Կադմեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադմեացիներ
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներԿորդուք
ԾագումՀայկազունիներ
ՀիմնադիրԿադմոս
Մեծագույն ներկայացուցիչԿադմոս
Ազգային
պատկանելիություն
Հայ

Կադմեացիներ (նաև՝ Կադմյաններ, Կադմոսի տուն), նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Իշխել են Կորճայք նահանգի Կորդուք գավառում, եղել են Մեծ Հայքի հարավային կուսակալության բդեշխները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացին հղում տալով Մար Աբասի մատյանին հաղորդում է, որ Կադմեացիների տոհմի նախնին Կադմոսն է՝ Հայկ նահապետի թոռը, Արամանյակի որդին։ Հայերի նախնի Հայկը աշտարակի կործանումից հետո, հեռանալով Բաբելոնից, գալիս է Արարադի երկիրը[2], որը ըստ Հայնրիխ Գելցերի Կորդվաց կողմերն է[3]։ Նրա հետ համամիտ է նաև Ստեփան Մալխասյանցը, որը նույն դեպքերի հետ կապված աշխարհաբար թարգմանության մեջ նշում է «Արարատի երկիրը Այրարատյան նահանգը չէ՝ Հայաստանի կենտրոնում, այլ նրանից արևմտահարավ ընկած երկիրը, Վանա լճից հարավ»[4]։ Այս տեսակետի պատճառն այն է, որ Արարադի երկիր հասնելով, Հայկն այստեղ բնակության տուն է կառուցում և այն որպես ժառանգություն թողնում իր թոռ Կադմոսին[1]։

Հայկյան Արամի մասին պատմվող ավանդազրույցից պարզվում է, որ Կադմեացիները սահմանապահ կուսակալներ էին նշանակված Մեծ Հայքի հարավում՝ Ասորեստանի հետ սահմանին[5]։ Ըստ Զորանամակի Կադմեացիները եղել են Մեծ Հայքի հարավային կուսակալության բդեշխները և իրենց ենթակայության տակ ունեցել 13․200 զինվոր։ Զորանամակի որոշ տարբերակներում «Կադմեացի» կուսակալի փոխարեն նշված է «Կորդուացի»[1][6]։

Ըստ Մովսես Խորենացու Գահնամակի զբաղեցրել են 15-րդ իշխանական գահը, իսկ ըստ Ներսեսի «Վարք»-ի զբաղեցրել են 22-րդ գահը։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին վերագրվող Գահնամակում չեն հիշատակվում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմյան տոհմի նախնիներ ընդունված է համարել Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների լեռնային շրջաններում բնակվող՝ <Կուտիներ> կոչվող ցեղերը, որոնք հիշատակվում են մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներին վերաբերող Միջագետքյան արձանագրություններում։ Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ Ադիաբենեում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։

Կադմյանների ծագումը տեղաբնիկ կորտ, կորդ կամ գորդ ցեղերից՝ ուսումնասիրողների շրջանում առիթ է տվել տարակարծիք ենթադրությունների՝

1) ըստ այսպես կոչված Հայկյան /կամ Հուրիական/ ծագման վարկածի՝ Կուտիները հանդիսացել են <Հայկական Կադմյան կամ Կադմեացիներ> նախարարական տան նախնիները (հիմնվում է Մ. Խորենացու <Պատմություն Հայոց> աշխատության վրա),

2) ըստ այսպես կոչված Զագրոսյան /կամ Շումերա-Ելամական/ ծագման վարկածի՝ Կուտիները հանդիսացել են Հին Զագրոսյան ժողովուրդներից սերված <Կորդվացիներ կամ Կորդվաց լեռնականներ> հիշատակվող տոհմի նախնիները (հիմնվում է Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը կցված <Զորանամակի> ձեռագիր օրինակի վրա, որտեղ «Կադմյանները» և «Կորդվացիները» ներկայացված են, որպես առանձին տոհմեր)։  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ո՞ր լեռան վրա է իջել Նոյան տապանը (ըստ ասուրա-բաբելական, հունա-հռոմեական, ասորական և հայկական աղբյուրների)», Ալբերտ Մուշեղյան, Պատմա-բանասիրական հանդես, №1, 2003, էջ 3-39։
  2. «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գլ․ Ա, Ժ, էջ 33։
  3. «Համառօտ պատմութիւն Հայոց, յաւելուածովք թարգմանչին», Պրոֆ․ Հայնրիխ Գելցեր, թարգմ․՝ Գրիգորիս Գալեմքյարյան, Վիեննա, 1897, էջ 6-7։
  4. «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, թարգմ․, ներած․ և ծանոթ․՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1968, ծան․ 27, էջ 328։
  5. «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գլ․ Ա, ԺԴ, էջ 46։
  6. «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփաննոս Օրբելյան, Փարիզ, 1859, գլ․ է, էջ 64։