Հայկական ազգային օջախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայկական ազգային օջախ», «Ազգային տուն» (անգլ.` "Armenian National Home"), դիվանագիտական եզրույթ, որը շրջանառության մեջ են մտցրել դաշնակից տերությունները (Անգլիա, Ֆրանսիա և այլն) 1921 թվականի Լոնդոնի կոնֆերանսում, երբ պարզ է դառնում, որ փոփոխված հանգամանքների բերումով (թուրքական արշավանքները Հայաստան և 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքում, խորհրդային իշխանության հաստատում Հայաստանում, խորհրդա-թուրքական պատերազմի վտանգ, և այլն) պետք է վերանայվեին 1920 թվականի օգոստոսի 10Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները։ Անտանտի տերությունների այդ քայլը թելադրված էր նաև այդ նույն օրերին քեմալական Թուրքիայի հետ նրանց անջատ բանակցություններով, որոնց նպատակն էր ի հաշիվ ազգային փոքրամասնությունների (հայեր, հույներ, արաբներ և այլն) շահերի տնտեսական արտոնություններ կորզել իրենց համար այդ երկրում։ Այդպիսով «Հայկական ազգային օջախ» անորոշ հասկացությունը գալիս էր փոխարինելու Սևրի պայմանագրում նախատեսված հայկական ազատ և անկախ պետությանը և նշանակում էր հայկական հարցի վերջնական ձախողում, ինչը իր տրամաբանական վախճանն ունեցավ Լոզանի պայմանագրում, որտեղ հիշատակություն անգամ չկար հայերի և նրանց պահանջատիրության մասին։ Կոնֆերանսում լորդ Քերզոնի այն խնդրանքին, թե պատերազմի ժամանակ «մեծ կորուստներ կրած և անչափ դաժան տառապանքների ենթարկված» արևմտահայերը արժե, որ մի «ազգային օջախ» ունենան Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներում կամ Կիլիկիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանագծի վրա, թուրք պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինոնյուն պատասխանում է, թե այդպիսի օջախի ստեղծումը հավասարազոր է Թուրքիայի անդամահատմանը, որին միշտ հետամուտ են եղել եվրոպական տերությունները, և այդ պատճառով էլ նա մի «պատառ իսկ» հող չի կարող գտնել իր տարածքում այդպիսի ծրագիր իրագործելու համար։

Հետագայում նույնպես, ընդհուպ մինչև 1929 թվականը, «Հայկական ազգային օջախ» եզրույթը տեղ է գտել Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց այս անգամ արդեն «աշխարհի հզորները» այդ «ազգային օջախը» փնտրում էին ոչ թե արևմտյան Հայաստանում կամ Կիլիկիայում, այլ բուն արևելյան Հայաստանում, ՀԽՍՀ-ում, որն արդեն այդպիսի ազգային տուն էր դարձել աշխարհով մեկ սփռված հայության համար՝ նրանց ցանկությունից անկախ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։