Երազների մեկնաբանություն (աշխատություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երազների մեկնաբանություն
Die Traumdeutung
Die Traumdeutung (Congress scan).jpg
ՀեղինակԶիգմունդ Ֆրոյդ
Տեսակգիրք
Ժանրհոգեբանություն
Թեմաերազների մեկնաբանություն և dreamwork?
Բնօրինակ լեզուգերմաներեն
ԵրկիրFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա
ՀրատարակիչFranz Deuticke?
Հրատարակման տարեթիվ1899
ԹարգմանիչԱբրահամ Բրիլ
Die Traumdeutung Վիքիպահեստում

Երազների մեկնաբանությունը (գերմ.՝ Die Traumdeutung) Զիգմունդ Ֆրոյդի առաջին լայնածավալ մենագրությունն է, որ հրատարակվել է 1899 թ., սակայն թվագրվել 1900 թ., քանի որ հեղինակը և հրատարակիչը ցանկանում էին այն «վերագրել նոր դարին»։ Այս աշխատության մեջ Զ. Ֆրոյդն առաջին անգամ խոսում է հոգեվերլուծության ամենահիմնական հասկացություններից մեկի՝ անգիտակցականի մասին, ինչպես նաև առաջին անգամ քննարկում այն, ինչ հետագայում անվանում է «Էդիպյան բարդույթի տեսություն»։

Գրքի առաջին հրատարակությունը մեծ հաջողություն չի ունեցել. մի քանի տարվա ընթացքում վաճառվել է ընդամենը 600 օրինակ։ Սակայն հետագայում, բազմիցս վերահրատարակվելով, այս աշխատությունը դարձել է Զիգմունդ Ֆրոյդի ամենաընթերցված աշխատանքներից։

Aquote1.png Երազների մեկնաբանությունը «Արքայական ճանապարհն» է հոգեկան կյանքի անգիտակցականի ճանաչողության համար։ Aquote2.png

Հիմնական հասկացությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հիմնականում անդրադարձ է կատարվում երազների հոգեբանական առանձնահատկություններին և հոգեթերապևտիկ աշխատանքում դրանց մեկնաբանության կարևորությանը։ Ֆրոյդը գտնում է, որ երազը աղճատված կերպով փոխարինում է անգիտակցական բովանդակություններին, քանի որ բացի երազի ակնհայտ բովանդակությունից, կա նաև թաքնված բովանդակություն, որն արտամղված ցանկություն է։ Երազների մեկնաբանության հոգեվերլուծական մեթոդն ուղղված է վերծանելու երազի թաքնված բովանդակությունը, ինչը մեծ նշանակություն ունի հոգեթերապևտիկ աշխատանքում։ Երազի հիմնական գործառույթն է պահպանել քունը։ Երազը քնելու պահանջմունքի և քունը խանգարել ձգտող անգիտակցական ցանկությունների միջև փոխհամաձայնությունն է։ Այն ցանկության հալյուցինատոր իրականացում է, ինչի նպատակը քունը պահպանելն է։ Ֆրոյդը ցույց է տալիս, որ երազը ենթարկվում է վերամշակման չորս հիմնական միջոցներով՝ մտքի վերածումը տեսողական պատկերների, խտացում, փոխադրում, երկրորդային մշակում։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԼՈՒԽ I. Երազատեսության հարցի վերաբերյալ գիտական գրականությունը (մինչև 1900 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Զ. Ֆրոյդն իր աշխատությունն սկսում է՝ քննարկելով մինչև իր ուսումնասիրությունը արդեն գոյություն ունեցող մի շարք հեղինակների տեսանկյունները երազատեսությունների, դրանց մեխանիզմների, նշանակության, գործառույթների մասին։ Նա մասնավորապես կարևորում է Արիստոտելի, Հիլդեբրանդտի, Շերների, Կրաուսի, Շտրյումպելի, Վունդտի, Իեսսենի, Շոլցի և այլոց աշխատությունները երազների մասին։

ԳԼՈՒԽ II. Երազներ մեկնաբանության մեթոդը. երազատեսության վերլուծության օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլխում Ֆրոյդը քննադատում է երազների մեկնաբանության արդեն գոյություն ունեցող երկու հիմնական մեթոդները՝ սիմվոլիկ մեթոդը, որի միջոցով երազը վերլուծվում էր դրանում առկա ընդհանուր խորհրդանիշների վերլուծմամբ, և վերծանման մեթոդը, որը բացատրում էր երազի հնարավոր թաքուն իմաստները։ Զ. Ֆրոյդը համարում է, որ երազը կարող է մեկնաբանվել միայն, եթե հաշվի առնենք երազ տեսնողի անձը, նրա կյանքի պայմանները, միջավայրը, քանի որ. «Երազի մի տարրը հարուստի, ամուսնացածի, առևտրականի համար կարող է ունենալ մի իմաստ, իսկ աղքատի, չամուսնացածի և հռետորի համար՝ բոլորովին այլ»։

Աշխատելով հոգեախտաբանական խնդիրներով մարդկանց հետ՝ Զ. Ֆրոյդը և Ժոզեֆ Բրեյերը նկատեցին, որ պացիենտների ախտանիշների նշանակության մեկնաբանությունը և այդ ախտանիշների հետզարգացումը համընկնում են, և այդպիսով շատ հաճախ պացիենտը մեկնաբանությունից հետո ուղղակի ազատվում է այդ ախտանիշից։ Նրանք նկատեցին նաև, որ պացիենտները իրենց ախտանիշների և դրանց հետ կապված զգացողությունների մասին խոսելիս հաճախ անդրադառնում են իրենց երազներին։ Այսինքն երազները մեծ հաշվով մտցվում էին այն հոգեբանական շղթայի մեջ, որով որ վերլուծությունն առաջ էր շարժվում։ Այս ամենի արդյունքում Ֆրոյդը հասկացավ, որ երազը կարելի է համարել ոչ այլ ինչ, քան հերթական ախտանիշը, որ անհրաժեշտ է մեկնաբանել։

