Կաղնի ամառային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի ամառային
Baginton oak tree july06.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Կաղնի
Տեսակ Կաղնի ամառային
Լատիներեն անվանում
Quercus robur
Լipsky
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կաղնի ամառային (լատ.՝ Quercus robur), հաճարազգիների ընտանիքի, կաղնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ հզոր ծառ է՝ մինչև 35-40 մ բարձրությամբ, խիտ տնկարկներում ուղիղ, սլացիկ, ճյուղերից մաքրված գեղեցիկ բնով, իսկ նոսր կամ միայնակ տնկարկներում' կարճ, հաստ բնով, որը հողի մակերեսից 1-2 սմ բարձրության վրա ճյուղավորվում է, կազմավորելով հզոր, բավականին լայն ու ցրված սաղարթ։ Խիտ ստվեր առաջացնող ծառատեսակ է, քանի որ տերևների մոզայիկ դասավորության շնորհիվ արեգակի ճառագայթները գետնին չեն հասնում։ Երիտասարդ ընձյուղները հանգուցավոր են։ Կեղևը սկզբնական շրջանում հարթ է, ձիթագորշավուն, այնուհետև ստանում է կարմրագորշավուն, ավելի ուշ՝ արծաթամոխրավուն գունավորում։ Մոտավորապես 30 տարեկանում կեղևը ճաքճքվում է, դառնալով գորշամոխրավուն։

Բնի տրամագիծը հասնում է 1-1,5 մ-ի։ Բողբոջները օվալաձև են կամ կիսագնդաձև, գագաթնայինները' բութ-հնգանկյուն, 5-7 մմ երկարությամբ, բաց գորշավուն, թարթիչաեզր թեվտւկներով ծածկված։ Տերևները ունեն 7-15 սմ երկարություն և 3-7 սմ լայնություն, երկարավուն-հակաձվաձև են, գագաթնային բութ, կլորավուն բլթակով։ Յուրաքանչյուր կողմում ունի 6-7, երբեմն'8 բութ, կլորավուն բլթակներ, որոնցից առավել խոշորները գտնվում են տերևի միջին մասում։ Բլթակները ամբողջաեզր են կամ ունեն 1-3 խոշոր ատամիկներ։ Տերևները վերևի կողմից կանաչավուն են, փայլուն, մերկ, Ներքևի կողմից բաց գույնի, սկզբնական շրջանում այս կամ այն չափով մազմզուկապատ, այնուհետև՝ մերկ։

Կոթունների երկարությունը 5-10 մմ է։ Տերևները բացվում են մայիսի երկրորդ կեսին։ Ծաղկում է տերևները բացվելու հետ միաժամանակ։ Կաղինները ունեն 1,5-3,5 սմ երկարություն և 1,5-2 սմ տրամագիծ, գագաթին Փշիկով, գորշադեղնավուն են, այս տեսակի համար բնորոշ երկայնական կանաչ շերտիկներով։ 6-8 սմ երկարության պտղակիրի վրա սովորաբար տեղավորված են լինում 1-3 պտուղներ։ Պտղագավաթը թասիկանման է'0,5-1 սմ բարձրությամբ և 1,5-2 սմ տրամագծով։ Թեփուկները տափակ են կամ մի փոքր դուրս փքված, օվալաձև, մոխրավուն աղվամազով պատված։ Սերմնային շրջանները հաջորդում են իրար 4-8 տարին մեկ։ Կաղինները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Կաղնին գերադասում է աճել կողքերից ստվերում, գագաթը լույսի մեջ («կաղնին սիրում է աճել մուշտակի մեջ, միայն թե բաց գլխով» ասում են անտառագետները)։ Ահա թե ինչու, նպատակահարմար է արհեստական պայմաններում կաղնին աճեցնել «միջանցքներում», արագաաճ բույսերի խիտ շարքերի միջև։ Այդ դեպքում աճը դեպի վեր խիստ արագանում է և ստացվում են ուղիղ, սլացիկ բնով առողջ տնկիներ։ Մինչև խոր ծերություն պահպանում է առատ մացառներ տալու հատկությունը։ Առատ լույսի պայմաններում բունը ծածկվում է շիվերով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Արևելյան Եվրոպայում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Ապենինյան և Բալկանյան թերակղզիներում։ Հայաստանում վայրի վիճակում չի հանդիպում։ Մշակության մեջ (դեկորատիվ և անտառային տնկարկներ) հանդիպում է ամենուրեք։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային կաղնին ամենակարևոր անտառ կազմող ծառատեսակներից մեկն է։ Կաղնու կեղևը պարունակում է 8-200 դաբաղանյութեր։ Բնափայտը չափազանց արժեքավոր է. օգտագործվում է ատաղձագործության բնագավառում, կահույքի արտադրության մեջ, դրանից մանրատախտակ, ֆաներա, տակառներ են պատրաստում, նավեր, վագոններ են կառուցում, որպես շինանյութ և վառելափայտ են օգտագործում։

Կահույքի արտադրության մեջ օգտագործում են այսպես կոչված «մորենային կաղնին» (կարնու գերանները երկար ժամանակ պահում են ջրում), որից դրանք մուգ գունավորում են ստանում։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 186։