Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 19, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հեզբոլլահ (/ˌhɛzbəˈlɑː/; արաբ․՝ حزب الله‎‎ Ḥizbu 'llāh, բառացի՝ «Ալլահի կուսակցություն», տառադարձվում է նաև Հիզբուլլահ կամ Հիզբալլահ), շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ կազմակերպություն՝ տեղակայված Լիբանանում։ Հեզբոլլահի ռազմական թևը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թևը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը։ 1992 թվականին Աբբաս ալ-Մուսավի մահից հետո խումբը ղեկավարում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Ամբողջ կազմակերպությունը կամ միայն ռազմական թևը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն առնվազն 21 պետությունների կողմից, ԵՄ-ի կողմից և 2017 թվականից ի վեր Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մեծամասնության կողմից, բացառությամբ Իրաքի և Լիբանանի, որտեղ Հեզբոլլահը հզոր քաղաքական կուսակցությունն է։ Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության։

1982 թվականին Իսրայելի՝ Լիբանան ներխուժելուց հետո, Հեզբոլլահի գաղափարը սկսել է աճել լիբանանցի հոգևոր ներկայացուցիչների մոտ, ովքեր կրթվել էին Նաջաֆում և յուրացրել Այաթոլլահ Խոմեյնիի՝ 1979 թվականին տեղի ունեցած Իրանի իսլամական հեղափոխության մոդելը։ Կազմակերպության ստեղծմանը մեծ աջակցություն է ցույց տվել հենց Իրանը՝ ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ գաղափարական՝ այնտեղ ուղարկելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի խումբ հրահանգիչների։ Նպատակն էր համախմբել Լիբանանի շիա խմբերին՝ դիմադրելու Իսրայելի օկուպացիային։ 2006 թվականից ի վեր կազմակերպության ռազմական ուժն այնքան է մեծացել, որ ռազմական թևն ավելի հզոր է համարվում, քան Լիբանանի բանակը։ Հեզբոլլահը նաև աջակցություն է ստանում Լիբանանի որոշ քրիստոնյա շրջանակներից...Ավելին