Կոնդրատի Ռիլեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կոնդրատի Ռիլեև
Rylejew.jpg
Ծնվել է սեպտեմբերի 18 (29), 1795
Ծննդավայր Բատովո, Q50999?, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ
Վախճանվել է հուլիսի 13 (25), 1826 (30 տարեկանում)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու ռուսերեն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Kondraty Ryleyev Վիքիպահեստում

Կոնդրատի Ֆեոդորովիչ Ռիլեև (1795-1826), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ։

Ծնվել է մանր կալվածատիրոջ ընտանիքում։ Սովորել է Պետերբուրգի առաջին կադետական կորպուսում (1801-1814)։ Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թվականի արտասահմանյան արշավանքներին։

1818 թվականին պաշտոնաթող է եղել, 1821 թվականից ծառայել է Պետերբուրգի քրեական պալատում որպես ատենակալ, 1824 թվականից՝ որպես ռուս-ամերիկական ընկերության գրասենյակի կառավարիչ, 1823 թվականին դարձել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ, հետագայում գլխավորել է ընկերության առավել արմատական և դեմոկրատական թևը։

Ռիլեևի քաղաքական հայացքները չափավոր սահմանադրական-միապետականից աստիճանաբար վերաճել են հանրապետականի։ Ռլիեև առաջատար դեր է կատարել 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբության կազմակերպման գործում։ Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում, ի թիվս ապստամբության 5 ղեկավարների։

Ռիլևին գրական ճանաչում է բերել «Առ ժամիշխանը» (1820) երգիծանքը, որով մերկացրել է արակլևեյան վարչակարգը։ 1823-1825 թվականին Ա․ Բեստուժևի հետ Ռիլևին լույս է ընծայել «Պոլյարնայա զվեզղա» («Полярная звезда») ամենամյա ալմանախը։

1821-1823 թվականին ստեղծել է «Խոհեր» (1825) պատմական երգերի շարքը։ Անդրադառնալով Ռուսաստանի հերոսական անցյալին՝ բանաստեղծն այն վերաիմաստավորել է իր սեփական քաղաքացիական իդեալների ոգով։

Դեկաբրիստական ազատասիրությամբ և այդ շարժման գալիք ճակատագրի զգացողությամբ է ներթափանցված նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Վոյնարովսկի» (1825) պոեմը։ Բարձր քաղաքացիական նվիրումով հայրենիքին ծառայելու մասին իր մտքերը Ռիլևը արտահայտել է Պետրոս 1-ի դեմ Մազեպայի բարձրացրած խռովությանը մասնակցելու համար Սիբիր աքսորված հերոսի խոստովանության մեջ։ «Նալիվայկո» (հատվածներ 1825) անավարտ պոեմի թեման շլյախտայի ճնշման դեմ 16-րդ դարի ուկրաինական կազակության ազգային-ազատագրական պայքարն է։ Ռիլևի քնարերգության քաղաքացիական պաթոսի առավել ամբողջական արտահայտությունը «Քաղաքացի» բանաստեղծությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png