Կովկասյան էսպերանտիստ
«Կովկասյան էսպերանտիստ» (էսպերանտո՝ Kaukaza esperantisto), բազմալեզու կիսամսյա գրական հանդես։ Կովկասյան էսպերանտիստների խմբի հրատարակություն։ Լույս է տեսել 1910— 1914-ին, Թիֆլիսում, էսպերանտո, հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հ. Տեր-Աստվածատրյան։ Նպատակն էր թարգմանաբար ներկայացնել հայ, ռուս և վրաց գրականության նմուշներ, պրոպագանդել էսպերանտո արհեստական լեզուն կովկասյան միջավայրում։ Ծանոթացրել է էսպերանտո լեզվի ծագման պատմությանը, զարգացման ուղիներին և այդ լեզվով հրատարակվող գրականությանը։ Տպագրել է Սմբատ Շահազիզի, Վահրամ Փափազյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Ավետիք Իսահակյանի արձակ և չափածո գործերը, ինչպես նաև ռուս և եվրոպացի հեղինակների (Ալեքսանդր Պուշկին, Անտոն Չեխով, Ա. Կուպրին, Վիկտոր Հյուգո, Գի դը Մոպասան) ստեղծագործությունները։ Հանդեսին ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել են Ա. Դոստյանը (Շռինդ), Վ. Սիրունյանը, Վ. Գոգիսփձեն, Վ. Ախվլեդիանին, Վ. Պավլովան և ուրիշներ։ «Կովկասյան էսպերանտիստ»-ում գործել է էսպերանտո լեզվի ուսուցման լրիվ դասընթաց, ինչպես նաև երգիծանքի բաժին։ Տարածվել է Մոսկվայում, Վարշավայում, Փարիզում, Թավրիզում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 634)։ |