Aquote1.png Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է պացիենտի հոգեկան պատրաստվածությունը: Նրանից պահանջվում է երկու բան. ուշադրության կենտրոնացումը սեփական հիշողությունների վրա և քննադատության իսպառ հեռացումը, որպեսզի նա չկարողանա ընտրել, թե գլխում ծագած որ միտքը պետք է ասել: Ուշադրության կենտրոնացման միջոցով նրա ինքնադիտումը ապահովելու համար նպատակահարմար կլինի, որ նա ընդունի հարմար դիրք և փակի աչքերը: Անհրաժեշտ է նրան ասել, որ հոգեվերլուծության հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նա ասի այն ամենը, ինչ գալիս է իր միտքը, և չճնշի նույնիսկ այն մտքերը, որոնք թվում են անէական, աբսուրդային կամ թեմային չվերաբերող։ Aquote2.png

Բայց պետք է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե ամբողջական երազի, այլ երազի առանձին տարրերի վրա միայն։ Այս ուղիով ստացված նյութի օգնությամբ կարող է կատարվել ինչպես երազների, այնպես էլ ախտաբանական մտքերի մեկնաբանություն (այս տեխնիկան հետագայում անվանվեց «ազատ զուգորդումների մեթոդ»

Այս տեսության համար հիմնարար գաղափարն այն մասին, որ երազը ծածկագիր է, որի ձևով և միջոցով թաքնված ցանկությունները գտնում են իրենց համար բավարարություն, Ֆրոյդի մոտ առաջ է եկել 1895 թ.-ի հուլիսի 24-ի երեկոյան, մի վիեննական ռեստորանում, երբ հասկացավ իր՝ նախորդ գիշերվա երազի թաքուն իմաստը։ Հետագայում նա կատակելով ասել է, որ այդ տեղում պետք է կանգնեցնել ցուցանակ՝ «Այստեղ դոկտոր Ֆրոյդի կողմից բացահայտվեց երազների առեղծվածը» գրությամբ։

Իր այս աշխատության մեջ նա որպես երազի մեկնաբանման օրինակ ներկայացնում է հենց այդ նույն երազը և մեկնաբանում այն։

Զ. Ֆրոյդի երազը (1895 թ., հուլիսի 23/24).[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մեծ դահլիճ, շատ հյուրեր, որոնց մենք ենք ընդունել: Նրանց մեջ է Իրման, նրա ձեռքից բռնում եմ և ցանկանում պատասխանել նրա նամակին՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ չի ընդունել իմ «որոշումը»: Ես նրան ասում եմ. «Եթե դու դեռ ցավեր ունես, ուրեմն դրանում միայն դու ես մեղավոր»: Նա պատասխանում է. «Եթե դու իմանայիր, թե ինչպիսի ցավեր ունեմ ես կոկորդում, ստամոքսում և որովայնում»:

Ես վախենում եմ և նայում նրան: Նրա դեմքը գունատ է և ուռած: Մտածում եմ, թե հնարավոր է՝ չեմ նկատել նրա մոտ որևէ օրգանական հիվանդություն: Ես նրան ուղեկցում եմ պատուհանի մոտ և զննում կոկորդը: Նա թեթևակիորեն ընդդիմանում է, ինչպես այն բոլոր կանայք, ում մոտ դնովի ատամներ են: Ես ինքս ինձ մտածում եմ՝ չէ՞ որ դա նրան պետք չէ: Բերանը բացվում է, և ես աջ կողմում տեսնում եմ մեծ սպիտակ բիծ, իսկ մի փոքր խորության վրա՝ տարօրինակ ելուստ՝ քթի խեցիների պես. ես տեսնում եմ դրա մոխրագույն կեղևը: Ես հենց այդ պահին կանչում եմ բժիշկ Մ.-ին, որը կրկնում է զննումը և հաստատում այն: Բժիշկ Մ.-ը սովորականից տարօրինակ տեսք ունի: Նա շատ գունատ է, կաղում է և, չգիտես ինչու, առանց մորուքի: Իմ ընկեր Օտտոն հիմա կանգնած է իմ կողքին, իսկ ընկեր Լեոպոլդը հետազոտում է նրա թոքերը և ասում. «Նրա մոտ կա ապաճում ձախից դեպի ներքև»: Նա մատնանշում է նաև ինֆիլտրացիա ձախ ուսին (չնայած զգեստի առկայությանը՝ ես նույնպես զգում եմ դա): Մ.-ը ասում է. «Անկասկած դա վարակում է: Բայց ոչինչ, նրա մոտ կլինի դիզենտերիա, և թույնը դուրս կտա…»: Մենք ևս հասկանում ենք՝ որտեղից է այդ վարակը: Ընկեր Օտտոն վերջերս, երբ Իրման իրեն անառողջ էր զգում, նրան ներարկել է պրոպիլի պրեպարատ՝ պրոպիլեն, պրոպիլենաթթու… տրիմեթիլամին (բանաձևը ես հստակ տեսնում եմ աչքերիս առաջ): Այդպիսի ներարկում չի կարելի անել թեթևամտորեն: Մեծ է հավանականությունը, որ ասեղը այնքան էլ մաքուր չի եղել։

