Հետընտրական բողոքի ցույցեր Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների ինստիտուտը չի վայելում հասարակական լայն շերտերի վստահությունը[1]։ Բացառությամբ 1998 թ.` բոլոր նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել են դրանց արդյունքները Սահմանադրական դատարանում և փողոցներում՝ հանրահավաքների միջոցով[2]։

1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո առաջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. հոկտեմբերի 17-ին։ Գերագույն Խորհրդի նախագահ և Հայ Համազգային Շարժման (ՀՀՇ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի քան 80%-ով ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ազգային Ինքնորոշում Միավորում (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը ընտրողների 7%-ի քվեն էր ստացել, կազմակերպեց «Սև դրոշների երթը»[3]։

1996[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Ազգային ժողով

Անկախ Հայաստանում երկրորդ նախագահական ընտրությունները անցան 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Ըստ պաշտոնական տվյալների` Լևոն Տեր-Պերտոսյանը վերընտրվեց մոտ 51%-ով։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ, Տեր-Պերոսյանի նախկին կուսակից և ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը ստացավ ընտրողների քվեների 41%-ը։ Չընդունելով ընտրությունների արդյունքները` հաջորդ օրը Մանուկյանի ղեկավարած միացյալ ընդդիմությունը (ԱԺՄ, ԱԻՄ, ՀՅԴ) սկսվեց առաջին մասսայական հետընտրական բողոքի ցույցերը Հայաստանի պատմության մեջ, իսկ արդեն սեպտեմբերի 25-ին Մանուկյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ ներխուժեցին Ազգային Ժողովի շենք և ծեծեցին ԱԺ այդ ժամանակվա խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին[4]։

2003-2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղրամյան պողոտա, ապրիլի 12, 2004 թ.

2003 թ. փետրվարի 19-ին կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չստացավ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացավ 49.5%, ընդդիմության գլխավոր թեկնածու ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը՝ 28.2%, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 18%։ Մարտի 5-ին կայացած երկրորդ փուլի արդյունքներով Ռոբերտ Քոչարյանը հավաքեց 67.5%, իսկ Դեմիրճյանը ընդամները 32.5%։ Հետընտրական ցույցերը շարունակվեցին մինչև 2004 թ. ապրիլ։ 2004 թ. ապրիլի 12-ին մոտ մի քանի տասնյակ մարդ ուղղվեց դեպի Բաղրամյան պողոտայում գտնվող Նախագահական նստավայր, որտեղ նրանք հանդիպեցին ոստիկանության կողմից շարված փշալարերին։ Հավաքված ժողովրդի մի մասը մնաց այնտեղ գիշերելու, որոնց ոստիկանությունը բռի ուժով ցրեց[5]։

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության հրապարակ, Փետրվարի 24, 2008 թ.
Մյասնիկյանի հրապարակ, Մարտի 1, 2008 թ.

2007 թ. սեպտեմբերի 21-ին կայացած ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր քաղաքականություն վերադառնալու և առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ 2008 թ. փետրվարի 19-ին կայացան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթանակ տարավ ՀՀ վարչապետ և նախկին Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 20-ին սկսեց մասսայական հանրահավաքների շարք Երևանի Ազատության հրապարակում։ Մեկ շաբաթից ավել շարունակվող ցույցի մասնակիցները բռի ուժով ցրվեցին փետրվարի 28-ի գիշերը։ Մարտի մեկի առավոտյան մի քանի հազար մարդ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ Մյասնիկյանի հրապարակում։ Օրվա ընթացքում ոստիկանական ուժերը բերվեցին Երևան և մարտի մեկին գիշերը բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, այդ թվում երկու ոստիկան։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանի աջակիցները և ոստիկանության բախումը Բաղրամյան պողոտայում, Ապրիլի 9, 2013 թ.

2013 թ. ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մի քանի հազար մարդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա։ Այնտեղ ոստիկանությունը կազմել էր մարդկային պատ՝ Հովհաննիսյանի աջակիցների առաջընթացը դեպի Նախագահական նստավայր կանխելու համար։ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանության միջև, որի արդյունքում եղան մի քանի վիրավորներ, այդ թվում Արմեն Մարտիրոսյանը։ Այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության մի քանի ղեկավար անդամների և հավաքված հանրության մի մասի հետ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ տեղի ունեցավ աղոթք։ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը որոշների կողմից որակվեց որպես դավաճանություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց, որ այդ քայլը արվել է մարդկային զոհերից խոսափելու համար։

 

2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմահազարանոց հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Ապրիլի 21 2018  

