Կենսաբազմազանության խախտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբազմազանության խախտում, բուսական և կենդանական աշխարհների տեսակների աղքատացումը շրջակա միջավայրի վրա մարդահարույց ազդեցության հետևանքով։

Վերջին հազարամյակների ընթացքում մարդահարույց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա անհամեմատ աճել Է՝ հիմնականում անտառային պաշարների և կերահանդակների անխնա օգտագործման հետևանքով։ 1920 թվականից հիմնախնդիրն ավելի Է սրվել՝ կապված բնակչության աճի և բնակավայրերի ու արդյունաբերական ձեռնարկությունների ընդլայնման հետ, որն իր հերթին ուժեղացրել Է մարդահարույց ազդեցությունն ամբողջ էկոհամակարգի վրա։

Կենսաբազմազանության խախտումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանում կենսաբազմազանության խախտումը հասել Է տագնապալի ծավալների, վտանգված են նույնիսկ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված շատ բուսատեսակներ և կենդանատեսակներ (կենի, սոսի, հովազ, իշխան և այլն)։ Սննդի բնական պաշարների կրճատման և բնադրավայրերի ոչնչացման հետևանքով խիստ աղքատացել Է թռչնաշխարհը։ Գիլլիի և այլ ճահճուտների (մոտ 10 հզ. հյուսիսում) չորացման, Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով խոր ու անդառնալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Բնակմիջավայրի կորստի և կերային պաշարների նվազման պատճառով խիստ կրճատվել Է չվող թռչունների քանակությունը, վտանգավոր եզրագծի է հասել նաև լճի ձկնաշխարհը, նվազել են ավազանի կաթնասունների և սողունների տեսակային կազմն ու քանակը։

Անասնապահության սխալ կազմակերպումը էական ազդեցություն է թողել բնական կենսաբազմազանության վրա։ Անասունների ջրման կենտրոնացված տեղերում արոտավայրերի բուսածածկույթը տրորվել ու դեգրադացվել է։ Մարդու անհեռատես գործունեության և կլիմայի չորացման հետևանքով Հայաստանում անտառածածկ տարածքների կրճատումից բացի, փոխվել են ծառատեսակային կազմը և տարածքները, ծառուտները կորցրել են իրենց բնական վերականգնման ունակությունը, իջել Է արտադրողականությունը, ակտիվացել են էրոզային երևույթները, խախտվել է անտառի ջրային ռեժիմը։ Անտառազուրկ լեռնալանջերում ակտիվ էրոզային շարժընթացների հետևանքով մեծացել է սելավների և սողանքների առաջացման հավանականությունը։

Կենսաբազմազանության խախտման վրա բացասաբար է ազդում նաև արդյունաբերության բուռն զարգացումը, որը պատճառ է դարձել նոր հողատարածքների օտարման, բնական լանդշաֆտների խախտման, հողերի, օդային և ջրային ավազանների աղտոտման։

Զբոսաշրջության տարածքային ոչ արդյունավետ կազմակերպման հետևանքով շրջակա միջավայրում տրորվել է հողածածկը՝ փոխվել են հողագրունտի ֆիզմեխանիկական կառուցվածքը, քիմիական բաղադրությունը, ջրաջերմային ռեժիմը։ Տարածքների օգտագործման, կառուցապատման և աղտոտման հետևանքով մասամբ վերացել են բազմաթիվ կենդանիների բնակմիջավայրերն ու բույսերի աճելավայրերը։ Ծաղկաձորի, Մարմարիկի հովտի, Դիլիջանի, Բյուրականի անտառային լանդշաֆտների վերին և ստորին սահմանները կրճատվել են, ծառուտները նոսրացել, սկսվել են ակտիվ էրոզային շարժընթացներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։