Հիպպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հիպպոս
ԵրկիրԻսրայել Իսրայել
Ժամային գոտիUTC+2
Հիպպոս (Իսրայել)##
Հիպպոս (Իսրայել)

Հիպպոս (հուն․՝ Ίππου), Սուսիտա (եբրայերեն՝ סוסיתא‎), հնագույն քաղաք Արևելյան Գալիլեայում՝ Գալիլեյան ծովի հարավարևելյան ափից ոչ հեռու։ Հիմնադրվելով Սելևկյանների օրոք որպես տիպական հելլենիստական պոլիս՝ Հիպպոսն ավելի ուշ դարձել է այսպես կոչված անկախ Դեկապոլիսի մաս և ծաղկում ապրել հռոմեական գերիշխանության ներքո մ.թ.ա. I դարի վերջից մինչև մեր թվարկության II դարի վերջը։ Վերապրելով քրիստոնեացում բյուզանդական դարաշրջանում (IV-VII դարեր), Հիպպոսը հաջողությամբ վերապրել է նաև արաբական նվաճումը։ Քաղաքն ավերվել է 749 թվականի աղետալի երկրաշարժից, որից հետո բնակիչները հեռացել են քաղաքից։ 1885 թվականից սկսած (2000 թվականից՝ մշտական հիմունքներով) քաղաքի շրջանում կատարվում են հնագիտական պեղումներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթ գագաթով քառանկյուն բլուրը, որի վրա տեղակայված է Հիպպոսը, գտնվում է Գալիլեյան ծովից հարավ-արևելք։ Բլրի գագաթի բարձրությունը լճի մակարդակից կազմում է 350 մետր։ Հիպպոս զբաղեցրել է բլրի ամբողջ գագաթը՝ ձգվելով արևմուտքից արևելք մոտավորապես 650 մետր և հյուսիսից հարավ՝ 170 մետր։ Քաղաքը շրջապատված է եղել բազալտե հզոր պարիսպներով, որ ունեցել են երկու դարպաս գլխավոր փողոցի՝ դեկումանուս մաքսիմուսի արևելյան ու արևմտյան ծայրերին[1]։

Քաղաք մտնելու լավագույն ուղին և՛ նրա ծաղկման ժամանակ, և՛ ներկայում գտնվում է նրանից արևելք և նեղ պարանոցով ձգվում է դեպի Գոլանի բարձունքների արևմտյան ճյուղավորումը։ Պարանոցի ստորոտի մոտ տեղակայված է Հիպպոսի նեկրոպոլը։ Դեպի քաղաք ձգվել է նաև ակվեդուկ, որով ջուրը քաղաք է հասցվել Հիպպոսից մոտավորապես 24 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպպոսը (սկզբում՝ Անտիոքիա-Հիպպոս) հիմնադրվել է Առաջավոր Ասիայում Սելևկյանների գերիշխանության ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 2-րդ դարում։ Քաղաքը բնակեցված է եղել գերազանցապես ոչ հրեաներով, չնայած առևտրային կապեր է ունեցել մոտակա հրեական գյուղերի ու քաղաքների հետ և եղել է հելլենիստական պոլիս՝ հունական մշակույթի կենտրոն տարածաշրջանում, որը բնակեցված էր սեմական ցեղերով։ Հետագայում քաղաքը գրավել է հրեաների թագավոր Ալեքսանդր Յաննայը։

Միջերկրական ծովի արևելյան ափին հռոեական գերիշխանության հաստատումից հետո (մ.թ.ա. 64 թվականից) Հիպպոսն զգալի ինքնավարություն ունեցող ինը այլ պոլիսների հետ ձևավորել է այսպես կոչված Դեկապոլիս։ Դեկապոլիսի քաղաքների թվում Հիպպոսը հիշատակվել է մասնավորապես Պլինիոս Ավագի «Բնական պատմության» մեջ[1]։ Քաղաքը մնացել է հելլենիստական մշակույթի կենտրոն և՛ հռոմեացիների, և՛ Հերովդես I-ի տիրապետության օրոք (որին այն նվիրել է Օկտավիանոս Օգոստոս)՝ միևնույն ժամանակ մշտապես թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով ոչ հեռու գտնվող հրեական Տիբերիայիհետ։ Քաղաքի հրեական բնակչությունը մասամբ կոտորվել է, մասամբ էլ վտարվել առաջին հրեական պատերազմի ժամանակ[3]։

Հռոմեական տիրապետության օրոք Հիպպոսը ծաղկում է ապրել ընդհուպ մինչև մեր թվարկության 2-րդ դարի վերջը։ Այդ ընթացքում պարսպով և երկու դարպասներով շրջապատված քաղաքում կառուցվել են ֆորում, բազիլիկ, օդեոն, հեթանոսական տաճարներ, այդ թվում նաև Մերձավոր Արևելքին բնորոշ բաց տաճար-կալիբե՝ նվիրված կայսերը։ Այդ ժամանակաշրջանում քաղաքի հովանավորը հավանաբար եղել է աստվածուհի Թուխեն (կամ Ֆորտունան), որի պատկերները գտնվել են տաճարային խճանկարներում և Հիպպոսում հատված մետաղադրամների վրա[2]։

