Կաշիրինի տնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշիրինի տնակ
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Պատկանում էԱ․Մ․ Գորկու պետական թանգարան
Հասցե103009[1]
Հիմնադրվել էհուլիսի 1, 1933
Կայքmuseumgorkogo.ru/muzej-detstva-a-m-gorkogo-domik-kashirina
Քարտեզ
Քարտեզ

Կաշիրինի տնակ (ռուս.՝ Домик Каширина), թանգարան Նիժնի Նովգորոդում Մաքսիմ Գորկու (Ա. Մ. Պեշկովի) պապի տանը։ Նկարագրված է «Մանկություն» վիպակում։ Ներքին հարդարանքը վերականգնված է։

Պաշտոնական անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Մ. Գորկու մանկության թանգարան («Կաշիրինի տնակ»)։ Պատվո նշանի շքանշանակիր Ա. Մ. Գորկու անվան պետական թանգարանի մասնաճյուղ։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժնի Նովգորոդ, Փոստային փողոց, տուն 21։

Ստեղծման պատմություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1933 թվականի հուլիսի 1-ին Ֆյոդոր Պավլովիչ Խիտրովսկու կողմից։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1938 թվականի հունվարի 1-ին։ Ա. Մ. Գորկու 150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր հիշատակի օրերի ցանկում, այն լայնորեն նշվեց 2018 թվականի մարտին, և թանգարանում կատարվեցին նորոգման-վերականգնման աշխատանքներ մարզային բյուջեի միջոցների հաշվին։ Վերջին անգամ այդպիսի աշխատանքներ կատարվել էին 1983-1984 թվականներին։ Բացի այդ, 2018 թվականի հունվարին թանգարանի մասնաշենքերից մեկում բացվեց մանկական թանգարանային կենտրոն, որը հագեցած էր համապատասխան սարքավորումներով՝ 4-14 տարեկան երեխաների համար դասընթացների կազմակերպման նպատակով[2]։

Էքսկուրսիա թանգարանային դահլիճներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում վերարտադրվում է գրողի պապի և տատի` Վասիլի Վասիլևիչի և Ակուլինա Իվանովնայի տան բնական միջավայրը։ Այս տանը Գորկին ապրել է 1871 թվականի օգոստոսից մինչև 1872 թվականի գարունը։ Այցելուներին առաջարկվում է թեմատիկ էքսկուրսիաներ`

  • Ալյոշա Պեշկովը Կաշիրինների քաղքենիական ընտանիքում
  • Նիժնեգորոդյան քաղքենիների կենցաղը և սովորույթները
  • «Մանկություն» վիպակը` հավերժ ռուսական գիրք

Էքսկուրսիան սկսվում է խոհանոցից։ Կահավորանքը`սեղան ձեռագործ սփռոցով, սեղանին փայտե ափսե է դրված կերակրի համար։ Փայտե գդալներ և աղաման, ափսե միս կտրելու համար, վառված մոմի մնացորդ երկաթե մոմակալի վրա։ Աջ անկյունում սրբապատկեր է, ձախում՝ «պահարան» սպասքի համար։ Պատի երկայնքով ռուսական վառարանն է։ Վառարանի մոտ չուգունե լվացարանի տակ դրված է փայտե տաշտը ճիպոտներով, դիմացը փայտե նստարանն է, որի վրա Վասիլի Կաշիրինը շոգեհարում էր թոռներին։ Վառարանի կողքին հնոցապանի եղանաբռնակն է, քիչ այն կողմ՝ խոհանոցային սպասքի դարակները։

