Խաթրանովի առանձնատուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաթրանովի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Խաթրանովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Хатранова), հինավուրց շենք Դոնի Ռոստովում։ Շենքը դասվում է պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձանների շարքին։ Առանձնատունը կառուցվել է 1890-ական թվականներին՝ քաղաքացիական ինժեներ Արսեն Հովհաննեսի Տեր-Հակոբովի նախագծով։

Հասցեն՝ ՌԴ, ք. Դոնի Ռոստով, I Խորհրդային փողոց, տուն 42։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով, I Խորհրդային փողոց, տուն 42 հասցեի հինավուրց առանձնատունը կառուցվել է 1890-ական թվականներին։ Հայտնի են նրա սեփականատերերը։ Նրանցից մեկը եղել է քաղաքագլուխ, ժառանգական պատվավոր քաղաքացի Պ. Ե. Խաթրանովը։

Խաթրանովների ցեղը Նոր Նախիջևանում եղել է շատ հարուստ։ XIX դարի առաջին կեսին նախիջևանցի վաճառական Պողոս Հարությունի Խաթրանյանը[1] առևտուր է արել Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, Թուրքիայում։ Խաթրանյանների ցեղի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գևորգը, գործարար էր։ Նախիջևանում նա կառուցել է աղյուսի գործարան։ Շենքի շքամուտքի պահպանված դռան զարդատախտակին փորագրված է շենքի սեփականատիրոջ ազգանվան առաջին տառը՝ «X» («Խ»)։

1912 թվականին տան սեփականատեր է եղել Գավրիիլ Վասիլևիչ Մազաևը։ Տան արժեքն այդ ժամանակ կազմել է շուրջ 17 500 ռուբլի։ Իսկ Մազաևների ընտանիքի կարողությունը գնահատվում էր միլիոնավոր ռուբլիներ։ Ընտանիքի գլխավորը՝ Իվան Գավրիլովիչ Մազաևը, ունևոր մոլոկան գյուղացի էր, ժամանակին ուղղափառությունից հեռանալու համար աքսորվել էր Տավրիկյան նահանգի Նովովասիլևկա գյուղ։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Բոլշայա Կրեպկայա գյուղ, որտեղ զբաղվել է ոչխարաբուծությամբ։ Մազաևներն իրենց հետքն են թողել պատմության մեջ. նրանք բուծել են մերինոս ոչխարների մի ցեղատեսակ, որը կոչվել է «մազաևյան»։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գերմանական օկուպացիայի օրոք, շենքում գտնվել է գեստապոն, քաղաքի ազատագրումից հետո՝ հոսպիտալ։ Պատերազմից հետո շենքը զբաղեցրել են ռազմական գերատեսչություններ՝ բնակարանային շահագործման զորամասը, իսկ 1980 թվականից շենքում գտնվել է ռազմական օկրուգի պետական սանիտարահամաճարակային հսկողության կենտրոնը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաթրանովի առանձնատունը մեկուկեսհարկանի սվաղած աղյուսե շենք է։ Նրա ճարտարապետությունը լուծված է հին Նախիջևանի բնակելի հատվածի կառուցապատման ավանդույթներով։ Նրա ճակատն անհամաչափ է. շքամուտքն արված է տան ձախ կողմում։ Կիսաշրջանաձև և ուղղանկյունաձև պատուհանները զարդարված են եռանկյունաձև և կիսակլոր զարդաքիվերով։ Ստորին հարկը կոպտատաշ քարից է։ Ճակատի եզրային պատուհանները զարդարում են դորիական օրդերի կիսասյուները։ Քառալանջ տանիքն ունի լսողական պատուհաններ։ Շենքի ճակատը ներկված է երեք գույնով։ Դեկորատիվ տարրերը սպիտակ են։

Շենքի ներսում երկրորդ հարկ է տանում մարմարե սանդուղքը, սենյակների առաստաղները ձևավորված են դեկորատիվ նախշերով։

Երկրորդ հարկով ձգվում է միջանցքը, որի երկու կողմերում տեղակայված են օրիգինալ դեկորով բնակելի սենյակները։ Շենքի մեծ դահլիճի պատուհանները նայում են I Խորհրդային փողոցին։ Դահլիճում բեմը և նվագախմբի համար նախատեսված պատշգամբն առանձնացված են միջնորմերով։ Այստեղ ժամանակին անցկացվել են պարահանդեսներ, տնային ներկայացումներ, համերգներ։ Շենքի շքադահլիճը զարդարված է փայտե դեկորով։ Ներսի դռները դեկորատիվ փորագրված փայտե մակադրակներով են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Халпахчьян О. Х. Архитектура Нахичевани-на-Дону. Ереван : Айстан, 1988. С. 155; Донско-Азовский календарь на 1889 год / ред.‑изд. И. А. Тер-Абрамиан. Ростов н/Д : Типо‑литогр. И. А. Тер-Абрамиан,1888. С. 187.
  • Перечень объектов культурного наследия регионального значения г. Ростова-на-Дону : Официальный портал правительства Ростовской области. URL: http://special.donland.ru/default.aspx?pageid=78746 Արխիվացված 2018-02-06 Wayback Machine [В списке под № 220 – Е. К.]
  • Донско-Азовский календарь на 1891 год / сост. И. А. Тер-Абрамиан. Ростов н/Д Типо-литогр. И. А. Тер-Абрамиан, 1890. С. 196.
  • Вся Донская область и Северный Кавказ на 1901 год : Кн. адм., пром‑сти и торговли / под ред. Д. С. Нейфельда; Изд. А. И. Теръ-Абрамиан. Ростов н/Д : Типо-литогр. А. И. Тер-Абрамиан, 1901. Стб. 210.
  • Вся область Войска Донского на 1899 год : Адрес-календар., торгово-промышл. справ. кн. / сост. Д. С. Нейфельд; Изд. А. И. Тер-Абрамиан. Ростов н/Д Типо-литогр. И. А. Тер-Абрамиан. 1899. Стб. 732.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]