Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 26, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում: Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում: Երազի մեկնաբանումը դա երազներից ինչ-որ իմաստ քաղելու փորձ է: Երազների գիտական ուսումնասիրությունը կոչվում է օնեիրոլոգիա (հունարեն՝ oneiron - «երազ» և հունարեն՝ logia- «ուսումնասիրություն»):

Երազները հիմանկանում տեղի են ունենում քնի արագ աչքի շարժման (REM) փուլում, երբ ուղեղի ակտվությունը մեծ է և նման է արթուն լինելուն: REM քնի փուլի ընթացքում տեղի է ունենում աչքերի անընդհատ շարժում: Երբեմն երազ կարելի է տեսնել նաև քնի այլ փուլերում, սակայն այս երազները ավելի աղոտ են և լավ չեն հիշվում: Երազների երկարությունը տարբեր է. դրանք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մոտ 20-30 րոպե: Ավելի հավանական է հիշել երազը, եթե մարդուն արթնացնում են երազի REM փուլում: Միջին հաշվարկով մարդը մի գիշերվա ընթացքում կարող է տեսնել 3-5 երազ, բայց երբեմն դրանց թիվը կարող է հասնել յոթի. այնուամենայնիվ շատ երազներ անմիջապես կամ արագ մոռացվում են: Երազները ավելի երկար են տևում խորը քնելու ընթացքում: Ութ ժամ քնելու դեպքում հիմնականում երազ տեսնում ենք REM փուլի ընթացքում:

Երազի նշանակության մասին կարծիքները տարբերվել են մշակույթից մշակույթ և փոխվել ժամանակի ընթացքում: Շատերը հաստատում են Զիգմունդ Ֆրոյդի երազների տեսությունը՝ երազները բացահայտում են թաքնված ցանկություններն ու զգացմունքները: Կան նաև այլ հայտնի տեսություններ այն մասին, որ երազները օգնում են հիշողության ձևավորմանն ու խնդիրներ լուծելուն, կամ դրանք ուղեղի հանկարծակի ակտիվացման արդյուք են:

Զիգմունդ Ֆրոյդը, ով զարգացրել է հոգեվերլուծության հոգեբանական սկզբունքի տեսությունը, գրել է երազների տեսության և դրանց մեկնաբանությունների մասին վաղ 1900-ականներին: Նա բացատրել է երազը որպես մարդու ցանկությունների և անհանգստությունների արտահայտում, որը հիմնականում կապված է մանկության տարիների ճնշված հիշողությունների ու սևեռուն մտքերի հետ: Նա նաև ասում էր, որ ամեն երազ, անկախ իր բովանդակությունից, իրենից ներկայացնում է սեռական լարվածության թուլացում: Իր «Երազների մեկնաբանություն» (1899) աշխատության մեջ Ֆրոյդը զարգացրել է երազներ մեկանաբանելու հոգեբանական տեխնիկան և մշակել է մի շարք ուղեցույցներ հասկանալու երազների մեջ հանդիպող սիմվոլները: Մեր ժամանակներում երազները կապվում են անգիտակցական մտքի հետ: Դրանք կարող են տարբերվել սովորականից մինչև սյուրռեալիստական և տարօրինակ: Երազները կարող են լինել վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային և սեռական բնույթի: Երազում տեղի ունեցող իրադարձությունները երազը տեսնողի հսկողությունից դուրս են: Սա չի վերաբերում միայն գիտակցված երազատեսությանը, որտեղ մարդը գիտակցում է, որ երազ է տեսնում․․․Ավելին