Հայերը Զամոշչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զամոշչը (լեհ.՝ Zamość, լատիշ․՝ Zamoscia, ուկրաիներեն՝ Замостя, ռուս.՝ Замость (Замостье), եբրայերեն՝ זאמאשטש‎) քաղաք է Լեհաստանի Լուբելսկե վոյեվոդությունում։ 1992 թվականին Զամոշչի հին քաղաքը (կենտրոնը) գրանցվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Հայերն այդ քաղաքում հաստատվել են ուշ միջնադարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը քաղաքում հաստատվել են ուշ միջնադարում։ Յան Զամոյսկին հրովարտակով քաղաք է հրավիրել հայերին, ովքեր տեղափոխվել են Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից, Ղրիմից, ինչպես նաև Ռեչ Պոսպոլիտայի տարբեր քաղաքներից հոգևորական Գալուստի և Մուրադ Յակուբովիչի գլխավորությամբ։ Այդ հրովարտակով Յան Զամոյսկին խոստացել է հայերին պաշտպանել անարդարություններից և քսան տարով ազատել հարկերից։ Ղևոնդ Ալիշանը հիշատակում է, որ հայերի մուտքը քաղաք թվագրվում է 1586 թ.: Ավելի ուշ Յան Զամոյսկին քաղաքում բնակվելու համար հրավիրել է հույներին ու հրեաներին։ Արդեն 1591 թվականին Զամոշչում այլազգիներով բնակեցված 44 տներից 19 ը պատկանում էր հայերին, իսկ 1669 թվականին՝ 29 տուն։ 17-րդ դարում հայերի թիվը քաղաքում հասնում էր 300-ի, 1678 թվականին՝ 90-ի, 1738 թվականին՝ հազիվ 10-ի, իսկ 1784 թվականին քաղաքում հայեր չէին բնակվում։ 17-րդ դարի երկրորդ կեսին հայերի շրջանում կաթոլիկություն ընդունելու հետևանքով առաքելադավան հայերի թիվը կրճատվում է։ Հայերի հիմնական զբաղմունքն էր արհեստագործությունն ու առևտուրը։ Հատկապես հայերի ձեռքին էր Մոլդովայի, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հետ առևտուրը, հայերը ծավալվել են մինչև Պորտուգալիա և Չինաստան։ Հայ առևտրականները արևելքից ներկրել են գորգեր, ոսկերչական, կաշվե իրեր, կտորեղեն ու գործվածքներ, գոտիներ, մետաղյա զենքեր, թանկարժեք քարեր, արևելյան համեմունքներ և այլն։ Մեծ հռչակ էին վայելում հայ ոսկերիչները. հիշատակվում են Յակուբ, Ստանիսլավ, Քշիշտոֆ արհեստավորները, ում ձեռքին էին կենտրոնացել քաղաքի ոսկերչությունը։ 1589 թվականի Յան Զամոյսկին արտոնել է հայերին զբաղվելու նաև գինու, մեղրի, օղու և գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Տնտեսական առումով հայ համայնքը թուլացել է 19-րդ դարում հրեական համայնքի հզորացմանը զուգահեռ, քանի որ հրեաներն աստիճանաբար առևտրից դուրս մղեցին հայերին։

Շնորհիվ արևելյան լեզուների իմացության՝ հայերն ազդեցիկ դեր են ունեցել քաղաքի կյանքում, նրանք եղել են թարգմանիչներ և դիվանագետներ (ազնվական Միկոլայ Հաջիևովիչը, Բոգդան Վարթերեսովիչը, Կասպեր Սինանովիչ-Շիմանսկին)։ Հայերը Զամոշչում ունեին ինքնավարություն, համայնքը ղեկավարում էին հայ ավագանու կողմից։ Ավագանին ընտրվում էր տարին մեկ անգամ և հանդիսավոր երդվում էր Մեծ պահքի ընթացքում։ Որպես ավագանու անդամներ հիշատակվում են Պարոն Աղէկսանդրոսը, Թոբիաշ Բոգդանովիչը, Գաբրիել Արևովիչը, Վարթերես Կիրկորովիչը և այլոք։ Հայկական համայնքն ունեցել է սեփական զինանշանը և կնիքը, որի վրա պատկերված էր Հովհաննես Մկրտիչը, նրանից աջ՝ վահանը, ձախ՝ գառնուկը։ Այն շրջանաձև երիզված է եղել հայերեն գրությամբ։ Ավագանին իրականացրել է նաև դատարանի գործառույթ, որը գործում էր Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա։ Հայոց եկեղեցու ունեցվածքն ու եկամուտները կարգավորում էին երկու երեսփոխանները, ովքեր նշանակվում էին Լվովի հայոց արքեպիսկոպոսի կողմից։ Աշխարհիկ դատարանից բացի գործում էր նաև հոգևոր դատարանը՝ խուցը, որտեղ քննվում էին ամուսնական, ծիսական և եկեղեցական ոլորտի գործեր։

