ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Դատարան) իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը։ Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա։ Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն։ Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

  1. ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
  2. հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
  3. հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  4. դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
  5. դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
  6. դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
  7. Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
  8. վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
  9. ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
  10. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։ Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։

Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում։