Լա Ֆոնտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Ֆոնտեն
Ծնվել է1655[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է1738[1][3][4]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերQ19200685?
Մասնագիտությունբալետի պարող և պարուհի

Մադեմուազել Լա Ֆոնտեն կամ դե Լա Ֆոնտեն (ֆր.՝ Mlle Fontaine, La Fontaine, de La Fontaine, 1655[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - 1738[1][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պարուհի, բալետի առաջին պրոֆեսիոնալ կին պարուհին։

Բալետը, որը ծնունդ է առել տղամարդկանց զբաղմունքից` սուսերամարտից, համարվել է բացառապես տղամարդկանց ներկայացում, իսկ կանանց դերերը կատարել են երիտասարդ տղամարդիկ և պատանիներ[5][6]։ Կին պարողները հայտնվել են միայն 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ենթադրվում է, որ ամենաառաջին կին պարողը եղել է ֆրանսուհի մադեմուազել Լա Ֆոնտենը[5][6]։ Նա եղել է առաջին կինը, որը ժամանակագրություններում հիշատակվել է որպես պրոֆեսիոնալ պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1655 թվականին Փարիզում։ Նրա կյանքի առաջին կեսի մասին ոչինչ հայտնի չէ[7]։ Նրա իրական անունը չի հասել մեր օրեր. պաշտոնական ներկայացման ֆրանսիական ավանդույթի համաձայն՝ որպես դիմելաձև նշվել է միայն ազգանունը, իսկ անունը երկար ժամանակ օգտագործվել է միայն մտերիմ մարդկանց միջև, քանի որ այն պաշտոնապես համարվել է անքաղաքավարի և նման է եղել ոչ պատշաճ մտերմության։

Մադեմուազել Լա Ֆոնտենը համբավ է ձեռք բերել 1681 թվականի գարնանը՝ Փարիզի ազգային օպերայի բեմում «Սիրո հաղթարշավը» (Le Triomphe de l'Amour) ներկայացման ժամանակ՝ կոմպոզիտոր Ժան Բատիստ Լյուլլիի երաժշտությամբ, որտեղ առաջին անգամ բոլոր կանանց դերերը կատարել են կանայք[6]։ Հենց այդ ժամանակ Լա Ֆոնտենը հանդես է եկել մենակատարմամբ՝ որպես պրոֆեսիոնալ բալետի պարուհի, ինչը ժամանակի համար եղել է մեծ նորամուծություն[8]։ 1681 թվականի հունվարի 21-ից չորս ամիս առաջ՝ Պիեռ Բոշանի և Լուի Պեկուրի[6] խորեոգրաֆիայով և գլխավոր կատարմամբ այս ներկայացումը տեղի է ունեցել Լուի Արև արքայի և թագուհու ներկայությամբ Սեն Ժերմեն պալատում, որին մասնակցել է նաև Լա Ֆոնտենը՝ որպես արհեստավարժ պարող, ինչպես նաև արքունի ազնվականները, ներառյալ թագավորական ընտանիքը[9]։ Եվ միայն դրանից հետո է այն ցուցադրվել հասարակության առաջ։

Բրիտանիկա հանրագիտարանում նշվում է, որ մադեմուազել Լա Ֆոնտենն աշխատել է նաև այս թատերաբեմի այլ ներկայացումներում՝ «Persée», «Amadis», «Didon», «Le Temple de la paix»[6]: Նրա մասնակցությամբ կյանքի են կոչվել նաև այլ ներկայացումներ՝ «Phaéton» (1683, խորեոգրաֆ՝ Պիեռ Բոշամ) և «Acis et Galatée» (1686, խորեոգրաֆ՝ Պ. Բոշամ)[7]։

Դա եղել է այն ժամանակ, երբ բալետը՝ որպես արվեստի ձև, նոր էր առաջացել, և բալետի որևէ տեխնիկայի մասին խոսք լինել չէր կարող, քանի որ այն դեռ գոյություն չուներ։ Պարողների շարժումները եղել են կաշկանդված՝ պարտադիր ծանր երկարազգեստներով, իսկ կանանց ներկայացումն ինքնին համարվել է օժանդակ։ 17-րդ դարի վերջին բալետի հիմնական դերը դեռևս տրված է եղել տղամարդկանց պարին։ Այնուամենայնիվ, նրա կատարումները, նույնիսկ փոքր դերերում՝ լի նրբագեղությամբ և նրբաձևությամբ, գերել են հանդիսատեսին, որոնք Փարիզի օպերայում նրա քսան տարվա աշխատանքի ընթացքում անվանել են «պարի թագուհի»՝ reine de la danse[10]:

Իր կարիերան ավարտելուց հետո` 1693 թվականին[7], մադեմուազել Լա Ֆոնտենը հեռացել է վանք[6][7]։

Մահացել է 1738 թվականին Փարիզում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Լա Ֆոնտենի դիմանկարը (այդ թվում՝ 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի կեսերի օպերային այլ նշանավոր պարողների քսան դիմանկարներ)՝ նկարիչ Գուստավ Բուլանժեի ստեղծած (1681 թվականի դեբյուտի ժամանակ), գտնվում է Գրանդ օպերայի պարի ճեմասրահի ֆրիզին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Calendrier électronique des spectacles sous l'Ancien Régime et la Révolution (ֆր.) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  5. 5,0 5,1 Article Larousse
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 7,3 Mlle de Lafontaine
  8. «Сайт о танцах». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  9. Le TRIOMPHE DE L’AMOUR Արխիվացված 2007-11-28 Wayback Machine // Энциклопеция «Сesar»
  10. HISTORY OF DANCE Արխիվացված 2017-05-03 Wayback Machine // historyworld.net