Համերաշխության ակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համերաշխության ակցիա (հայտնի է նաև որպես երկրորդական ակցիա, երկրորդական բոյկոտ, համերաշխության գործադուլ կամ համակրանքի գործադուլ), արհմիությունների կողմից կազմակերպված արդյունաբերական ակցիա՝ աջակցելու առանձին կորպորացիայում, բայց ավելի հաճախ միևնույն ընկերությունում, ընկերությունների խմբում կամ փոխկապակցված ընկերությունում աշխատողների կողմից նախաձեռնված գործադուլին։ Համերաշխության ակցիան կարող է իրականացվել նաև առանձին անհատների կամ խմբերի կողմից՝ ի պաշտպանություն այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական իրադարձության կամ ի նշան դրա դեմ բողոքի[1]։

Ավստրալիայում[2], Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում համերաշխության ակցիաները տեսականորեն ապօրինի են, իսկ աշխատակիցը կամ աշխատակիցները գործադուլներ կարող են իրականացնել միայն այն գործատուի դեմ, որոնց հետ ունեն պայմանագրային հարաբերություններ։ Գերմանիան, Իտալիան և Իսպանիան ունեն գործող կանոնակարգեր, որոնք սահմանափակում են այն պայմանները, որոնց դեպքում թույլատրվում են համերաշխության ակցիաներ[3]։

«Երկրորդական գործողություն» արտահայտությունը հաճախ օգտագործվում է աշխատողի և իր անմիջական գործատու միջև տարբեր տեսակի աշխատանքային վեճերը տարբերակելու նպատակով։ Այսինքն՝ «երկրորդական գործողություն»-ը վեճ է աշխատակցի և գործատու մայր ընկերության, դրա մատակարարների, ներդրողների, պայմանագրային կողմերի կամ այլ ոլորտի ցանկացած այլ գործատուի հետ։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում երկրորդական բոյկոտներն արգելված են 2010 թվականին ընդունված «Մրցակցության և սպառողների մասին» օրենքով[2]։ 1910-ականներին երբեմն հայտարարվում էին համակրանքի գործադուլներ՝ տվյալ գործադուլի շրջանակն Ավստրալիայի սահմաններից դուրս ընդլայնելու համար, որպեսզի այն իրավասու դառնար քննության ենթարկվելու դաշնային արբիտրաժային դատարանի կողմից։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում երկրորդական ակցիաներն ընդհանրապես արգելվում են, եթե դրանք չեն բավարարում մի քանի չափանիշների[4]՝

  • ակցիան չպետք է առաջին հերթին ծառայի գործադուլի մեջ ներգրավված աշխատողների շահերին, այլ պետք է ուղղված լինի առաջնային վեճին,
  • ակցիան պետք է հստակ և անմիջական ազդեցություն ունենա առաջնային վեճի մեջ ներգրավված կողմերից մեկի վրա,
  • ակցիան չպետք է չափազանցված և չարդարացված լինի։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Քրեական օրենսգրքի 505-րդ հոդվածը պատիժ է սահմանում համերաշխության ակցիաների իրականացման համար։ Այնուամենայնիվ, 1962 թվականին Իտալիայի սահմանադրական դատարանն իր թիվ 123 որոշմամբ[5], միաժամանակ ճանաչելով օրենսդրական այս նորմի օրինականությունը, ճանաչեց նաև երկրորդական գործադուլների օրինականությունը, եթե առկա է շահերի իրական ընդհանրություն։ Մասնավորապես, համերաշխության ակցիան կարող է օրինական լինել, եթե այն ուղղված է կոնկրետ ոլորտի ընկերության կողմից աշխատողներին աշխատանքից հեռացնելու դեմ բողոքի արտահայտմանը[6]։

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական ակցիան անօրինական է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրա նպատակն է գալ ընդհանուր համաձայնության[7]։

