ԽՍՀՄ Շինբանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՍՀՄ Շինբանկ, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համամիութենական բանկ, եղել է ԽՍՀՄ-ում արդյունաբերության, տրանսպորտի, կապի, շինարարական ինդուստրիայի, պետական առևտրի, լուսավորության, գիտության, մշակույթի, առողջապահության, բնակարանային և կոմունալ տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կապիտալ ներդրումների, ինչպես նաև արտասահմանյան երկրներին ԽՍՀՄ տեխնիկական օգնության հետ կապված շինարարական ծախսերի ֆինանսավորման պետական բանկը։

Կազմակերպվել է 1922 թվականին, որպես առևտրա-արդյունաբերական բանկ Արդբանկ։ Սկզբում իրականացրել է արդյունաբերության և առևտրի կարճաժամկետ վարկավորումը, իսկ 1926 թվականին բանկին կից ստեղծվել է արդյունաբերական ձեռնարկությունների ընդլայնման և շինարարության երկարաժամկետ վարկավորման բաժին (ԵՎԲ)։ 1928 թվականին Արդբանկի ԵՎՐ-ի և էլեկտրաբանկի հիման վրա կազմակերպվել է Արդյունաբերության և էլեկտրա-տնտեսության երկարաժամկետ վարկավորման բանկը։ 1932 թվականին այն վերակազմավորվել է Կապիտալ շինարարության, արդյունաբերության, տրանսպորտի և կապի ֆինանսավորման բանկի (ԽՍՀՄ Արդբանկ), որը տնօրինել է ԽՍՀՄ ֆինանսների մինիստրությունը։ 1959 թվականից Արդբանկը ֆինանսավորել է միայն բնակարանային, կուլտուր-կենցաղային, կոմունալ և որոշ այլ տիպի շինարարություններ և վերանվանվել ԽՍՀՄ Շինբանկ։ 1961 թվականից բանկն անմիջականորեն ենթարկվում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին։ ԽՍՀՄ Շինբանկը գործառնությունների ծավալով եղել է իր ժամանակի խոշորագույն աշխարհի ինվենստիցիոն բանկերի մեջ։ Այն երկարաժամկետ վարկեր է տրամադրել կապիտալ ներդրումների փոխհատուցման մինչև 5 տարի ժամկետ ունեցող նորակառույցներին, վերակառուցվող ու ընդլայնվող գործող ձեռնարկություններին (անկախ ներդրումների փոխհատուցման ժամկետներից), եթե մինիստրությունների, գերատեսչությունների, արտադրական ձեռնարկությունների (միավորումների) սեփական միջոցները չեն բավականացնում։ Դրամական միջոցները հատկացվել են միայն ժողտնտեսության զարգացման պլանում նախատեսված կառույցներին ու օբյեկտներին, պայմանով, որ դրանք ապահովված լինեն հաստատված նախագծերով ու նախահաշիվներով։ Բանկը կապալառու կազմակերպություններին (որոնք կատարում են շինարարության և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ) կարճաժամկետ վարկեր է տրամադրել հիմնականում նյութական արժեքների պաշարներ ստեղծելու (պլանի սահմաններում) ն շինմոնտաժային աշխատանքների անավարտ արտադրության ծախսերի համար։ Այն վարկավորել է նաև կոոպերատիվ մարմինների (բնակարանային-շինարարական կոոպերացիայի) ու առանձին քաղաքացիների բնակելի տների շինարարությունը։ Ֆինանսավորման, վարկավորման և հաշվարկային գործառնությունների իրականացման համար բանկը ստեղծում է կանոնադիր, ռեզերվային, սարքավորումների ու երկարաժամկետ վարկավորման, հիմնական միջոցների, ամորտիզացիայի դրամական ֆոնդեր։ Գործել է տնտեսական հաշվարկի սկզբունքով և ռուբլով վերահսկել իր տրամադրած դրամական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, շինարարության պլանների ու արտադրական կարողությունների գործարկման առաջադրանքների կատարումը։

Շինբանկը եղել է միասնական կենտրոնացված համակարգ, միութենական և ինքնավար հանրապետություննեում, երկրամասերում, մարզերում ունեցել գրասենյակներ, բաժանմունքներ, Պետբանկի բաժանմունքներին կից՝ լիազորական կետեր։

ԽՍՀՄ Շինբանկի Հայկական հանրապետական գրասենյակը կազմակերպել և ղեկավարել է Երևանի քաղաքային վարչության, Շինբանկի Երևանի, Լենինականի, Կիրովականի, Հրազդանի, Աբովյանի, Ղափանի, Մասիսի, Սևանի, Արմավիրի, Ալավերդու բաժանմունքների և հանրապետության տարբեր շրջաններում գտնվող լիազորական 25 կետերի աշխատանքը։ Գրասենյակի կողմից ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալը տարեկան կազմել է մոտ 1 միլիարդ ռուբլի, կառույցների թիվը՝ 2500—2700, վերահսկել է կապալառու՝ 211, նախագծային՝ 17 և երկրաբանական հետախուզական 16 կազմակերպության գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 507