Հայաստանի Հանրապետության լեռնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում է գտնվում եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը՝ 29743 կմ² տարածքով, որի 2%-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60%-ը՝ մինչև 2000 մ, 38%-ը 2000 մետրից բարձր է և անբարենպաստ՝ տնտեսական գործունեության համար։ Մեծ են բացարձակ բարձրությունների տարբերությունները, ամենաբարձրը՝ քառագագաթ Արագածն է՝ 4090 մ, ամենացածրը ՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ։ Հայաստանի Հանրապետության տարածքի 18%-ը հարթավայրեր են, 80%-ը՝ լեռներ։ ՀՀ տարածքի միջին բարձրությունը 1830 մ է։ Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.

Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Ծայր հյուսիսում Վիրահայոց լեռնաշղթան է, որից հարավ, գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի, Հալաբի լեռնաշղթաները, վերջինիս շարունակությունը դեպի հս.՝ Դեբեդ և Աղստև գետերի միջև Տ-աձև ձգվող Գուգարաց լեռնաշղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերով։ Բազումի լեռնաշղթային զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք, ձգվում է Փամբակի լեռնաշղթան, որից հվ-արլ. ճյուղավորվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, նրա հարևանությամբ անտառային բնության գրկում Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է։ Սևանա լճի հս-արլ. ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա հվ-արլ. ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լեռնաշղթան։ ՀՀ հս-արմ-ում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լեռնաշղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագրական միավոր՝ 310 /^երկարությամբ։ Այս խոշոր ջրբաժանը ֆիգիկաաշխարհագրական սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև։ Արեգունու լեռնաշղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լեռնաշղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լեռնաշղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև։

Հրաբխային լեռնազանգվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը ՀՀ տարածքի մոտ 45%-ն է. սկսվում է հս-արմ-ից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հվ., ապա հվ-արլ.՝ ընդգրկելով Արագած և Արայի լեռ լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը։ Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութային հոսքով։ Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները, թթվային լավան, դուրս մղվելով, կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ. այն լավ արտահայտված է Ապիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լեռնագագաթներում։ Ծագումնաբանական տեսակետից այս մարզը խիստ տարբերվում է ՀՀ ծալքաբեկորավոր լեռների համակարգից։ Տիրապետում են խիստ ծակոտկեն ու ճեղքավորված ջրաթափանց ապարները, և անգամ տեղատարափ անձրևների դեպքում մակերևութային հոսք հազվադեպ է ձևավորվում։

Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևոցթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ։ Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին լեռնագրական միավոր է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լեռնաշղթան։

Միջլեռնային իջվածքների ու գոգավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդը ավանդաբար դաշտ է անվանել։ Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է. վերջինիս հատակում Արարատյան դաշտն է՝ ծածկված անթրոպոգենի հզոր՝ մինչև 500 ւ/հաստության լճագետային նստվածքներով։ ՀՀ արլ-ում Սևանի գոգավորությունն է. հատակում՝ Սևանա լիճը։ Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը։

Լոռու դաշտում գետի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացել է գեղատեսիլ Դեբեդի հովիտը, որը թողնում է երկհարկանի հովտի տպավորություն (առավել խորությունը՝ 350 մ)։ Այստեղ ամենուրեք խոր կիրճեր են, դարավանդներ, ժայռեր ու կատարներ, բլուրներ՝ ծածկված սաղարթախիտ անտառներով, ծաղկավետ մարգագետիններով։ Ձորի հատակին ոլորապտույտ Դեբեդն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png