Խոհանոցից դուռը տանում է դեպի պապի սենյակ։ Այդ սենյակում պատի մոտ դրված է բազմոցը, որի վերևում կախված է 1862-1863 թվականների Նիժնեգորոդսկի դումայի խոսնակների մեծ լուսանկարը։ Սենյակի կենտրոնում դրված է սեղան, որի վրա դրված է «Քրիստոնեական հուշարձան» գիրքը բաց վիճակում, կողքին՝ սագի փետուրից գրիչ։ Առջևի անկյունում՝ սրբապատկերների տակ, դրված է թանկարժեք իրերի պահելու սնդուկը, դռան կողքին՝ հանդիսությունների համար նախատեսված սպասքի պահարանը։ Վառարանի կողքի կախիչից կախված է ներկարարական արտադրամասի վարպետի կապան և թավշյա բաճկոնը։ Դռան կողքին պատից կախված է ջրարջի մորթուց մուշտակը։

Հաջորդը տատիկի սենյակն է։ Պատուհանի մոտ դրված է կոմոդ, որի վրա էլ խնայատուփ, սնդուկ և ձեռագործական առարկաներ։ Կոմոդի կողքին՝ պատուհանի մոտ, դրված է ժանյակագործական ձողիկներով բարձիկը։ Պատի երկանքով դրված է մահճակալը՝ փետրաներքնակով, ծածկված մկդակած վերմակով, վրան բարձեր և սպիտակ բարձի երեսներով։ Մահճակալի վրա կախված է կանացի սև մետաքսե թիկնոց՝ զարդարված ապակե ուլունքներով։ Մահճակալի մոտ՝ անկյունում, դրված է մեծ փայտե սնդուկը։ Նրա վրա կախված են կանացի հագուստներ և ամրացված էր հին ճոճանակով ժամացույցը։

Մաքսիմ Գորկու հորեղբոր՝ Միխայիլի սենյակը. սենյակի կահավորանքը` կոմոդ, ձվաձև հայելի, կիսափափուկ բազմոց քանդականախշ թիկնակով։ Պատուհանի մոտ դրված էր փոքրիկ սեղան, վրան պղնձե ինքնաեռ, թեյի սպասքով, գինու տարողություն մեծ բաժակներով։ Պատից կախված են ընտանեկան լուսանկարներ։ Սենյակում կարելի է տեսնել տոնական հագուստներ՝ սև մահուդե սերթուկ, շեղօձիք վերնաշապիկներ, գործած գոտաիներ և կանացի զգեստներ։ Տարբեր կենցաղային պարագաներով լցված նախասենյակով կարելի էր դուրս գալ բակ։ Բակում գտնվում են տնտեսական կառույցներ` ներկատուն, սրահ, կառքամառան[3]։

Պարսպի երկայնքով տեղադրված էին հին կաթսաներ, ցանկապատին հենված էր կաղնե գերեզմանախաչ, որը հշեցնում էր Վանիա Ցիգանկայի ողբերգական մահը։

Թանգարանի առավել յուրահատուկ հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաշիրինների և Պեշկովների ընտանեկան կենցաղային իրեր՝ 154 միավոր, այդ թվում «Տիխվինյան Աստվածամոր» սրբապատկերը (19-րդ դար) և 19-րդ դարի կեսերի փայտե գդալներ։
  • Ա. Մ. Գորկու «Մանկություն» վիպակի աշխարհի ժողովուրդների լեզուներով հրատարակությունների հավաքածու սկսած 1914 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. «Глеб Никитин открыл новый детский музейный центр в «Домике Каширина»». Официальный сайт правительства Нижегородской области. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  3. «Дошли до конца съезда. На самом верху его, прислоняясь к правому откосу и начиная собой улицу, стоял приземистый одноэтажный дом, окрашенный грязнорозовой краской, с нахлобученной низкой крышей и выпученными окнами. С улицы он показался мне большим, но внутри его, в маленьких, полутёмных комнатах, было тесно; везде, как на пароходе перед пристанью, суетились сердитые люди, стаей вороватых воробьёв метались ребятишки, и всюду стоял едкий, незнакомый запах».

    Максим Горький. Детство. Глава II

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Домик Каширина. Буклет. Н. Новгород, 1994.
  • Липовецкий А. С., Званцева Т. П. Музей А. М. Горького на родине писателя. Горький: Волго-Вятское кн. изд-во, 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշիրինի տնակ» հոդվածին։