Jump to content

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը, 2024թ․
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գործունեությունապրիլի 30, 2005[1]
Կայքfolkmusicdance.am/armenian-national-instruments/

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ, Ստեղծվել է 2005 թվականի ապրիլի 30-ին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ։

Սկզբից ևեթ այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները։ Իր գործունեությամբ նվագախումբը կամրջել է ժամանակները և ապահովել հին և նոր սերունդների փոխկանչը ու շարունակական երթը։ Բարձրագույն կոնսերվատորիական և ասպիրանտական կրթությամբ շուրջ 40 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի երկացանկը ներառում է թե՛ անցյալի հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդիների ժամանակակից մշակումներ, թե՛ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ։ Հայկական ազգային նվագարանների միջոցով միաժամանակ մատուցվել են եվրոպական կոմպոզիտորների (Ժորժ Բիզե, Յոհաննես Բրամս, Աստոր Պիացոլա և այլք) ստեղծագործություններ` դրանց հաղորդելով յուրօրինակ գրավչություն և նորօրյա շունչ։

Գործունեության ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական և էստրադային հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, իսկ շատ երիտասարդ սկսնակ կատարողների համար հարթել հայտնիության ճանապարհ։ Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ոչ միայն երևանյան համերգասրահներում, այլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում։ Բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում և ՀՀ զինվորական հաստատություններում, մասնակցություն ունեցել երաժշտական մի շարք նախագծերին («Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս» և այլն), «Հայաստան» համահայկական փառատոնին, տարբեր արտիստների ձայնասկավառակների թողարկմանը, որոնցից է «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններ` պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա և այլն։

Նվագախմբի հետ կայացել են ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերի, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգները։ Տարբեր համերգների մասնակցել է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը։ Իրականացվել է կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի ստեղծագործություններից կազմված հեղինակային համերգ։ Նվագախումբը կազմակերպել է նաև հոբելյանական երեկոներ` նվիրված հայ անվանի արվեստագետներին` Վլադիլեն Բալյանին, Մանվել Բեգլարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հովհաննես Բադալյանին և այլոց։ Համագործակցել է հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև տարբեր կրթական և մշակութային կառույցների հետ։ Մասնակցել է մի շարք պետական միջոցառումների համերգային ծրագրերին։ Համերագային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստանում[2]։

Նվագախմբի կազմում ընդգրկված են հետևյալ ազգային երաժշտական գործիքները` թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, սանթուր, շվի, սրինգ, դհոլ այլն։

Նվագախումբն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին։ 2022թ. Հանրային ռադիոյի ֆոնդի համար ձայնագրվել է 7 ստեղծագործություն՝ Խաչատուր Ավետիսյանի «Տոնական նախերգանք», «Կոնցերտ» շվիի համար, Գրիգոր Հախինյանի «Պարային սյուիտ» /1-4-րդ մասեր/, Ա.Ներսիսյանի «Դլե յաման», Ժորժ Բիզեի նախերգանքը «Կարմեն» օպերայից, Արամ Խաչատրյանի «Սուսերով պար», Արա Գևորգյանի «Նաիրուհի»։

2023 թվականին նվագախումբը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում[2]։

2024 թվականին նվագախումբը Երևանի Օպերային թատրոնում հանդես է եկել Պարի միջազգային օրվա համերգ-երեկոյին, Թբիլիսիում անցկացվող ամենամյա 110-րդ «Վարդատոն» համերգին՝ նվիրված Սայաթ-Նովային և ունեցել է ավելի քան 50 համերգ ՀՀ մի շարք մարզերում։ Հոբելյանական համերգներ է ունեցել նաև նվիրված Հովհաննես Բադալյանի 100 և Աշուղ Շահենի 115 ամյակներին։ Մի քանի համերգով ներկայացել է «Կինոերաժշտություններ ազգային հնչյուններով» նախագծով և ներկայացրել է հայկական ու միջազգային կինոերաժշտությունները ազգային գործիքներով։

Նվագախմբի երաժշտական ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը։

«Տարվա լավագույն ժողովրդական համույթ» - 2010 թվական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://folkmusicdance.am/en/armenian-national-instruments/
  2. 2,0 2,1 «Zarkfoundation - Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]