Ցուցարարների վրանները Ֆրանսիայի հրապարակում։ Ապրիլի 14 2018  

2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյան֊ին։

Ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց[18] հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Սերժ Սարգսյանի հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 23-ին ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Իր վերջին ելույթում նա ասել էռ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին։

Շնորհակալ եմ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու հրաժարականը։

2023[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսված էր Երևանի ավագանու հերթական ընտրությունը։ Հիմնական պայքարը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, դերասան Հայկ Մարությանի և Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի միջև էր։ Ընտրությունների արդյունքում 50+ ձայն ոչ ոք չհավաքեց։ Քաղաքապետ պետք է ընտրվի Ավագանու անդրանիկ նիստում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 13։ 00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը արցախյան հատվածի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սկսել են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերին, կարևորագույն օբյեկտներին, որից հետո սկսել է փորձեր ձեռնարկել ճեղքել Պաշտպանության բանակի պաշտպանություն։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ,

Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սա վերաբերվում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին։

Իհարկե մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և խոսվում է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին։

Առաջինն՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում՝ երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն։

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ և անվտանգ։ Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում։ Չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում, դուք գիտեք, որ մենք ունեցել ենք նաև որոշակի վերապահումներ։

Նաև իմ արձագանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի Հանրապետության անունը հիշատակելն արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։ Եվ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը։

Եվ այս առումով, իմ գնահատականն առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ որ առումով նաև իմ գնահատականն է և իմ համոզմունքը։ Ամեն դեպքում մենք, կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին։

Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ Լեռնային Ղարաբաղից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև, առավել ևս այս պայմաններում, կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է։ Եվ մենք կշարունակենք հետևել իրադարձություններին, և եթե լրացուցիչ գնահատական և լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, իհարկե, այդ ասելիքն անպայման կկիսենք ձեզ հետ։

Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը, լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և, իհարկե, նաև որոշակի, գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված և լրացուցիչ գնահատականներ, ասելիք ունենալու պարագայում այն անպայման կկիսենք ձեզ հետ։ Շնորհակալություն, այս պահին՝ այսքանը։

Անկարգություններ և բողոքի ցույցեր Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո 15։ 00-ի սահմաններում մի խումբ արցախցիներ հավաքվեցին Կառավարության շենքի դիմաց,իսկ 19։ 00-ի սահմաններում մարդկանց հոսքը Հանրապետության հրապարակ եռապատկվեց։ Գիշերը տեղի ունեցավ բախում ոստիկանների և ցուցարարների միջև,որի արդյունքում տասնյակ ցուցարարներ և ոստիկաններ ստացան մարմնական վնասվածքներ։ Ցուցարարները նետեցին քարեր ոստիկանների ուղղությամբ։ ԱԼՖԱ ջոկատի օգնությամբ ոստիկանները փորձեցին ցրել ցույցը։

Ցույցերը շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ին,իսկ երեկոյան հանրահավաք եղավ Հանրապետության հրապարակում։

Սեպտեմբերի 22-ին դասադուլ հայտարարեցին ԵՊՀ-ի, Բրյուսովի մի շարք ուսանողներ, թիվ 29 դպրոցի աշակերտները։ Hayat project-ը հայտարարել է գործադուլ։

Սեպտեմբերի 23-ին ցույցերը տարածվեցին մարզերում` Գյումրիում և Վանաձորում։ Փակվեցին Գավառ-Սևան միջպետական ճանապարհը և այլ ճանապարհներ։ Երեկոյան բազմահազարանոց հանրահավաքում ձևավորվեց Ազգային կոմիտեն։

Սեպտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարվեց փողոցների շրջափակման գործընթացը։

Սեպտեմբերի 25-ից սկսվեց փողոցների շրջափակման գործընթացը, որը տևեց երկու օր։

Սեպտեմբերի 26-ին Անդրանիկ Թևանյանը հայտարարեց հանրահավաքի հետաձգման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ապահովեք վստահություն «Հայկական ժամանակ», մայիսի 14, 2013 ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցից հատված՝ «Ընտրությունների նկատմամբ հանրության վստահության պակասը պահպանվում է»
  2. Ով ինչպես հաղթահավաք արեց, Ա1+, Մարտի 30, 2013
  3. Անցան դետալների քննարկմանը Հուլիսի 13, 2011 «Չորրորդ ինքնիշխանություն»
  4. 1996 թվականի սեպտեմբեր Արխիվացված 2013-12-10 Wayback Machine, սեպտեմբերի 26, 2002 «Ազգ» օրաթերթ
  5. «2004–ի ապրիլի 12–ը մարտի 1-ի նախերգանքն էր» ապրիլի 12, 2013 «Ա1 պլյուս»

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]