Կրի-կրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրի-կրի
Կրի-կրի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Capra aegagrus cretica


Կրի-կրի, ինչպես նաև կրետական լեռնային այծ, ագրիմի (լատին․՝ Capra hircus cretica, հուն․՝ κρι-κρι, αγρίμι), տնային այծի ենթատեսակ[1]՝ տարածված Միջերկրածովյան շրջանում։ Այսօր հանդիպում է միայն Կրետեում և հարևան Դիյա, Թոդոր, Ագնի-Պանտես մերձափնյա կղզյակներում, ինչպես նաև Մակեդոնիայում։

Արու կրի-կրիներին սովորաբար անվանում են ագրիմի, իսկ էգերին՝ սանադա։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրի-կրիի մարմնի երկարությունը հասնում է 1,2-1,6 մետրի, ինչին ավելանում է նաև 15-ից մինչև 20 սմ երկարությամբ պոչը։ Թիակների մեջտեղից հաշված՝ հասակը կազմում է շուրջ 80 սմ, քաշը՝ 15-ից մինչև 40 կիլոգրամ։ Կրի-կրիներն ունենում են բաց շագանակագույն մորթի, ոտքերի և դնչի վրա՝ սև։ Ամռանը մորթին դառնում է կարմրա-շագանակագույն, իսկ ձմռանը՝ բաց մոխրագույն։ Մեջքի երկայնքով սև գիծ է ձգվում՝ գոտկատեղի հատվածում։ Արուների գլուխը զարդարում են հետ թեքված երկու եղջյուրներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ կրի-կրիները Կրետե կղզի են հասցվել դեռևս Մինանյան քաղաքակրթության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2700-1400 թվականներ)։ Ավելի վաղ կրի-կրիները տարածված էին Եգեյան ծովի կղզիներում, սակայն հիմա դրանք էնդեմիկ են համարվում Կրետեի համար և հանդիպում են միայն կղզու տարածքում։ Կրի-կրիներն ապրում են Լեֆկա Օրի լեռան լանջերին և Սամարիա կիրճի տարածքում։

1960-ական թվականներին կրի-կրիների պոպուլյացիան բնաջնջման վտանգի ներքո էր, և հաշվվում էր ընդամենը 200 գլուխ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ գերմանացիներն օկուպացիայի էին ենթարկել կղզին, կրի-կրին մսի հիմնական աղբյուրն է եղել կրետական պարտիզանների համար։ Այդ իսկ պատճառով 1962 թվականին որոշվեց Սամարիայի կիրճի տարածքում ստեղծել ազգային պարկ՝ կենդանիների հսկողության համար։ 1970-ական թվականներին Բուրազանիի բնության պարկում կրի-կրի պոպուլյացիան արհեստականորեն վերականգնվեց։ Այսօր Կրետեում հաշվվում է շուրջ 2000 բացառիկ կրի-կրի, որոնց որսը խստիվ արգելված է։

Հնագիտական պեղումների արդյունքում կղզու տարածքում հայտնաբերվել են կրի-կրիի պատկերներով արձանագրություններ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ անտիկ ժամանակներում Կրետեում գործել է այս կենդանու պաշտամունքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Capra hircus cretica» (անգլերեն). Integrated Taxonomic Information System. 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]