Հիմբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիմբա, Նամիբիայի հյուսիսում բնակվող քոչվոր ժողովուրդ։

Հիմբա ժողովրդի կանայք

Հիմբաները ծագել են հերերո ժողովրդից։ Նրանք խոսում են հերերո լեզվի օտջիհիմբա բարբառով։ Հիմբաները հերերոների հետ միասին Նամիբիա են եկել մի քանի հարյուր տարի առաջ՝ արևելյան Աֆրիկայից: Մոտ 150 տարի առաջ հերերոները անջատվել են հիմբաներից և բնակություն հաստատել հարավում:

Հիմնականում հիմբաները զբաղվում են անասնապահությամբ (խոշոր եղջերավոր անասուններ, այծեր ու ոչխարներ)։ Հիմբա կանայք կատարում են առավել ծանր աշխատանք (ջուրը կրում են գյուղ, կառուցում են տներ և այլն), քան տղամարդիկ։ Հիմբաներն իրենց տները կառուցում են երիտասարդ ծառերից, որոնք հետո ծեփվում են ցեխով ու գոմաղբով։

Հիմբաների ավանդական տունը

Հիմբաները պահպանել են իրենց ավանդական հավատալիքները՝ նախնիների պաշտամունքը և սրբազան կրակի հետ կապված ծիսակարգերը, որոնք համարվում են կարևոր կապող օղակ ողջերի աշխարհի և անդրշիրիմյան աշխարհի միջև։ Սրբազան կրակը պահպանվում է՝ քանի դեռ ողջ է ցեղի առաջնորդը։ Երբ նա մահանում է, նրա տունը քանդում են, իսկ կրակը հանգցնում։ Նրա ընտանիքը ողջ գիշեր կատարում է ծիսական պարեր:

Himba-Hirten.jpg

Հիմբաների համար ոչ պակաս կարևոր են սանրվածքը, հագուստը և զարդեղենը։ Կանայք հագնում են այծի կաշվից կիսաշրջազգեստ, զարդարվում են խեցիներով և պղնձյա այլ զարդերով։ Եվ տղամարդիկ և կանայք իրենց մարմինը պատում են օքրայի, ճարպի և մոխիրի խյուսով՝ մաշկը արևից պաշտպանելու համար։ Հաճախ այդ մածուկին ավելացնում են հոտավետ բուսանյութեր։ Այդ խառնուրդը նրանց մաշկին տալիս է կարմրավուն երանգ, որը արյան և կյանքի խորհրդանիշն է։ Կանայք այդ խառնուրդով են պատում նաև մազերը: Կանանց սանրվածքից կարելի է որոշել նրանց ամուսնական դրությունը։ Տղամարդկանց սանրվածքից նույնպես կարելի է կռահել նրանց ամուսնական դրությունը՝ օրինակ, ամուսնացած տղամարդիկ չալմա են կրում։ Ժամանակակից հագուստը հիմբաների մոտ բացակայում է, բայց եթե այն ձեռք են բերում, ապա դրանք ստանում են միայն տղամարդիկ։ Ժամանակակից կենցաղային իրերից հիմբաները օգտագործում են միայն պլաստիկ շշեր և ցելոֆանե տոպրակներ՝ զարդեղենը և այլ իրեր պահելու համար։

Անապատային խիստ կլիմայի պայմաններում ապրելով և արտաքին աշխարհից կտրված լինելով հանդերձ, հիմբաները պահպանել են իրենց ավանդական կենսակերպը։ Ցեղի յուրաքանչյուր անդամ պատկանում է երկու կլանի՝ հայրական և մայրական։ Այդ կլանները ղեկավարում են ամենատարեց տղամարդիկ։ Որդիներն ապրում են իրենց ծնողների (հոր և մոր) կլանում, իսկ դուստրերը ամուսնանալուց հետո տեղափոխվում են ապրելու ամուսնու կլանում։

1904 թվականին գերմանական գաղութարար բռնապետության գեներալ Լոտար ֆոն Տրոտի ղեկավարությամբ, հիմբաները ենթարկվել են ցեղասպանության: 1980-ական թվականներին հիմբաների գոյությունը վտանգված էր։ Դաժան երաշտը կործանել էր խոշոր եղջերավոր անասունների 90%-ը։ Այդ պատճառով շատ հիմբաներ լքեցին իրենց ցեղերը և ուղևորվեցին քաղաքներ: 1990-ական թվականներին հիմբաները կրկին ի հայտ եկան։