Aquote2.png

Իրման (կեղծանուն է) եղել է Ֆրոյդի պացիենտը և նրա ընտանիքի մտերիմը։ Ֆրոյդը գտնում էր, որ, քանի որ նրանք մտերիմներ էին, իր՝ որպես բժշկի հեղինակությունը Իրմայի մոտ փոքր էր, ուստի նրա բուժումը լիակատար արդյունավետություն չունեցավ։ Հոգեթերապևտիկ աշխատանքի վերջում Իրման ազատվել էր հիստերիկ վախերից, բայց ոչ սոմատիկ (մարմնական) ախտանիշներից։ Աշխատանքի ավարտին Ֆրոյդը Իրմային առաջարկում է մի «որոշում», որին վերջինս չի համաձայնում։ Որոշ ժամանակ անց Ֆրոյդն իր աշխատակից-ընկերոջից իմանում է, որ «Իրման համեմատաբար լավ է զգում, բայց ոչ միանգամայն լավ»։ Ֆրոյդին թվում է, թե ընկերն իրեն մեղադրում է պացիենտի վիճակի և պացիենտին շատ բան խոստանալու համար։ Այս զգացողությունը Ֆրոյդը ոչ մի կերպ չի արտահայտում և երազը տեսնելուց առաջ՝ երեկոյան, մանրամասնորեն շարադրում է Իրմայի հիվանդության պատմությունը, որպեսզի ուղղորդի նրան իրենց ընդհանուր ընկեր և շատ հայտնի բժիշկ Մ.-ի մոտ։

Ֆրոյդն այս երազը գրի է առնում և որոշում վերլուծել՝ առանձնացնելով երազի դրվագները և մեկնաբանություններ տալով այդ դրվագներին՝ ըստ սյուժեի հերթականության։ Յուրաքանչյուր հատվածին տալով հնարավորինս մանրամասն մեկնաբանություն՝ նա տեսնում է, որ երազի բովանդակությունն իր մեջ թաքցնում է այնպիսի մտքեր, որոնք արթմնի ժամանակ նրան անհանգստացրել կամ իր համար «հոգեկան արժեք» են ներկայացրել։ Երազի վերլուծության արդյունքում Ֆրոյդը եզրակացնում է, որ երազը իրականացնում է մի քանի ցանկություն, որոնք առաջացել են վերջին երեկոյի իրադարձությունների պատճառով (Օտտոյի ասածը և հիվանդության պատմության կազմումը)։

Երազի մեկնաբանությունը թույլ է տալիս վերծանել երազի թաքցրած միտքը, որը Ֆրոյդը շարադրում է հետևյալ կերպ.

Aquote1.png Ես անմեղ եմ Իրմայի շարունակվող հիվանդության հարցում, դրանում մեղավոր է Օտտոն: Օտտոն բարկացրել է ինձ Իրմայի ոչ լիարժեք բուժման մասին իր նկատողությամբ: Երազատեսությունը նրանից վրեժ է լուծում իմ փոխարեն՝ նույն մեղադրանքն ուղղելով նրա վրա: Երազն ազատում է ինձ Իրմայի ինքնազգոցողության համար իմ ունեցած պատասխանատվությունից՝ այն կապելով մի քանի այլ հանգամանքների հետ: Երազը ստեղծեց այն իրավիճակը, որը ես էի ցանկանում, հետևաբար դրա բովանդակությունն այդպիսով համարվում է ցանկության իրականացում, իսկ դրա շարժառիթը հենց ցանկությունն է։ Aquote2.png

ԳԼՈՒԽ III. Երազատեսությունը՝ ցանկության իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գլխում Զ. Ֆրոյդը ցույց է տալիս, որ երազատեսությունը լիարժեք հոգեկան երևույթ է և կրում է ցանկության իրականացման բնույթ։ Ֆրոյդն ընդգծում է, որ շատ հեշտ է նկատել, որ երազատեսությունը հենց ցանկության իրականացում է՝ վերլուծելով մի քանի օրինակներ։ Ֆրոյդը գրում է, որ երբ ինքը քնելուց առաջ աղի կերակուր է ուտում, ապա կարող է արթնանալ ծարավից։ Բայց արթնանալուց առաջ նա սովորաբար երազ է տեսնում, թե ինչպես է ջուր խմում, ապա արթնանալով տեսնում, որ իսկապես ուզում է խմել։ Այսպիսով՝ ծարավի զգացումը առաջացնում է ջուր խմելու ցանկությունը, իսկ երազը այդ ցանկությունը ներկայացնում է իրականացված տեսքով։ Քանի որ ավելի հարմարավետ է քնելը, ոչ թե արթնանալը, ապա երազը փորձում է հագեցնել քնածի ծարավը առանց արթնանալու, այսինքն այս երազը հարմարավետության մասին երազ է։ Բայց ծարավը չի կարող հագեցվել երազով, ինչպես և Ֆրոյդի վրեժխնդրությունը Օտտոյի հանդեպ։ Այսինքն, հարմարավետությունը կարող է ստեղծել երազ, և քանի որ վերջինիս հիմնական նպատակը ցանկության իրականացումն է, այն կարող է լինել միանգամայն էգոիստական։

Ֆրոյդը մատնանշում է, որ ցանկության իրականացման սկզբունքը շատ ավելի ուղղակի է դրսևորվում մանկական երազներում։ Նա ներկայացնում է իր իսկ երեխաների երազներից մի քանիսը.

Ֆրոյդի հնգամյա որդին երազում տեսնում է, որ ինքը եղել է Սիմոնիգյուտտեում՝ սար, ուր մեծ հաճույքով էին այցելում Ֆրոյդի երեխաները։ Երազատեսության նախորդ օրը նրանք անցել են մի ճանապարհով, որ շատ մոտ էր այդ սարին, սակայն, որքան էլ երեխաները ցանկացել են այնտեղ գնալ, հայրը չի համաձայնել տանել նրանց այնտեղ։ Ըստ Ֆրոյդի՝ երազը երեխային պարգևատրել է այնտեղ տանելով։ Իսկ երբ նավակով լճի վրա զբոսանքից հետո փորձում էին նրա երեքամյա աղջնակին իջեցնել նավակից, փոքրիկը ուժգին լաց է եղել և ասել, որ զբոսանքը շատ կարճ էր։ Հաջորդ առավոտյան աղջնակը պատմել է, որ երազում լճակի վրա երկար զբոսնում էր նավակով։

