Հայերը Փարիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերը (հիմնականում վաճառականներ) Փարիզում բնակություն են հաստատել 15-րդ դարից։ 1672 թվականին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Սեն Ժերմեն թաղամասում բացել Է Ֆրանսիայում առաջին սրճարանը։ Մինչև 18-րդ դարի վերջը Փարիզում հայերը փոքրաթիվ ու չկազմակերպված մի համայնք էին։ 1798 թվականին Փարիզում հիմնադրված Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել է հայագիտական ամբիոն, որի առաջին վարիչը մինչև 1827 թվական Հակոբ-Շահան Ջրպետյանն էր։ 1846 թվականից Սերում սկսել Է գործել Սամուել Մուրատ վարժարանը, նույն թվականից (մինչև 1862)՝ Արամյան տպարանը, որտեղ տպագրվել Է Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ 1840-ական թվականներից Փարիզ է ձգտել ուսումնատենչ հայ երիտասարդությունը (հիմնականում հետևել են բժշկությանը՝ 1843–1914 թվականներին ավարտել է 122 հայ երիտասարդ)։ Բացվում է ՀԲԸՄ վարչական կենտրոնը։ 1926 թվականին կազմակերպվել է Հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը (որի անդամներից էին նկարիչներ Շ. Ադամյանը, Հ. Ալխազյանը, Վ. Մախոխյանը, Էդգար Շահինը, քանդակագործ Հ. Գյուրջյանը)։ Փարիզը դառնում է հայ մշակույթի կենտրոններից։ Երկար տարիներ Փարիզում են ապրել և ստեղծագործել Ա. Չոպանյանը, Ավ. Իսահակյանը, Շիրվանզադեն, Երվանդ Քոչարը, Ս. Խաչատուրյանը։ 1926–1928 թվականներին Փարիզում էր Մարտիրոս Սարյանը, որի ստեղծագործությունների աոաջին ցուցահանդեսը բացվեց 1926 թվականին (երկրորդը՝ 1980 թվականին, նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ)։ Իրենց նպաստն էին բերում հայ մշակույթին (և ոչ միայն հայ) պրոֆեսոր Հ. Սվաճյանը, պրոֆեսոր Շ. Տետեյանը, աշխարհագրագետ և քարտեզագետ Զ. Խանզատյանը, պատմաբան Ն. Ադոնցը, գրողներ Զ. Եսայանը, Շահան Շահնուրը, Վ. Շուշանյանը, Վ. Մալնզյանը, Զ. Որբունին, Բ. Թոփալյանը, քանդակագործ Դ. Կամսարականը, նկարիչ Լ. Թյությունջյանը, դերասաններ Ա. Շահխաթունին, Մ. Մաքսուտյանը և ուրիշներ։

Փարիզի հայերը երախտապարտ և հավատարիմ են եղել իրենց հյուրընկալած երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ մարտնչող ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Բանաստեղծ կոմունիստ Միսաք Մանուշյանը գլխավորեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատներ և գնդակահարվեց ֆաշիստների կողմից։ 1942–1945 թվականներին հակաֆաշիստ, գործունեություն ծավալեց հայ հայրենասերների Հայ ազգային ճակատ կազմակերպությունը։

Ետպատերազմյան տարիներին ստեղծվեցին ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ, 1946 թվականին), ֆրանսահայ մշակութային միությունը (1949 թվականին), շարունակում են լույս տեսնել պարբերականներ, իրենց գործունեությունն են աշխուժացնում հասարակական, մշակութային և այլ կազմակերպությունները։ Ստվարանում է Փարիզահայ համայնքը (ի հաշիվ Մերձավոր Արևելքի երկրներից գաղթածների)։ 1985 թվականին Փարիզում՝ իր շրջակա քաղաքներով (Ալֆորվիլ, Բանյո, Կլամար, Շավիլ, Իսի լը Մուլինո, Բուա Կոլոմբ, Անիեո, Աոնովիլ, Վերսալ և այլն) հաշվվում էր շուրջ 80 հազար հայ։

Փարիզում են ապրում և ստեղծագործում հայազգի արվեստագետներ (որոնց ստեղծագործությունները նպաստում են ֆրանսիական և հայ մշակույթի զարգացմանը) Անրի Թրուայան, Վահե Քաչան, Ռ. Մելիքիք]]ը, Ա. Ադամովը (մահ. 1970), Գ. Արութը, Գառզուն, Ժանսեմը, Շարթը, Անրի Վերնոյը, Ռոզի Վարդը, Ա. Սափրիչը, Գ. Ասլանը, Շառլ Ազնավուրը, Ժորժ Կառվարենցը, Ա. Մեսումենցը, Ա. Պարթևյանը, Լ. Դուրյանը, Ժ. Սերգոյանը, Ռ. Պետրոսյանը, Մ. Միրիմանովան և շատ ուրիշներ։

Տարբեր տարիների Փարիզում կազմակերպվել են հայկական ցուցահանդեսներ՝ «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» (1970 թ.), «Մարտիրոս Սարյան» (1982 թ.), «Հայկական Փարիզը» (1990 թ.), «Կիլիկիայի թագավորությունը» (1993 թ.), «Հայաստանը Արևմուտքի և Արևելքի միջև» (1996 թ., Ազգային գրադարան), «Անի – 1000-ամյա մայրաքաղաք» (2001 թ.), «Սուրբ Հայաստան» (2008 թ.)։ 2003 թվականին Փարիզի «Կանադայի հրապարակում» կանգնեցվել է Կոմիտասի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ Կոմիտասի և 1,5 միլիոն հայերի, որոնք զոհ գնացին օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրականացված XX դարի առաջին ցեղասպանությանը»։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png