պահպանման ժամկետն ավելի մեծ է, քանի որ ճարպը կենտրոնացած է սերմի ներքին մասում։ Հնդկացորենի բուժիչ արժեքը բարձրացնում է նիացինը (PP), այս հատկանիշով բուսական ծագում ունեցող մթերքներից զիջում է միայն արախիսին, հավասար է ծիրանաչրին։

Թունավոր հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի կանաչ մասը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր։ Սերմը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում մաղձը, լորձը, առաջացնում է գազեր։ Ահա սա էր պատճառը, որ հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» մակդիրը։ Որպես դիետիկ սնունդ՝ խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։

Հնդկացորենի մեղր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ և ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար և ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է՝ շագանակագույնի բաց երանգից՝ մինչև մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք և համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։

Հարուստ է երկաթով՝ մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։

Արտադրական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ դարի վերջին տասնամյակներում բույսի արտադրական համաշխարհային ծավալը հետզհետե աճել է, սակայն 2005 թվականին այն նվազել է 1,82 անգամ, իսկ 2010 թվականին այդ բացասական ցուցանիշը հասել է 2,49-ի։ Զուգահեռաբար աճել են այս հրաշալի դիետիկ սննդամթերքի գները։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանալի պատմական անցյալ և ճակատագիր ունի այդ բույսը։ Հայրենիքը Հիմալայան լեռների արևմտյան հարթավայրերն են, մշակվում է ավելի քան չորս հազարամյակ, Պատմական Հայաստանի տարածքում՝ մոտ կես հազարամյակ ավելի ուշ։ Այն հնում համարել են ունդ և անվանել են «սև բրինձ»։ Արաբները բերել են այն Պիրենեյան թերակղզի, որտեղից տարածվել է դեպի իսպանական գաղութ հանդիսացող Ֆլանդրիա (Բելգիա, Հոլանդիա), որտեղ մշակվում և նույնիսկ արտահանվում է նորագույն ժամանակաշրջանում։ Հետաքրքիր է, որ ռուսներն անվանում են բույսը «գրեչիխա» (հունական), այնինչ հույները և իտալացիները այն անվանում են «թաթարական», իսկ բուլղարացիները՝ «ելդա»։

Ունդի կարգավիճակում բույսը մնացել է այնքան ժամանակ, մինչև Կարլ Լինեյը ելնելով հնդկացորենի սերմի և հաճարենու (Fagos) ընկուզիկի արտաքին նմանությունից, անվանել է այն Fagopyrum, գերմաներեն հնչում է այլ ձևով՝ Buchweizen, սակայն կրում է նույն իմաստը՝ «հաճարանման ընկույզ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лозина-Лозинская А. С., Род 395. Гречиха — Fagopyrum Gaertn., Флора СССР, հ. 5, Москва — 702—704, էջեր 702—704 — 702—704 էջ։
  • Цвелёв Н. Н., Род Гречиха — Fagopyrum Mill., Флора Восточной Европы, հ. 9, Москва — 135—136, էջեր 135—136 — 135—136 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 491