Հեղինակի կարծիքով՝ մենք կարող ենք տեսնել երազների ցանկության իրականացման երևույթը նաև առօրյա խոսակցությունների, առածների, ասացվածքների մեջ, օրինակ՝ «Ես նույնիսկ երազում դա չէի տեսնի» կամ «Ի՞նչ է տեսնում երազում սագը: Եգիպտացորեն» և այլն։

ԳԼՈՒԽ IV․ Երազատեսության աղճատող գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զ. Ֆրոյդն առաջ է քաշում այն գաղափարը, որ նույնիսկ տհաճ կամ վախի մասին երազները իրենց մեջ կրում են ցանկության իրականացում։ Երազների մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ցանկության իրականացումը երազում հաճախ ի հայտ է գալիս թաքնված, փոփոխված ձևով, ինչը Ֆրոյդն անվանում է «աղճատում»։ Մի քանի երազատեսությունների օրինակով Ֆրոյդը փորձում է բացատրել այդ աղճատումների պատճառը։ Պարզվում է, որ երբեմն աղճատումը քողարկում է իրական բովանդակությունը՝ այն ճիշտ հակառակ բովանդակությամբ ներկայացնելով (իրականում՝ հակակրանք, երազում՝ համակրանք կամ իրականում՝ սեռական ցանկություն, երազում՝ վախ)։

Հետագայում Ֆրոյդը այդ աղճատումները բացատրում է երկու «հոգեկան համակարգերի» գոյությամբ, որոնցից առաջինը առաջ է բերում ցանկությունը, իսկ մյուս համակարգը երազում կատարում է «ցենզուրայի» գործառույթ։ Ցենզուրայի միջոցով է կատարվում երազի աղճատումը։ Ֆրոյդը գտնում է, որ ցենզուրան վերահսկում է այն ամենն, ինչ հնարավորություն ունի հասնելու գիտակցություն։ Առաջին համակարգից ոչինչ չի կարող հասնել գիտակցությանը՝ առանց անցնելու ցենզուրայի միջով։ Ցենզուրան թողնում է գիտակցությանը հասնել այն բովանդակությունները, որոնք համապատասխանում են իր ցանկություններին, իսկ եթե չեն համապատասխանում, փոփոխում, աղճատում է այդ բովանդակություններն այնպես, որպեսզի դրանք հնարավորինս համապատասխան լինեն։ Այսպես ուրեմն, տհաճ երազները քողարկում են ցանկություններ, որոնք հաճելի չեն երկրորդ համակարգին (ցենզուրային)։

Այսպիսով, ցանկացած երազ բխում է առաջին համակարգից, իսկ երկրորդը արգելակող համակարգ է։ Հետևաբար, երազը վերլուծելու համար չի կարելի սահմանափակվել երկրորդ համակարգի հասկացմամբ, այլ անհրաժեշտ է պարզել դրա գաղտնի նշանակությունը, որը գալիս է առաջին համակարգից։

ԳԼՈՒԽ V․ Երազատեսությունների նյութը և աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

ա) Թարմ և չեզոք բովանդակությունները երազում. Ֆրոյդը կարծում էր, որ յուրաքանչյուր երազի մեջ կարելի է տեսնել կապ նախորդ օրվա ապրումների հետ, ուստի երազների վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել թարմ տպավորությունները և հույզերը, որ երազ տեսնողը վերապրել է նախորդ օրը կամ ավելի շուտ։ Սակայն երազի մեջ իրենց արտացոլումն են գտնում նախորդ օրվա այն բովանդակությունները, որոնք ինչ-որ կերպ կապվում են ավելի վաղ ունեցած փորձի հետ։ Ընդ որում, երազատեսություններում հայտնվում են ոչ թե առաջնային կարևորություն ունեցող, այլ չեզոք, երկրորդական բովանդակությունները, բայց որոնք մեզ տվել են մտածելու առիթ, և որոնց վրա մենք չենք կենտրոնացել։ Եթե օրվա մեջ կան մեկից ավելի այդպիսի բովանդակություններ, ապա երազը հակված է միավորել դրանք մեկ ամբողջության մեջ։

բ) Ինֆանտիլ բովանդակությունները որպես երազի աղբյուր. երազում կարող են արտահայտում գտնել կյանքի վաղ փուլերում ստացված տպավորությունները, որոնց առաջ հիշողությունն արթուն վիճակում անզոր է։ Ֆրոյդը երազների մի շարք օրինակներ է բերում, որոնցում անձը տեսնում է վաղուց մոռացված պատկերներ կամ սյուժեներ սեփական մանկությունից։ Այս բնույթի երազներ են կրկնվող երազները, որոնք հիմնականում մանկական տարիքում վերապրած բովանդակությունների տարրերից են կազմվում։

գ) Երազների սոմատիկ (մարմնական) աղբյուրները. երազների մարմնական աղբյուրներն, ըստ Ֆրոյդի, երկուսն են՝ նյարդային և ֆիզիկական։ Երազների բնույթի վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես արտաքինից և ներքինից եկող գրգռիչները, այնպես էլ մարմնի դիրքը, օրգան-համակարգերի, հատկապես մարսողական և միզասեռական համակարգերի գործառնությունը։ Երբ երազում ի հայտ են գալիս մարմնական աղբյուրներից եկող տհաճ զգացողություններ, ապա երազի «աշխատանքն» օգտվում է գործոնների այդ համակցությունից՝ որևէ արտամղված ցանկություն իրականացնելու համար, ընդ որում՝ ցենզուրան քիչ թե շատ պահպանվում է։

դ) Տիպիկ երազներ. Ֆրոյդը գտնում է, որ կան որոշ երազներ, որոնք, չնայած տարբեր մարդկանց մոտ են առաջանում, այդուհանդերձ մեծամասամբ կարող են մեկնաբանվել նույն կերպ, քանի որ բխում են միևնույն աղբյուրից.