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Նիդերլանդների բարձր խորհուրդը, որը քաղաքացիական, քրեական, հարկային և սոցիալական անվտանգության հարցերով այդ երկրի բարձրագույն դատարանն է, որոշեց, որ համերաշխության գործադուլները սկզբունքորեն օրինական են, եթե ներգրավված երկրորդական կողմերը դրանից անհամաչափորեն չեն տուժում[8]։

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի օրենսդրության համաձայն՝ համերաշխության գործադուլների թույլատրելի տևողությունը կարող է լինել առավելագույնը կես օր և գործադուլի ընթացքում դրա մասնակիցները կարող են համերաշխություն հայտնել միայն ուժային ոլորտի այն աշխատակիցներին, որոնք գործադուլ անելու իրավունք չունեն (օրինակ՝ ոստիկանությունը, զինվորականները)[9][10][11]։

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական ակցիաներն ընդհանուր առմամբ անօրինական են, սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը ճանաչել է դրանց օրինականությունը, եթե առկա է առաջնային և երկրորդական գործադուլների մասնակիցների միջև դատարանների կողմից յուրաքանչյուր դեպքի հիման վրա սահմանված շահերի նվազագույն համընկնում[12]։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում համերաշխության ակցիաների կազմակերպման և դրանց մասնակցության իրավունքները բավականին լայն են։ Մասնավորապես, չկան կանոնակարգեր, որոնք պահանջեն, որ երկրորդական ակցիայի մասշտաբը պետք է համաչափ լինի առաջնային ակցիային (օրինակ՝ գործադուլին), ինչպես նաև չկա անմիջական կապի պահանջ թիրախային կողմերի և առաջնային վեճում ներգրավված անձանց միջև։ Ավելին, վեճի ժամանակ խաղաղության պահանջը չի տարածվում երկրորդական ակցիայի վրա, չեզոք երրորդ կողմի դեմ արդյունաբերական ակցիայի տիպիկ արգելքը հանվում է, և թույլատրելի գործողությունները չեն սահմանափակվում միայն գործադուլներով (դրանք կարող են ներառել նաև բոյկոտներ, շրջափակումներ և այլն)։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում համերաշխության գործադուլներն ապօրինի են հայտարարվել 1927 թվականին ընդունված «Աշխատանքային վեճերի և արհմիությունների մասին» օրենքով, որին նախորդել էր խոշոր համընդհանուր գործադուլ։ Այդ արգելքը չեղյալ հայտարարվեց 1946 թվականի համանուն օրենքով, որն ընդունվեց հետպատերազմական լեյբորիստական կառավարության կողմից։

Համերաշխության ակցիաներն օրինական մնացին մինչև 1980 թվականը, երբ Մարգարետ Թետչերի կառավարությունն ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքը՝ այդ ակցիաները սահմանափակելու համար։ Դրան հաջորդեց 1990 թվականին ընդունված համանուն օրենքը, որն ամբողջությամբ արգելեց համերաշխության ակցիաները։ Համերաշխության գործադուլներն արգելող օրենքները գործում են մինչ օրս։ Դա ամրագրված է նաև «Արհմիության և աշխատանքային հարաբերությունների» մասին օրենքով, որն ընդունվել է 1992 թվականին[13]։

2005 թվականին, հյուրասիրություններ կազմակերպող «Gate Gourmet» ընկերության դեմ գործադուլից հետո, արհմիությունների առաջնորդները կոչ արեցին օրինականացնել համերաշխության ակցիաները, սակայն լեյբորիստ նախարարները հայտարարեցին, որ իրենք մտադիր չեն հանդես գալ օրենքում փոփոխությունների առաջարկությամբ։ Այնուամենայնիվ, Բրիտանական ավիաուղիների (British Airways) անձնակազմը համերաշխության ակցիա իրականացրեց։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական բոյկոտը հաճախ շփոթում են երկրորդական գործադուլի հետ։ ԱՄՆ-ում դա արհմիությունների համար ևս արգելված մարտավարություն է, որն ամրագրված է Թաֆտ Հարթլիի օրենքով[14]։ Երկրորդական բոյկոտի որոշ իրավական սահմանումներ այն բաժանում են երկու տարբեր տեսակի՝ երկրորդական բոյկոտի մասին վերը նշված սահմանման համաձայն՝ սպառողական երկրորդական բոյկոտներ և աշխատողների երկրորդական բոյկոտներ, որոնք նաև սահմանվում են որպես երկրորդական գործադուլ[15]։

