Կարեն Մանվելյան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Կարեն Բախշիի Մանվելյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1966 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | նոյեմբերի 5, 1992 (25 տարեկան) |
| Մահվան վայր | Լաչին, Քաշաթաղի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ և մրցանակներ | ՀՀ «Արիության» մեդալ, ԱՀ «Մայրական երախտագիտության» մեդալ, Հայաստանի երկրապահ կամավորականների միության հուշամեդալով |
Կարեն Բախշիի Մանվելյան (դեկտեմբերի 21, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1992, Լաչին, Քաշաթաղի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում։ 1974 թ.-ից հաճախել է Երևանի № 165 միջնակարգ դպրոց, որը գերազանցությամբ ավարտել է 1984 թ.։ Դպրոցական տարիներին մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների, դարձել է տարբեր մրցաշարերի մասնակից ու հաղթող։ 1985-1987 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում՝ ծովային հետևակի ցամաքային ստորաբաժանման կազմում, սկզբում Խաբարովսկի մարզում, այնուհետև տեղափոխվել է Պրիմորիե։ 1989 թ. ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ապրանքագիտության ֆակուլտետ։ 1988 թ. հունվարից մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1988 թ. դեկտեմբերին՝ որպես կամավոր, մեկնել է աղետի գոտի՝ երկրաշարժից տուժածներին օգնելու։ 1990 թ. մի խումբ ընկերների հետ անդամագրվել է Ռամկավար ազատական կուսակցությանը և մի խումբ համախոհների հետ հիմնադրել «Արմենական» ակումբը։ 1992 թ. օգոստոսին, սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտակոչին արձագանքելով, Կարենը դիմում է զինկոմիսարիատ՝ ցանկանալով անդամագրվել «Արծիվ» մահապարտների գումարտակին, սակայն մարտական գործողություններին դեռևս մասնակցած չլինելու պատճառով նրա դիմումը մերժվում է։ 1992 թ. չորրորդ կուրսի ուսանող էր, երբ կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Բալահովիտի զորավարժարանում նախնական պատրաստություն անցնելուց հետո երկրապահ ջոկատներից մեկի շարքերում մեկնեց Կրասնոսելսկի սահմանամերձ Վահան գյուղի պաշտպանական դիրքերը, որտեղ իրադրությունը շատ սրված էր։ Արծվաշենի անկումից հետո թշնամին իր երկրորդ թիրախը դարձրել էր Վահան գյուղը, այն շրջափակել ու գիշերուզօր գնդակոծում էր։ Մեծ զոհերի գնով հաջողվեց ազատագրել ու հետ շպրտել թշնամուն գյուղի մատույցներից։ Մարտերում թրծված ջոկատը, որում մարտնչում էր խիզախ ազատամարտիկը, ուղարկվեց Գորիս-Լաչին միջանցք, որտեղ նույնպես թեժ մարտեր էին մղվում։ Այնտեղ Կարենը մասնակցեց մի քանի մարտական գործողությունների՝ թշնամուց ազատագրելով գյուղեր ու բնակավայրեր։ Սակայն թշնամու գնդակը ընդհատեց հայ քաջորդու կյանքը։ Մարտերից մեկում հակառակորդի գերակշիռ ուժերի ճնշման տակ զինակիցների կանոնավոր նահանջն ապահովելու համար ընկերոջ հետ կամավոր մնաց դիրքերում ու իր պարտքը կատարեց հերոսաբար։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 5-ին Լաչինի շրջանի գյուղերից մեկում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մայրական երախտագիտության» մեդալով և Հայաստանի երկրապահ կամավորականների միության հուշամեդալով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թ. սեպտեմբերին Նոր Նորքի համայնքում ՀՌԱԿ ակումբ ստեղծվեց և կոչվեց Կարեն Մանվելյանի անունով։ Կարեն Մանվելյան անունը փորագրված է նաև Բերձոր քաղաքի բարձունքում վեր խոյացող քարաշեն հսկա պատի վրա շրջանի ազատագրման համար զոհվածների անունների շարքերում։