  1. Մերկության մասին երազներ. մերկ կամ ամոթալի հագուստով լինելու մասին երազները Ֆրոյդն անվանում է էքսհիբիցիոնիստական երազներ՝ համարելով, որ դա անձի ինֆանտիլ ցանկությունն է ցուցադրել սեփական մարմինն այլ մարդկանց։ Երազ տեսնողն այդպես անում էր 3-4 տարեկան հասակում, երբ մեծահասակները նրան սիրում էին մերկ, և նրա մոտ ամոթի զգացում դեռևս չկար։
  2. Երազներ հարազատ մարդկանց մահվան մասին. այս երազների շարքում կարելի է առանձնացնել երկու տարբերակ։ Մեկը, երբ անձը երազում վիշտ չի ապրում մահացած ծնողի, քրոջ կամ եղբոր մահվան առիթով և զարմանում իր անզգայությունից, իսկ մյուսը, երբ անձը կորստի հետ կապված խորը և ծանր վշտագին ապրումներ է ունենում երազում։ Առաջին տեսակի երազները չեն կարող համարվել տիպիկ, քանի որ հարազատի կորուստը երազում քողարկում է մեկ այլ՝ երազի բովանդակության հետ կապ չունեցող ցանկություն, որը կարելի է պարզել մեկնաբանության ընթացքում։ Իսկ երկրորդ տեսակի երազներն իրապես արտացոլում են անձի արտամղված ցանկությունը, որպեսզի իր տվյալ հարազատը մահանա։ Այդ ցանկությունը կարող է լինել անձի կյանքի որևէ փուլում առկա եղած ապրում՝ տվյալ հարազատից կամ նրա ազդեցությունից ազատվելու ձգտում։ Քույր-եղբայրների մահվան մասին երազներում կարող է արտացոլվել նրանց վաղեմի մրցակցությունը ծնողների սիրո համար։ Ծնողների մահվան հետ կապված երազները Ֆրոյդը բացատրում է՝ հանգամայնորեն նկարագրելով էդիպյան բարդույթի երևույթը, երբ 3-6 տարեկան հասակում երեխայի մոտ ի հայտ է գալիս սեռական ձգտում հակառակ սեռի ծնողի հանդեպ և մրցակցություն նույն սեռի ծնողի հետ։ Էդիպյան բարդույթի արդյունքում երեխան երկարժեք՝ սիրո, կապվածության և ատելության, թշնամանքի զգացմունքներ է տածում նույն սեռի ծնողի նկատմամբ, ինչը և կարող է հանգեցնել վերը նշված երազների ի հայտ գալուն։
  3. Քննության մասին երազներ. նույնիսկ կրթական համակարգից վաղուց դուրս եկած մարդկանց մոտ դեռևս երազներ են լինում քննության հանձնման մասին։ Ֆրոյդի կարծիքով դրանք մանկության տարիքում կրած պատժի մասին հիշողությունների արդյունք են։ Ամեն անգամ, երբ անձը պատրաստվում է որևէ պատասխանատու գործողության և վախ ունի, որ այդ գործը չի ստացվի իր մոտ, քանի որ ինքը ինչ-որ բան այն չի արել, կարող է ունենալ քննության մասին երազ։ Հետաքրքիր է, որ անձը երազում տեսնում է ոչ թե այնպիսի քննություն, որը տապալել է, այլ հիմնականում այն քննությունները, որոնք հաջողությամբ է հանձնել։ Հետևաբար, այսպիսի երազները նախևառաջ հանգստացնող գործառույթ ունեն, քանի որ մատնանշում են հաջողությամբ պսակված փորձ և ոգեշնչում նոր հաղթանակի։

Ատամի ցավի հետ կապված երազները Ֆրոյդը, օրինակների հիման վրա, կապում է|օնանիստական ցանկությունների արտահայտման հետ։ Քնած ժամանակ թռչելու, օդում սավառնելու մասին երազները մանկական տարիքում երեխային օդ թռցնելու ձևով խաղալու և դրանից երեխայի մոտ հաճելի զգացողությունների վերապրման հետ են կապված։ Ընկնելու մասին երազները մեծամասամբ վախի հետ են կապված։ Կանանց մոտ այս երազները համարյա միշտ խորհրդանշում են սեռականության հետ կապված մեղքի զգացումը (մեղք՝ «ընկնել»)։ Մարդիկ, ովքեր հաճախ երազում տեսնում են իրենց լողալիս, ալիքները ճեղքելիս, սովորաբար մանկական տարիքում տառապել են գիշերամիզությամբ, ինչը նրանց տալիս էր հեղուկի հոսելու հաճելի զգացողությունը, որից նրանք զրկվել են հասուն տարիքում։ Հրդեհի մասին երազները հաճախ վկայում են մանկական տարիքում կրակի հետ խաղալու արգելքի մասին։

Ֆրոյդը համոզված էր, որ երազատեսությունների մեծամասնությունը հիմքում ունի սեռական բնույթ և արտահայտում է էրոտիկ ցանկություններ։ Ոչ մի բնազդ, սկսած անձի մանկական տարիքից, չի ենթարկվում այնպիսի ճնշման, ինչպես սեռական բնազդը, ուստի այն շատ ավելի հաճախ է արտահայտում գտնում երազներում։ Չնայած Ֆրոյդը գտնում էր, որ յուրաքանչյուր երազի մեկնաբանություն ունի անհատական վերլուծության կարիք, այս գլխի վերջում նա առանձնացնում է մի քանի խորհրդանիշներ, որոնք երազների մեծամասնության դեպքում ունեն սեռականության հետ կապված ընդհանուր նշանակություն.