4-րդ դարում Հիպպոսը քրիստոնեացվել է ամբողջ Հռոմեական կայսրության հետ միասին և դարձել եպիսկոպոսության կենտրոն[3]։ Քաղաքի պեղումների ժամանակ հայտանբերվել են ութ քրիստոնեական եկեղեցիներ, որ կառուցվել են 4-7րդ դարերում, այդ թվում նաև հենց հեթանոսական տաճարի վրա։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ Հիպպոսի քրիստոնեական եկեղեցիները շարունակել են գործել նաև 7-րդ դարում մուսուլմանության տարածումից հետո՝ Օմայանների օրոք։ Հիպպոսը դադարել է գոյություն ունենալուց ոչ թե պատերազմների, այլ 749 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով։ Դրա արդյունքում տեղի ունեցած ավերածություններն այնքան կործանարար են եղել, որ Հիպպոսի բնակիչները լքել են քաղաքն ու այլևս երբեք չեն վերադարձել[2]։ Ավելի ուշ այդ տարածքում ի հայտ է եկել արաբական գյուղ, որի անունը՝ Սուսիե (Սուսիա), կապված է Հիպպոսի արամեական անվան հետ՝ Սուսիտա[3]։

Բլուրը, որի վրա նախկինում տեղակայված է եղել Հիպպոսը, անցել է մի կայսրությունից մյուսին, մինչև Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում հայտնվել է Պաղեստինում բրիտանական մանդատի սահմաններում, ապա արաբա-իսրայելական պատերազմից հետո դարձել է Իսրայելի մաս. պատերազմի ժամանակ մոտակա գյուղերը լքվել են։ Ներկայում Հիպպոսից ոչ հեռու տեղակայված է իսրայելական Էյն Գև կիբուցը։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին Կալաթ էլ Հուսն բլուրն արժանացել է պատմաբանների ուշադրությանը։ 1849 թվականին Յոզեֆ Շվարցը ենթադրել է, որ բլուրը ծածկում է հրեական Գամլա քաղաքը. այդ վարկածը ժողովրդականություն է վայելել երեք տասնամյակի ընթացքում, նրա օգտին հանդես են եկել այնպիսի ուսումնասիրողներ, ինչպիսիք են Կոնրադ Ֆյուրերը, Չարլզ Ուիլսոնը, Վիկտոր Գերենը և Սելահ Մերիլլը։ Կոնրադ Ֆյուրերը 1879 թվականին առաջինն է առաջ քաշել այն վարկածը, որ բլրի վրա իրականում տեղակայված է եղել Հիպպոսը։ 1880-ական թվականների վերջին այդ վարկածը դարձել է գերակշռող[4]։

1885 թվականին Գոտլիբ Շումախերը կազմել է Կալաթ էլ Հուսնի մանրամասն պլանը։ Շումախերի պլանը ներառել է փողոցների քարտեզն ու բազմաթիվ հասարակական շինություններ[2]։ Այդ շրջանում կատարված հնագիտական պեղումները, սակայն, սկսվել են միայն 1951 թվականին, երբ բլրի մոտ, որը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի արդյունքում հայտնվել էր հրեական պետության տարածքում, տեղակայվել է իսրայելական սահմանապահ պահակետ։ Պեղումների և օբյեկտի պահպանության ուղղությամբ սահմանափակ ծավալի աշխատանքներ է կատարել Իսրայելի հնությունների դեպարտամենտը մինչև 1955 թվականը[1]։

1964 թվականին Սուսիտա բլուրը հայտարարվել է Իսրայելի ազգային պարկ (2004 թվականից բլուրն ու շրջակայքը արգելոց են)։ 1999 թվականին կազմվել է նոր հնագիտական պլան, իսկ 2000 թվականին սկսվել են պեղումներ։ Հիպպոսի (Սուսիտա) հնագիտական գիտարշավը միջազգային նախագիծ է, որի մասնակիցների թվում կան Ցինմանի ինստիտուտի (Հայֆայի համալսարան), Լեհաստանի գիտությունների ակադեմիայի միջերկրածովյան հնագիտության հետազոտական կենտրոնի, Վարշավայի ազգային թանգարանի և Կոնկորդիա համալսարանի (Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ) ներկայացուցիչներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Общая информация Արխիվացված 2018-05-12 Wayback Machine на сайте археологической экспедиции Гиппос (Сусита)
  2. 3,0 3,1 3,2 Сусита՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. Syon D, Yavor Z. Chapter 1. The Identification of Gamla // Gamla II - The Architecture. The Shmarya Gutmann Excavations, 1976-1989 (IAA Reports 44). — Israel Antiquities Authority, IAA Reports, No. 44, 2010. — P. 5. — ISBN 9789654062343

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպպոս» հոդվածին։