Կիսափայլ երկարաբեղիկ
Կիսափայլ երկարաբեղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
Ցեղ | Dorcadion |
Տեսակ | Կիսափայլ երկարաբեղիկ (D. semilucens) |
Միջազգային անվանում | |
Dorcadion semilucens |
Կիսափայլ երկարաբեղիկ (լատին․՝ Dorcadion semilucens), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10,5-16,5 մմ մարմնի երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, գրեթե հավասարաչափ, խիտ թավշյա ծածկույթ ունեցող վերնաթևերով՝ ծածկույթի հիմնական գունավորումը գորշագույնից կամ բաց դարչնագույնից մինչև կեղտոտ սպիտակ, կարի երկայնքով և կողքերով ձգվում են բավականին լայն սպիտակ զոլեր։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Հյուսիսային Ադրբեջանում, Հայաստանում հայտնի է Սևանի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Հայտնաբերված է Ճամբարակի և Ջիլի մոտ։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսափայլ երկարաբեղիկն ապրում է ծովի մակարդակից 2100-2800 մ բարձրությունների վրա՝ ալպյան և ենթալպյան գոտիներում։
Բզեզները սողում են ցերեկը` մայիսի սկզբից մինչև օգոստոսի կեսերը։ Զարգացումը ընթանում է հողում։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բարձր չէ։ Փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցումը, կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված տեսակի տարածման շրջանների կրճատում։
Հանդիպում են «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտում, որը չունի սահմանափակ բնօգտագործման իրական ռեժիմ։
Պահպանության իրականացվող միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսափայլ երկարաբեղիկ» հոդվածին։ |
|