  1. Գլխարկ՝ տղամարդու խորհրդանիշ (տղամարդու սեռական օրգան),
  2. Փոքրիկ երեխա՝ սեռական օրգաններ, երեխային ճզմելը՝ կոիտուսի խորհրդանիշ,
  3. Շենքեր, սանդուղք, հորերը որպես սեռական օրգանների նշանակություն,
  4. Կոնկրետ տղամարդու կերպարը որպես տղամարդու սեռական օրգան,
  5. Լանդշաֆտը որպես կնոջ սեռական օրգան,
  6. Սանդուղքով բարձրանալ կամ իջնելը որպես սեռական ակտ և այլն
Մարմարյա հուշատախտակ այն վայրում, որտեղ առաջին անգամ Զիգմունդ Ֆրոյդը սկսել է «Երազների մեկնաբանություն» աշխատությունը։ :Տեքստը՝ «Այս տանը 1895 թ. հուլիսի 24–ին դոկտոր Զիգմունդ Ֆրոյդը պարզել է երազների գաղտնիքը։ Այս պահին ես քիչ հեռանկարային եմ համարում այն»: Ավստրիա, Գինցինգից ոչ հեռու (Վիենա, 1900)

ԳԼՈՒԽ VI․ Երազատեսության աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երազի բովանդակության և երազի մեկնաբանության միջև կա մի նոր հոգեկան նյութ՝ երազի հետևում թաքնված բովանդակություն, որ արտահայտում է որոշակի միտք։ Ֆրոյդը գտնում է, որ հոգեվերլուծության խնդիրն է դուրս հանել երազի ակնհայտ և թաքուն բովանդակությունների միջև կապը։

Երազն ունի նյութի մշակման չորս հիմնական ձև՝ մտքի վերածումը տեսողական պատկերի, խտացում, փոխադրում և երկրորդային մշակում։ Ֆրոյդը գտնում էր, որ երազը մտքի յուրատիպ «թարգմանություն» է, որի արդյունքում միտքը վերածվում է պատկերի։ Նա այդ պատկերը համեմատում է ռեբուսի հետ, որի կառուցվածքը չի ենթարկվում տրամաբանությանը, բայց ճիշտ վերծանման դեպքում կարելի է հասնել երազի ճշմարիտ մտքին։

Խտացման աշխատանք. եթե համեմատենք երազը մտքի հետ, ապա երազում առկա է բովանդակությունների մի անդադար խտացման գործընթաց։ Երազը հակիրճ է ու աղքատ՝ մտքի բազմազան հարստության համեմատ։ Բայց երազի մեկնաբանությունը իր ծավալով անհամեմատ ավելի հարուստ ու բովանդակալից է, քան երազը արտաքինից։ Երազում հոգեկան բովանդակությունների խտացման վառ օրինակ է երազում գործող հավաքական անձը, որի մեջ համադրվում են երազը տեսնողին ծանոթ մեկ կամ մի քանի անձանց բնորոշ բնութագրիչներ։ Խտացման գործընթացի միջոց է նաև անունների խտացումը և նոր բառերի ստեղծումը երազի կողմից։ Օրինակ՝ Ֆրոյդը իր երազներից մեկում տեսել էր իր աշխատակցին և մտածել, թե ինչպիսի «նորէկդալային» ոճ ունի նա։ Փորձելով պարզել, թե ինչ ծագում կարող է ունենալ այդ բառը, Ֆրոյդը հիշել է, որ նա գրել է Իբսենի մասին ակնարկ, իսկ Ֆրոյդը հիշում էր հերոսների անուններ՝ Իբսենի երկու դրամաներից՝ Նորա և Էկդալ։ Բառային այսպիսի նորամուծություններ անում են նաև պարանոյայի, հիստերիայի, կպչուն մտքերի դեպքում, ինչպես նաև մանկական հասակում։

Փոխադրման աշխատանք. հաճախ այն, ինչ երազի հիմքը հանդիսացող մտքի համար ունի կարևոր նշանակություն, երազում կարող է բոլորովին չարտահայտվել։ Երազի աշխատանքում արտահայտվում է հոգեկան ուժ, որը մի կողմից հոգեպես արժեքավոր տարրերը զրկում է արժեքից, իսկ մյուս կողմից՝ դետերմինացիայի սկզբունքով, փոքր արժեք կրող տարրերից ստեղծում է նոր արժեքներ, որոնք արտահայտվում են երազում։ Այսպիսով տեղի է ունենում առանձին տարրերի հոգեկան ինտենսիվության փոխադրում և տեղափոխում։ Կարող ենք ենթադրել, որ տեղափոխման գործընթացը տեղի է ունենում ցենզուրայի շնորհիվ։

Պատկերման միջոցները երազում. երազների մեկնաբանության արդյունքում ստացված նյութը կարելի է բաժանել երկու մասի՝ առաջինը «էական մտքերն» են, որոնք կարող էին լիովին փոխարինել երազին, եթե չլիներ ցենզուրան։ Երկրորդը «կոլլատերալ մտքերի» խումբն է. դրանք այն ուղիներն են, որոնց միջոցով իրական ցանկությունները փոխարկվում են երազում ներկայացվող ցանկությանը։ Այս մտքերը երազում գտնվում են տարբեր տիպի կապերի մեջ։ Հարց է ծագում, թե ի՞նչ է տեղի ունենում այս մտքերի միջև տրամաբանական կապի հետ, որը երազում բացակայում է (երազը տրամաբանական կապը ներկայացնում է «միաժամանակության» տեսքով՝ անցյալի, ներկայի և ապագայի դեպքերն ու մարդկանց զետեղելով նույն հարթության մեջ)։ Վերլուծության նպատակն է վերականգնել երազում առկա տարրերի միջև իրական տրամաբանական կապը։

