Խուջանդ (տաջ.՝ Хуҷанд, պարսկերեն՝ خجند, հին հունարեն՝ Ἀλεξάνδρεια Ἐσχάτη), քաղաք Տաջիկստանի հյուսիսային մասում, Սոգդիյան մարզում։ Սովետական տարիներին կրել է Լենինաբադ անվանումը (սկսած 1936 թ.)։ Բնակչությունը 163 հազար մարդ։ Միջին Ասիայի հնագույն քաղաքներից մեկն է, զարգացած մետաքսագործությամբ։ Սովետական իշխանության տարիներին, Դուշանբեից հետո, Խուջանդը դարձել է հանրապետության արդյունաբերական խոշոր կենտրոն։ Խուջանդում են ՍՍՀՄմետաքսի խոշոր կոմբինատներից մեկը, գրենայի և բամբակազտիչ գործարաններ, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, ապակետարայի, «Տորգմաշ» գործարանները և այլն։ Ունի մանկավարժական ինստիտուտ, տեքստիլ, շինարարական, հաշվապլանային տեխնիկումներ, մանկավարժական, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, երաժշտական կոմեդիայի թատրոն, պատմա-հայրենագիտական թանգարան, Տաջիկական ՍՍՀ ԳԱ բուսաբանական այգի։ Խուջանդը հիշատակվում է VII դարի 2-րդ կեսից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։