1594 թվականին Զամոշչում հիմնադրվեց Ակադեմիա, որը գործել է մինչև 1784 թվականը։ Համահիմնադիրներից է հայազգի բանասեր, բժիշկ, պոետ Շիմոն Շիմոնովիչը, ով ստեղծագործել է տարբեր լեզուներով, գրել է դրամաներ, պոեմներ, բանաստեղծություններ։ 1590 թվականին նա լեհական Զիգմունդ Գ արքայից ստացել է արքայական պոետի տիտղոսը և Բենդոնսկի ազնվական ազգանունը։ Ակադեմիայի առաջին ռեկտորը հայազգի փիլիսոփա, աստվածաբան Մելխիոր Ստեֆանիդիս-Ստեֆանովիչն է (1563-1638)։ Նա ուսանել է Կրակովի համալսարանում՝ 1593 թվականին ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 19-րդ դարում ակադեմիայի ռեկտորն էր հայազգի Յակուբ Պասխալիս Առաքելովիչը, ով ևս ուսանել է Կրակովի համալսարանում՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1716-1724 թթ. նա հինգ անգամ ընտրվել է ռեկտոր։

Զամոշչի հայկական թաղամասի գծագրի հեղինակն է իտալացի ճարտարապետ Բեռնարդո Մորանդոն։ Քաղաքի հայկական փայտաշեն եկեղեցին հիմնադրել է Լվովից հրավիրված հոգևորական Լուկաշը՝ Ղուկասը, ով Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրակն էր։ 1589 թվականին եկեղեցին հիշատակվում է Ս. Աստվածածին, որին կից եղել է երիցատներ, օժանդակ շինություններ, գերեզմանատուն։ Համայնքի հզորացման համար նպատակ կար նոր եկեղեցի կառուցել, որի հիմքերի օծումը տեղի է ունեցել 1626 թվականին մայիսին։ Եկեղեցին կանգուն է եղել արդեն 1633 թվականին, իսկ 1645 թվականին տեղի է ունեցել օծումը։ Այն ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր կառույց էր՝ ավանդատներով և յոթանիստ խորանով։ Ութանիստ թմբուկով գմբեթը ավարտվել է բրգաձև վղարով։ Եկեղեցու միակ մուտքը եղել է արևմուտքից, որի վերնամասում եղել է հայերեն շինարարական բնույթի արձանագրությունը։ Եկեղեցու հյուսիս-արևմտյան մասում եռահարկ զանգակատուն-աշտարակն է եղել, որի առաջին հարկը կամարակապ բաց սրահ է եղել, իսկ երրորդ հարկը ութանիստ՝ զրադարված քիվերով և ութ որմնասյուներով, որոնց վրա էլ ավարտվում էր բրգաձև վեղարը։ Ավագ սեղանին եղել է <<Տիրամայրը մանկան հետ>> սրբապատկերը, որում Տիրամայրն ու մանուկ Հիսուսն ունեցել են ընդգծված հայկական դիմագծեր։ Եկեղեցական համալիրը պարսպապատ է եղել։ Եկեղեցին և հատկապաես զանգակատուն-աշտարակը տուժել է 1672 թվականի և 1709 թվականի հրդեհներից։ Թեև 1710 թվականին եկեղեցին վերանորոգվել է, սակայն հայերը ստիպված են եղել վաճառել եկեղեցու արծաթյա իրերը:19 -րդ դարում հայերի թվի նվազման հետ կապված լեհ կաթոլիկները սկսեցին օգտագործել եկեղեցին, իսկ 1826-1827 թթ. այն քանդեցին վթարային լինելու պատճառով։ Եկեղեցու վերաբերյալ փաստերն արձանագրվել են 1968 թվականին, երբ նույն տեղում կառուցում էին հյուրանոց։ Այսօր էլ հյուրանոցի արևմտյան ճակատին փորագրվել է մի գրություն, որտեղ հիշատակվում է, որ նախկինում այդ տեղում կառուցվել է հայկական եկեղեցի։

Հիշատակություն կա նաև հայոց եկեղեցու քահանաների մասին՝ Քրիստափոր Կալուստը ( Խաչատուր Գալուստ, 1585 թ.), Հակոբ Թոխաթեցին (Յակուբ Ալթունովիչ կամ Բոգդանովիչ, հիշատակվում է 1595 թվականից), Տեր Պետրոսը (Հակոբ Թոխաթեցու ավագ որդին, 1638 թ.), Տեր Անդրեասը, Տեր Նիկոլը, Տեր Հովհաննեսը և այլոք։ Վերջին հոգևորականը եղել է Դեոդատ Շատբեյը (1774-1784 թթ.), որից հետո մատենագիտական տվյալները սուղ են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սահակ, Վարդանյան (2016, 12, 35-64). «Զամոշչը և հայերը». Վարձք.