Պատճառահետևանքային կապը երազում կարող է փոխարինվել հաջորդականությամբ, որը կարող է պատկերվել նաև հակառակ ընթացքով կամ պատկերների անմիջական այլակերպմամբ, բայց այդ ամենի հետևանքը միշտ երազի գլխավոր հատվածի օգտին է։

Նմանությունը, համաձայնությունը և ընդհանրությունը սովորաբար պատկերվում են տարրերը մեկ ամբողջության մեջ ներառելու միջոցով, որը կամ արդեն գոյություն ունեցող միավորի է կցվում, կամ նորն է ստեղծվում։

Այս գլխում օրինակների հիման վրա մանրամասնորեն քննարկվում են նաև երազում նորարարության հարցը, բառերի և թվերի ներկայացումն ու նշանակությունը երազում և այլն։

Այսպիսով, օրինակների հիման վրա վերլուծելով աբսուրդային երազները և ինտելեկտուալ գործունեությունը երազում՝ Ֆրոյդը պնդում է, որ «այն ամենն, ինչ երազում կրում է մտածողության գործառույթի դրսևորման ձև, պետք չէ համարել մտածական գործընթաց, քանի որ դա վերաբերում է երազի հետևում թաքնված մտքերին: Երազի թաքնված բովանդակությանն են վերաբերում նաև արթնանալուց հետո երազ տեսնողի արտահայտած դատողությունների մեծ մասը և այն զգացողությունները, որոնք նկարագրվում են երազ տեսնողի կողմից: Այդ բոլորը երազի արդյունքն են և պետք է հաշվի առնվեն մեկնաբանության ժամանակ»։

Երազում աֆեկտների արտահայտումը վերլուծելիս հեղինակը նշում է, որ հաճախ մենք երազում ունենում ենք ինտենսիվ հուզական ապրումներ այնպիսի բովանդակությունների նկատմամբ, որոնք արթմնի ժամանակ նույնիսկ նվազագույն չափով չէին հուզի մեզ, և նաև հակառակը՝ կարող ենք բավականին անտարբեր լինել այնպիսի դեպքերի նկատմամբ, որոնք իրականում տեղի ունենալու դեպքում մեզ շատ կվշտացնեին կամ կուրախացնեին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս առեղծվածը հասկանալու համար մեզ ընդամենը պետք է երազի ակնառու բովանդակությունից անցում կատարել թաքնված բովանդակությանը։ Իրական և երազային բովանդակությունները կրում են բազմաբնույթ տեղափոխություններ և ձևափոխություններ, մինչդեռ աֆեկտը մնում է անփոփոխ։ Երազում վերապրած աֆեկտների վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև քնելիս երազ տեսնողի ունեցած տրամադրությունը (ծանր տրամադրության հիմքում սովորաբար լինում են չբավարարված ցանկություններ, որոնք երազը պետք է բավարարի), սոմատիկ գործոնները։

Երկրորդային մշակում. երկրորդային մշակումը ակնհայտ երազը մտցնում է քիչ թե շատ իմաստավորված ամբողջականության մեջ, քանի որ այն մեխանիզմները, որ թաքնված երազը վերածում են ակնհայտ երազի, աշխատում են թաքնված երազի յուրաքանչյուր տարրի հետ առանձին, ուստի թաքնված երազի տարրերի միջև գոյություն ունեցող կապերը խախտվում են։ Երկրորդային մշակումը թաքնված երազի հետ կապ չունի, այն ընդամենը կարգի է բերում, հարթեցնում է ստացվելիք ակնհայտ երազը, նրան օժտում թվացյալ իմաստով, մինչդեռ իրական իմաստը թաքնված երազում պետք է փնտրել։

Երբեմն երազում կարող է ի հայտ գալ որոշակի քննադատություն, որը հաճախ նախորդում է արթնանալուն։ Օրինակ՝ երազ տեսնողը ինքն իրեն համոզում է, որ տեղի ունեցողը ընդամենը երազ է՝ այդպիսով ջանալով նվազեցնել ապրած հույզերի կարևորությունը և թեթևացնել սպասումի տագնապը։ Այս երևույթը դրսևորվում է այն ժամանակ, երբ «անդադար ակտիվ վիճակում գտնվող ցենզուրան իրեն խաբված է զգում իր իսկ թույլ տված երազի կողմից»։ Քանի որ արդեն ուշ է ճնշել, ցենզուրան երազին հակազդում է նմանատիպ քննադատությամբ։ Ցենզուրայի ազդեցության տակ է նաև, որ երազի որոշ հատվածներ կարող են մոռացվել, և հաճախ դրանք հենց երազի հիմնական մտքերը միմյանց կապող դրվագներն են։

ԳԼՈՒԽ VII. Երազատեսության գործընթացների հոգեբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ա) Երազների մոռացումը. երազները կամ դրանց հատվածները արթնանալուց հետո մոռացվում են, քանի որ առկա է դիմադրություն՝ երազի թաքնված միտքը հասկանալու նկատմամբ։ Երազի մոռացված հատվածները մեկնաբանության ժամանակ հաճախ ինքնաբերաբար հիշվում են, ինչն էլ մեծապես նպաստում է մեկնաբանությանը։ Այդ դիմադրությունը քնած ժամանակ նշանակալիորեն թույլ է և «հանդուրժում» է երազի ձևավորումը, սակայն արթուն ժամանակ այնքան է ուժեղանում, որ թույլ չի տալիս վերարտադրել տեսած երազը։