Քանի որ Միացյալ Նահանգների ագրոաշխատողների իրավունքները չեն կանոնակարգվում «Աշխատանքային հարաբերությունների մասին» ազգային օրենքով կամ այլ կերպ ասած Վագների օրենքով, Ֆերմերային տնտեսությունների աշխատողների միացյալ արհմիությունը, ի աջակցություն Կալիֆոռնիայի ագրոբիզնեսի դեմ իր գործադուլներին և Կալիֆոռնիայի խաղողի, հազարի և գինու դեմ իր հիմնական բոյկոտներին, օգտագործեց մթերային խանութների ցանցերի բոյկոտը։ Երկրորդական բոյկոտները ներառում էին սպառողներին խնդրելը դադարեցնել գնումներ կատարել մթերային խանութների ցանցից, քանի դեռ ցանցը չի դադարեցրել բոյկոտի առարկա հանդիսացող խաղողի, հազարի կամ գինու վաճառքը։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպես այդպիսին, սահմանում է գործադուլ երևույթը, նույն օրենսգրքում չկա ամրագրում համերաշխության ակցիաների վերաբերյալ։

Հայաստանյան պրակտիկայում համերաշխության ակցիաները հիմնականում ունեն քաղաքական կամ սոցիալական բնույթ և հիմնված չեն տնտեսական շահերի ու մոտիվների վրա։ Տարբեր տարիներին Հայաստանում համերաշխության ակցիաներ են իրականացվել «Ֆիրդուս» թաղամասի պահպանման համար[16], Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ[17] և այլն։ Որոշ դեպքերում էլ, օրինակ, համերաշխության ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Ռուսաստանի՝ Ուկրաինա բռնի ներխուժման[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. See H Collins, KD Ewing and A McColgan, Labour Law (2012) 693
  2. 2,0 2,1 Competition and Consumer Act 2010, sections 45D to 45DD.
  3. Warneck, 2007, էջ 8
  4. Warneck, 2007, էջ 32
  5. Sentenza n. 123 del 1962 (in Italian)
  6. Warneck, 2007, էջ 43
  7. Warneck, 2007, էջ 44
  8. Herderscheê, Gijs (2014 թ․ նոյեմբերի 3). «Stakingsrecht opgerekt: ook acties bij leveranciers». Volkskrant (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Warneck, 2007, էջ 56
  10. «Art. 22. - [Strajk solidarnościowy] - Rozwiązywanie sporów zbiorowych». Wolters Kluwer. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «Art. 19. - [Niedopuszczalność strajku] - Rozwiązywanie sporów zbiorowych». Wolters Kluwer. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. Warneck, 2007, էջ 62
  13. Section 224 of the Trade Union and Labour Relations (Consolidation) Act 1992
  14. Schwartz, Robert (2008 թ․ հոկտեմբերի 23). «Sympathy Strikes & the Law: Is Solidarity Legal?». Labor Notes (անգլերեն).
  15. «Labor Relations, Overview - Sympathy Strikes». www.bloomberglaw.com. Bloomburg Industry Group. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «Համերաշխության ակցիա «Ֆիրդուս» թաղամասի պահպանման համար». Hetq.am. 2020 թ․ հունիսի 13. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  17. «Ուկրաինայի հետ համերաշխության ակցիա՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ». Factor TV. 2022 թ․ մարտի 5.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. annaka (2022 թ․ մարտի 9). ««Հիմք չկա մտածելու, թե կեղծ է, բայց մանիպուլյացիան ակնհայտ է». աղմկահարույց տեսանյութի մասին». Armenian Jamnews. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.