Լեոնիդ Ալեքսանդրովիչ Գովորով [10(22)․2․1897, գյուղ Բուտիրկի (այժմ՝ Կիրովսկի մարզում) — 19․5․1955, Մոսկվա, թաղված է Կրեմլի պատի մոտ], սովետական ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1944 թ.), Սովետական Միության հերոս (27․1․1945 թվական)։ ՍՄԿԿ անդամ 1942 թվականից։
1916 թ. զորակոչվել է բանակ, ավարտել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարանը (1917 թ.)։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1926 թ. ավարտել է Հրետանային կատարելագործման դասընթացներ, 1930 թ.՝ Բարձրագույն ակադեմիական դասընթացներ, 1933 թ.՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1938 թ.՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին (1939—1940 թթ.)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գովորովը եղել է Արևմտյան ուղղության, ապա 5-րդ բանակի հրամանատար (1941 թ.)։ 1942 թ. գլխավորևլ է Լենինգրադյան խմբավորման, այնուհետև՝ Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (մինչն 1945 թ. մայիսը)։ Պատերազմից հետո Լենինգրադյան ռազմական օկրուգի հրամանատարն էր, ցամաքային զորքերի գլխավոր հրահանգիչ, 1948 թվականից՝ ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար և ռազմական մինիստրի տեղակալ, 1954 թ. մայիսից՝ հակաօդային պաշտպանության գերագույն գլխավոր հրամանատար ու պաշտպանության մինիստրի տեղակալ։ Գովորովը եղել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952 թվականից), ԽՍՀՄ II — IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի 5, «հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Սուվորովի 1-ին աստիճանի 2, Կուտուզովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի, արտասահմանյան 3 շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 161)։