բ) Ռեգրես. Զ. Ֆրոյդը երազը համարում է «ռեգրեդիենտ» գործընթաց, քանի որ այն, ի տարբերություն պրոգրեդիենտ գործընթացների, որոնք սկիզբ են առնում անգիտակցականից և ուղղված են դեպի գիտակցական, սկսվում է գիտակից-արթուն վիճակից և ուղղվում դեպի անգիտակցական։ Այս ռեգրեսը երազատեսության և շատ այլ հոգեկան դրսևորումների, ախտանիշների ամենակարևոր հատկություններից է։ Մտքի ռեգրեդիենտ փոխակերպումը երազի պետք է համարել ճնշված, անգիտակցական հիշողությունների (մեծամասամբ մանկական) ազդեցության հետևանք։ Անգիտակցական լարվածություն առաջացնող հիշողությունները «պայքարում» են նորմալ ուղիով գիտակցական թափանցելու համար, մինչդեռ ցենզուրան բարձր դիմադրություն է ցույց տալիս. այս հակամարտությունը ծնում է ռեգրեսիվ դրսևորումներ ինչպես երազում, այնպես էլ այլ հոգեկան երևույթներում։

գ) Ցանկության իրականացում. քանի որ անգիտակցական ցանկությունը գիտակցություն հասնելու համար հանդիպում է ցենզուրայի արգելքին, այն փոխակերպված և աղճատված կերպով իր արտահայտումն է գտնում երազում։ Հոգեվերլուծության մեջ ցանկություն է համարվում ֆիզիկական պահանջմունքի առկայության դեպքում ներքին գրգռվածության ապրումը, որի մաս է կազմում որոշակի ընկալում (օրինակ՝ սննդի), ինչի մասին այդ պահին հիշելը զուգորդվում է բավարարվածության մասին հիշելու հետ։ Պահանջմունքի ի հայտ գալու հետ մեկտեղ առաջանում է հոգեկան շարժում, որը ձգտում է առաջացնել առաջնային ընկալման մասին հիշողություն, այլ կերպ ասած վերարտադրել նախկին բավարարվածությունը։ Այսինքն երազը հնարավորություն է ստեղծում հալյուցինատիվ ձևով կրկնել բավարարվածության զգացողությունը՝ առաջացնելով ընկալում՝ փոխադրման գործընթացի շնորհիվ։ Իհարկե, երազում ցանկությունը և դրա իրականացումը ներկայացվում են աղճատված կերպով։

դ) Արթնացում երազի շնորհիվ, երազի գործառույթը, վախի երազներ. քնի ընթացքում առկա է քունը պահպանելու ուժեղ դրդապատճառ, ինչը աջակցվում է ենթագիտակացական համակարգի կողմից։ Սակայն, երբ երազը վերածվում է ընկալման, շնորհիվ ձեռքբերված որակների՝ կարող է արթնացնել քնածին։ Այսինքն ենթագիտակցական համակարգի էներգիան կարող է ուղղվել նաև արթնացման գործառույթին։ Ցանկությունն անգիտակցական համակարգին է պատկանում, մինչդեռ ենթագիտակցական համակարգը մերժում է այն և ճնշում։ Սակայն անգիտակցականն ամբողջությամբ չի ենթարկվում ենթագիտակցական համակարգին նույնիսկ լրիվ առողջ հոգեկանի դեպքում։ Հաճախ վախի արտահայտման հոգեկան գործընթացը կարող է ցանկության իրականացման գործընթաց լինել։ Նևրոզների դեպքում վախի երազների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բխում են սեռական աղբյուրներից, և այդ երազների հետևում թաքնված մտքերը սեռական բովանդակություն ունեն։

ե) Առաջնային և երկրորդային գործընթացներ. այն հոգեկան գործընթացները, որոնք ինքնաբերաբար հրահրում է առաջնային համակարգը՝ անգիտակցականը, Ֆրոյդը կոչում է առաջնային գործընթացներ, իսկ այն հոգեկան գործընթացները, որոնք իրականանում են երկրորդային համակարգի կողմից՝ երկրորդային գործընթացներ։ Այս գործընթացների համատեքստում նա նոր տեսանկյունից է սահմանում արտամղումը՝ համարելով այն աֆեկտների փոխակերպում առաջնային և երկրորդային համակարգերի կողմից։ Փսիխոնևրոզների տեսությունը պնդում է, որ միայն մանկական շրջանի սեռական ցանկությունները կարող են ենթարկվել արտամղման գործընթացին, իսկ զարգացման մյուս փուլերում դրանք ընդունակ են զուտ «վերակենդանանալ»՝ լինի դա սեռական կոնստիտուցիայի հետևանքով, ինչը ծագում է առաջնային բիսեքսուալիզմից, կամ սեռական կյանքի անբարենպաստ ազդեցություններից, և պայմանավորել ցանկացած փսիխոնևրոտիկ ախտանիշի առաջ գալը։

զ) Անգիտակցական և գիտակցական. այն, ինչ Ֆրոյդն անվանում է անգիտակցական համակարգ, հիմնականում սահմանում է գիտակցականի հետ հարաբերության մեջ՝ նշելով, որ դրա բովանդակությունները ընդունակ չեն հասնելու գիտակցականին, մինչդեռ ենթագիտակցական համակարգը օժտված է այդ կարողությամբ։

Aquote1.png Անգիտակցականը իսկական և իրական հոգեկանն է՝ իր ներքին էությամբ նույնքան անհայտ մեզ համար, որքան արտաքին աշխարհի իրականությունը, և երազների միջոցով մենք կարող ենք հասկանալ այն նույն աննշան չափով, որքան արտաքին աշխարհն ենք հասկանում մեր զգայարանների վկայությամբ։
- Զ. Ֆրոյդ, «Երազների մեկնաբանություն»
Aquote2.png


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sigmund Freud, L'interprétation des rêves, Tr. en français 1re éd. I. Meyerson (1926), Paris PUF, Nouvelle éd. révisée։ 4e trimestre 1967, 6e tirage։ 1987, février. (ISBN 213 040004 3)
  • "Les Rêves, voie royale de l'inconscient", textes réunis sous la dir. de Bela Grunberger, Ed.։ Sand & Tchou, 1997, ( ISBN 2710705931)
  • Фрейд З., Толкование сновидений, Попурри, Минск, 2003, 574 стр.