Լ'Իլ Ադամ (ֆր.՝ L'Isle-Adam. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ'Ուազ դեպարտամենտում, Ուազ գետի ձախ ափին, Փարիզից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Պոնտուազից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Բովեից 35 կիլոմետր դեպի հարավ[4]։ Ընկած է Փարիզի քաղաքային տարածքի հյուսիսային եզրին, French Vexin տարածաշրջանային ազգային պարկի մոտ[4]։ Ուազ գետը գոտևորում է քաղաքը հյուսիսից ու արևմուտքից, և նրա թաղամասերից երեքը տեղակայված են Ile du Prieuré, Ile de la Cohue և Ile de la Dérivation կղզիներում։ Գետի վրա գցված կամրջով անցնող RD 64 խճուղին Լ'Իլ Ադամը կապում է հանդպակաց ափին գտնվող Պարմե քաղաքի հետ[4]։ Լ'Իլ Ադամ–Պարմե կայարանը երկաթուղով կապ է հաստատում Փարիզի, Պոնտուազի և այլ բնակավայրերի հետ։
Լ'Իլ Ադամն ունի մի շարք պատմական հիշարժան վայրեր, որոնք, ինչպես նաև շրջակա բնությունը գրավել են իմպրեսիոնիստ նկարիչներ Շառլ-Ֆրանսուա Դոբինյիին, Ժան Դրուային... Նշանակալի հուշարձաններից են Սեն Մարտեն եկեղեցին, միջնադարյան ամրոցը, վերջինիս մատուռը։ Parc de Cassan զբոսայգում ուշադրություն են գրավում 18-րդ դարում կառուցված չինական երկու վեցանիստ տաղավար՝ պագոդայատեսք տանիքներով[6]։
Գետի ափին ձգվում է մանրավազ, երկար մի լողափ, որը սիրված ամառային հանգստավայր է դարձել նաև փարիզյան որոշ ընտանիքների համար[7]։ Լիարժեք հանգստի կազմակերպմանը նպաստում են նաև թենիս խաղալու, թիավարելու, այլ մարզաձևերով զբաղվելու համար ստեղծված հարմարությունները, մանկական խաղահրահրապարակը[6]։
Օնորե դը Բալզակը1827 թվականին տեղափոխվել է Լ'Իլ Ադամ՝ ընդունելով քաղաքագլխի հրավերը։ Քրոջը հասցեագրած նամակում նա գրել է. «Tu sais que L'Isle-Adam est mon paradis terrestre.» («Իմացիր, որ Լ'Իլ Ադամն իմ երկրային դրախտն է»)։
Այս քաղաքում Բալզակը գրել է իր «Ամուսնության ֆիզիոլոգիան» երկը։
Քաղաքային զբոսայգին կոչվել է նշանավոր գրողի անունով։